Լրահոս

22.06.2012 16:12


ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած  Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին,  Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաև շփման գծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:

Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների  ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորեցին Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Որպես քաղաքական երկխոսության  առաջընթաց գնահատվեց մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պատվիրակները վերահաստատեցին իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին

Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին: 

Այս խորագրի վերջին նյութերը