Լրահոս

22.06.2012 14:05


«Աստրա Կրիստալս»–ի վճարման ժամկետը կառավարությունը հետաձգել է

«Աստրա Կրիստալս»–ի վճարման ժամկետը կառավարությունը հետաձգել է

ՀՀ կառավարությունը որոշել է «Աստրա Կրիստալս» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. հունիսի 1-ից մինչև 2014 թ. փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. հունիսի 1-ը։ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և նախատեսում է կազմակերպել տեխնիկական բյուրեղի աճեցման և մշակման, ինչպես նաև տեխնիկական սապֆիրի մաքուր հումքի տեղական արտադրություն։ Ռուսական և չինական նորագույն տեխնոլոգիայով ու սարքավորումով հագեցած նոր գործարանն ամսական կարտադրի մոտ 2 տոննա բյուրեղ և 3 տոննա մաքուր հումք։ Վերջնական արտադրանքը միտված է լինելու դեպի լուսադիոդային շուկա, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը։ Սարքավորումների ձեռքբերման համար ներդրվելու է շուրջ 4.2 մլրդ դրամ, ստեղծվելու է առնվազն 20 որակյալ աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության շուկաներում։ «Մենք այս գործարանում եղել ենք, - ասել է վարչապետը։ - Ներկրվում են ժամանակակից իտալական սարքավորումներ։ Առաջին սարքավորումն արդեն գործարկվել է, և բյուրեղների աճեցման գործընթացն իրականանում է։ Մեծ ծավալի արտահանում ենք ունենալու այս ձեռնարկության գործարկման շնորհիվ։ Այնպես որ այս տարվա մեր արդյունաբերական քաղաքականության կարևորագույն նվաճումներից մեկը կլինի այս ձեռնարկությանն օժանդակելը»։

Այս խորագրի վերջին նյութերը