Կարծիք

30.05.2009 15:14


Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է

Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է

Վերջերս հայ-թուրքական գործընթացի շուրջ միանգամայն տեղին բանավեճերը, այնուամենայնիվ, շեղել են բոլորիս ուշադրությունը մեր ազգային անվտանգությանը հավասարապես սպառնացող մեկ այլ կարևոր խնդրից: Խոսքը տնտեսության մասին է:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները ապացուցում են, որ տնտեսությունը ազատ անկման մեջ է: 2009 թ. առաջին չորս ամիսներին համախառն ներքին արդյունքը նվազել է 9,7 տոկոսով: Սա արդեն սպառնում է վերածվել երկնիշ տնտեսական անկման: Հայաստանում աղքատությունը, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել էր, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ կաճի 4-6 տոկոսով: Գործազրկության աճող տեմպերը հետզհետե ավելի տեսանելի են դառնում: ,Տնտեսություն և արժեքներե կենտրոնի հետազոտությունների համաձայն, գործատուների 40 տոկոսը նախատեսում է աշխատատեղեր կրճատել:

Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, և համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է: Կառավարության արձագանքը համաշխարհային տնտեսական ճգնաժամին այսօր ուղղված է ենթակառուցվածքների վերականգնմանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով աղետի գոտում շինարարության, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի բարեկարգման, ճանապարհաշինության ծրագրերի, ինչպես նաև ,մոնումենտալե նախագծերի վրա, օրինակ՝ նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթուղու նախագծերը: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի երկրորդ ուղղությունը աջակցությունն է իրենց արտադրանքն արտահանող և տեղական հումք օգտագործող մասնավոր ձեռնարկություններին: Եվ վերջապես, կառավարությունը ծրագրում է լրացուցիչ վարկավորում տրամադրել փոքր և միջին բիզնեսին, վերջերս նաև որոշում է կայացվել շինարարական ընկերություններին աջակցելու մասին:

Այս ամենը չափազանց քիչ է, խիստ ընտրովի և շատ դանդաղ: Ենթակառուցվածքների զարգացումը և բարեկարգումը արդեն իսկ բյուջեի մշտական հոդված է, և այս ուղղություններից յուրաքանչյուրի համար հասանելիք գումարը փոքր է զգալի արդյունքներ տալու համար: Մյուս խնդիրն այն է, որ այս տնտեսական բանաձևի երկու նոր խոշոր բաղկացուցիչները՝ ատոմակայանը և Իրան-Հայաստան երկաթգիծը, հեռահար խոշոր ծրագրեր են, որոնց իրագործումը, իրականացվելու դեպքում, տարիներ կպահանջի: Ուստի դրանք չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ այսօրվա մտահոգիչ իրավիճակի շտկման վրա: Այս համադրումը նշանակում է, որ բոլոր վերը նշված ծրագրերը, լավագույն դեպքում մի փոքր կդանդաղեցնեն անկումը, բայց նոր տնտեսական աճի համար գործնական դեղատոմսեր չեն առաջարկի:

Հայաստանի տնտեսական անկման պատճառներից մյուսը ժամանակավրեպ հարկային բարեփոխումների քաղաքականությունն է, որը միտված է արդեն գոյություն ունեցող հարկային ռեսուրսների բացահայտմանն ու մաքսիմալ օգտագործմանը: Իհարկե, բարեփոխումները չպետք է դադարեցվեն ճգնաժամի ընթացքում: Բայց ճգնաժամը հնարավորություն է ընձեռում նախաձեռնելու ավելի համարձակ, հեռահար բարեփոխումներ, որոնք նպատակ կունենան խթանելու տնտեսության աճը, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի ավելացնել հարկային եկամուտները: Վարչարարական բարեփոխումներն այսօր ուղղված են բյուջեի մուտքերն ապահովելուն, չնպաստելով և նույնիսկ խանգարելով տնտեսության զարգացմանը: Կարելի է արդեն գրանցված, կայացած ձեռնարկություններից հաշվիչ- դրամարկղային կտրոն պահանջել: Կարելի է նաև արդարացնել փոքր ձեռնարկություններում հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման պահանջը: Բայց այս ամենը պարտադրելը հիմա, երբ կանխիկի հոսքն արդեն իսկ անհամեմատ նվազել է, նշանակում է բյուջեն լցնելու համար «քամել» կանխիկի վերջին կաթիլը՝ փոքր բիզնեսի գոյատևման հաշվին:

Խոշոր ձեռնարկություններում հարկային մարմինների ներկայացուցիչների տեղակայման նոր նախաձեռնությունը նույնպես հապճեպ և լավ չմտածված որոշում է, որն ակնհայտորեն անարդյունավետ է լինելու: Օրենքի հավասար կիրառումն ապահովելու քաղաքական կամքի բացակայության պայմաններում վերակացու-վերահսկիչների բանակը ոչ մի կերպ չի ավելացնի հարկային մուտքերը:

Այլ խոսքերով՝ եթե մենք ճգնաժամին արձագանքենք կարճաժամկետ խնդիրները լուծելով, բյուջեն լցնելու՝ այս պահի նպատակն իրականացնելով, մենք կկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, և կբացառենք հետագայում տնտեսական աճի հնարավորությունը:

Առանձին քննարկման թեմա է նաև օտարերկրյա վարկերի օգտագործման խնդիրը: Այդ միջոցները հաջորդ մի քանի տարիների համար կարող են կազմել մինչև մեկ միլիարդ դոլար: Դրանց արդյունավետ օգտագործումից է մեծապես կախված լինելու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Սրանք էժան վարկեր չեն, և դրանց առկայությունը էապես մեծացնելու է արտաքին պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում: Վարկային միջոցների ճիշտ օգտագործման, այսինքն՝ դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու դեպքում միայն հնարավոր կլինի խուսափել ճգնաժամի առավել խորացումից: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված՝ վարկերի անարդյունավետ վատնումը կարճաժամկետ խնդիրների լուծման համար անհնար կդարձնի տնտեսության վերականգնումը առաջիկա տարիներին:

Մենք չենք կարող վատնել մեր երեք հիմնական ռեսուրսները՝ փողը, ստեղծագործական մոտեցումը և մարդկային կապիտալը: Լուծումը արտադրողականության բարձրացումն ու փողը դեպի սպառողի գրպանն ուղղելն է, որպեսզի այն ծախսվի՝ պահանջարկ առաջացնելով և տնտեսությունը խթանելով: Միջոցները պետք է հնարավորինս արդյունավետ ուղղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնք իրենց հետ հույս կբերեն, ինչը տնտեսության կայունության կարևորագույն բաղկացուցիչն է:

Կարելի է օգտվել խորը ճգնաժամը հաղթահարած այլ երկրների օրինակից: ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելթը օգտվեց երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածից՝ երկիրը խորը ճգնաժամից դուրս բերելու համար, շեշտը դնելով նոր, ստեղծագործ, ոմանց համոզմամբ՝ հեղափոխական ծրագրերի վրա: Ռուզվելթը հրավիրեց փորձագետների մի հատուկ խումբ, որոնք մշակեցին այնպիսի ոչ կոնվենցիոնալ ծրագրեր, որոնք շտկեցին քայքայված սոցիալ-տնտեսական իրավիճակը և կայունություն և հույս բերեցին:

Չեմ ուզում համեմատություններ անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ոչ էլ հավակնում եմ վերջնական դեղատոմս առաջարկել մեր տնտեսական խնդիրների լուծման համար, բայց մի բան ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում սովորական գործելակերպը՝ ,business as usualե, անընդունելի է: Անհրաժեշտ է նոր, համարձակ, համապարփակ քաղաքականություն, որը կենթադրի հանրայինի և մասնավորի միջև ավելի սերտ, աշխույժ ու փոխշահավետ համագործակցություն: Այլ կերպ ասած՝ կառավարության առավել մեծ ներգրավվածություն աշխատատեղերի ստեղծման, առաջնային խնդիրների լուծման և տնտեսական աճի ապահովման գործում:

