Մեկնաբանություն

30.05.2009 14:08


Տեղեկատվական հասարակությունն ու վիրտուալ Հայաստանը

Տեղեկատվական հասարակությունն ու վիրտուալ Հայաստանը

21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների դար է։ Դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության կամ գիտության մի ճյուղ կամ բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ խոսք չասեն։ Ցավոք սրտի, խոսքերս մեծ հաշվով չեն վերաբերում մեր երկրին, որտեղ այսօր էլ շատերը բարձր տեխնոլոգիաներ ասելով՝ հասկանում են «վեռչի պենծիում» համակարգիչ կամ ավտոմատ լվացքի մեքենա։ Մեր կառավարությունները բարձր տեխնոլոգիաները վաղուց են գերակայություն հայտարարել, բայց արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացման, տեղեկատվական հասարակության ձևավորման համար տարածաշրջանային վիրտուալ քաղաք-կենտրոններից այն կողմ չեն անցել։ Տուրք տալով ճշմարտությանը՝ պետք է նկատենք, որ նախաճգնաժամային «լեն ու բոլ» տարիներին կոնֆերանսների, արտագնա ծաղկաձորյան ու դիլիջանյան սեմինարների վրա տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվել։ Ճիշտ է, մի որոշ բան նստվածք տվեց. փասիանս խաղալուց անցել ենք «ադնակլասնիկ» խաղալուն, բայց՝ ընդամենը...

Մոդայից հետ չմնալու համար ամեն անկյունում հայտարարում ենք, հատկապես՝ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը, թե կոռուպցիայի դեմ պայքարն օպտիմալացնելու, քաղաքացիներին ժամանակակից ու որակյալ ծառայություններ մատուցելու համար երկիրը պետք է դնենք էլեկտրոնային կառավարման «ռելսերին»։ Հանուն արդարության պետք է ասել, որ անգամ Վրաստանում էլեկտրոնային կառավարման գործող տարրեր կան, չնայած որ Ներսես Երիցյանն իր վարչապետի հետ միասին մինչև հիմա էլ կառչած է Հայաստանը տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոն դարձնելու սևեռուն գաղափարից։ Իհարկե, դրա համար Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի՝ կադրեր, տեխնոլոգիաների մշակման փորձ և հմտություն։ Բայց երևի ավելի լավ է հայտարարություններից այն կողմ չգնալ, որովհետև եթե չինովնիկը քաղաքացուց կաշառք չառնի, բա շեֆին ի՞նչ տա, եթե շեֆը ոլորտը գերակայություն հայտարարի, բայց Էստոնիայի էլեկտրոնային կառավարման էժանագին ու կիսատ-պռատ ծրագիրը լոբինգ չանի, ինչո՞վ «ջիփեր» ու վիլլաներ առնի։

Այսօր հսկայական միջոցներ են ծախսվել էլեկտրոնային տեխնոլոգիական կենտրոններ ստեղծելու համար, բայց դրանք բուն նպատակին ծառայեցնելու փոխարեն՝ հակերական գործիք ենք դարձրել։ Տեղեկատվական պատերազմում հակառակորդ կողմին անպատիժ թողած՝ պետական գերատեսչությունների ռեսուրսները վատնում ենք նախընտրական սև տեխնոլոգիաների վրա։ Այդպես էլ ստացվում է, որ առանց տեղեկատվական հասարակություն դաստիարակելու՝ վիրտուալ Հայաստան ենք կառուցել. բայց ու՞մ համար։

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը