Լրահոս

23.06.2012 13:23


Քաղաքական ճգնաժամ Պարագվայում. նախագահին պաշտոնանկություն են հայտարարել

Քաղաքական ճգնաժամ Պարագվայում. նախագահին պաշտոնանկություն են հայտարարել

Պարագվայի խորհրդարանի Վերին պալատը երեկ կողմ է քվեարկել երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյի պաշտոնանկությանը՝  նրան ստիպելով հրաժարական տալ։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն:

Խորհրդարանը նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսել էր հինգշաբթի օրը՝ որպես հիմք ընդունելով Լուգոյի գործողություններն անցած շաբաթ գյուղացիների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների առնչությամբ. այդ ժամանակ  17 մարդ էր զոհվել:

Ինքը՝ նախագահը,  խորհրդարանականների գործողությունները որակել է որպես պետական հեղաշրջման փորձ։ Գործընթացի սկզբում նա ընդդիմացել էր պաշտոնանկությանը, սակայն ավելի ուշ ընդունել այն` շեշտելով, սակայն, թե օրենսդրությունը կամայական է մեկնաբանվել: Լուգոյի փաստաբաններն արդեն  երկրի Գերագույն դատարանում բողոքարկել են։

Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ քննադատել են Պարագվայի խորհրդարանի որոշումը։

«Որևէ կասկած չկա, որ Պարագվայում պետական հեղաշրջում է տեղի ունեցել, դա անընդունելի է»,–նշել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները:

 Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունում «անօգուտ և ապօրինի» կառավարությանը, որն իշխանության է եկել Պարագվայում: Նմանատիպ կարծիքներ են հայտնել նաև Չիլին, Նիկարագուան և Բոլիվիան:

Լատինական Ամերիկայի առաջնորդները նաև միասնական հայտարարությամբ են հանդես եկել, որում միջազգային հանրությանը կոչ են անում Լուգոյի պաշտոնականությունը չճանաչել:

Այս խորագրի վերջին նյութերը