Լրահոս

22.06.2012 13:50


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ և բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձևավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաև կխթանի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը:

Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը