ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի իրավապահներին հրաձգարան նվիրաբերեց
Հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացեցին ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ իրավապահ համակարգին նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաեւ վարչական գրասենյակներ եւ ծառայողական տարածք:
Այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում եւ արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ծանոթացան տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաեւ փորձեցին իրենց հմտությունները: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասաց՝ «Շատ ուրախ եմ գտնվել հրաձգարանի բացման արարողությանը: Ձեր ոստիկանները լավ պատրաստված են: ԱՄՆ կառավարությունը ուրախ է օժանդակել Հայաստանի կառավարությանը եւ իրավապահ մարմիններին՝ իրենց կարողությունները հզորացնելու եւ հմտությունները զարգացնելու գործում»:
Դեսպան Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, դրանցում, մասնավորապես, ընդգծելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դերակատարումը: «Շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք, որովհետեւ Ձեր նշանակումից հետո դուք կառուցում եք մի համակարգ, որը նպաստում է կարեւոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի եւ ոստիկանության միջեւ»:
Շնորհակալություն հայտնելով նվիրաբերության համար՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց համագործակցությունը, որում գերակշռողը մարդկային հարաբերություններն են: «Ես շնորհակալ եմ,- ասաց նա,- որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները եւ աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»:
Նշենք, որ հրաձգարանում կարող են մարզվել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի իրավապահներին հրաձգարան նվիրաբերեց