Ծրագրերից մեկը կարելի է ուղղել գյուղական բնակավայրերի տնտեսական իրավիճակի բարելավմանը: Սուբսիդավորումից մինչև զեղչերը և հարկային արտոնությունները կարող են զգալիորեն աշխուժացնել գյուղատնտեսությունը, ինչն անպայման կարտացոլվի տնտեսության վրա: Գյուղատնտեսությունը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը: Մեր բնակչության մեկ երրորդի գոյատևումը կախված է բնության բարիքներից և կառավարության իմաստնությունից:

Նույնքան կարևոր է երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը թե' քաղաքներում, թե' գյուղերում: Շրջակա միջավայրի մաքրման և պահպանության միանվագ, ծավալուն ծրագիրը կարող է մի շարք դիվիդենդներ բերել: Հազարավոր երիտասարդների համար կարելի է ստեղծել մի քանի տարվա աշխատատեղ՝ երկրի քաղաքներն ու գյուղերը մաքրելու, ճանապարհները, փողոցները, կամուրջներն ու դաշտերը կարգի բերելու, աղբից ազատելու նպատակով: Սա նոր տեսք կպարգևի երկրին, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, երիտասարդներին կկապի իրենց երկրին ու հողին, և, որ ամենակարևորն է՝ կբարձրացնի նրանց գնողունակությունը, ինչն իր ներդրումը կունենա պահանջարկի ստեղծման և տնտեսության խթանման գործում:

Սրանք պարզապես օրինակներ են, որոնք վերցված են այլ երկրների հաջողված փորձից: Թե Հայաստանի համար ինչ համարժեք ծրագրեր կարող են իրականացվել, պետք է որոշվի Հայաստանում բաց և խորը քննարկումների արդյունքում:

Բայց նման նորարարական ծրագրերի համար անհրաժեշտ են մի շարք համարձակ քայլեր, որոնք կբերեն տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարում իրական արդյունքների և քաղաքական խնդիրների լուծման: Անհրաժեշտ է գիտակցել, որ ոչ զարգացումը, ոչ տնտեսական աճը բացառապես տնտեսական գործընթացներ չեն: Բաց, ազնիվ և բարդ քննարկումները, որ անհրաժեշտ են նման ճգնաժամերի ընթացքում ռեսուրսները համախմբելու և աջակցություն ստանալու համար, պահանջում են հեղինակություն և լեգիտիմություն, ոչ թե ուժ և իշխանություն: Հայաստանում տնտեսական ռեսուրսների մեծագույն կորուստը քաղաքական և ոչ թե տնտեսական բնույթ ունի: Մեր հասարակությունը բևեռացված է, կառավարողների և կառավարվողների միջև հսկայական ճեղքվածք կա:

Քաղաքական ճգնաժամը կարող է մեղմվել մաքուր և արդար քաղաքային ընտրություններով: Նորմալ ընտրություններով ձևավորված քաղաքային իշխանությունը կթուլացնի քաղաքական լարվածությունը և հնարավորություն կտա իշխանություններին գտնելու բանաձև՝ ձերբակալված քաղաքական գործիչներին ազատ արձակելու համար, քանի որ նրանց անազատության մեջ գտնվելու փաստը լուրջ քաղաքական խնդիր է և խոչընդոտ՝ ամեն տեսակի, ներառյալ՝ տնտեսական զարգացման համար:

  Վարդան Օսկանյան, ՀՀ ԱԳ նախկին նախարար «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր

«Առավոտ» օրաթերթ, 29.05.2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը