Լրահոս

21.06.2012 15:50


Հրանտ Բագրատյանի ելույթը ՀԱԿ խմբակցության անունից

Հրանտ Բագրատյանի ելույթը ՀԱԿ խմբակցության անունից

Հարգելի պատգամավորներ։
Կառավարության ծրագրի քննարկումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության համար բավականին լուրջ տնտեսական ու քաղաքական պայմաններում։ Սա շանս է փորձելու համար հասկանալ արվածը նախկին 5 տարիներին և առանձնացնելու առաջիկայում անելիքը։ ՀԱԿ խմբակցությունը քննարկել է ՀՀ կառավարության գործունեության այս ծրագիրը և եկել եզրակացության, որ այն բացարձակապես չի համապատասխանում մեր իրականության պահանջներին։ Մասնավորապես, կառավարությունը չի փոձել վերլուծել նախորդ 5 տարիներին կատարածը և դրա հիման վրա ներկայացնել առաջիկա ժամանակաշրջանի համար կոնկրետ գործողությունների ծրագիր։
Եվ այսպես, ի՞նչի են հասել ՀՀ իշխանությունները 2007-2011թթ։
1. Խոստացած 47-61% տնտեսական աճի փոխարեն ունենք 10.9%, այն էլ 2007թ 13.7% աճի հաշվին։ Արժե հիշել որ այս 13.7%-ն էլ տեղի է ունեցել 2007-ին հեռահաղորդակցության ոլորտում ակտիվների առուծախի հետևանքով։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահ և Տիգրան Սարգսյանի վարչապետ աշխատելու ընթացքում (2008-2011թթ) ՀՀ տնտեսությունը նվազել է շուրջ 3 տոկոսով այն դեպքում, երբ աշխարհում տնիտեսական աճը կազմել է 7.8%։ Այս վերջին փաստը ի դերև է հանում իշխանությունների փաստարկն առ այն, թե ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է մեզանից դուրս գտնվող արտաքին գործոններով։ Ամենևին, անկման 85%-ը մենաշնորհների վրա հիմնված օլիգարխիկ տնտեսությունն է՝ ՀՀ բարձրագույն իշխանության (նախագահ, վարչապետ) ներգրավմամբ։
2. 2007-2011 ՀՀ լքել է 157 հազ մարդ։
3. 2007-2011թթ աղքատությունը 23%-ից հասել է 36%-ի։ Բնական է, որ տնտեսության խոստացված ապակենտրոնացումը տեղի չի ունեցել. Աղքատության աճն ինքստինքյան նշանակում է հարուստների ու օլիգարխների տեսակարար կշռի էլ ավելի բարձրացում։
4. Երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար։ Այդ ընթացքում արտաքին պարտքը ավելի քան կկրնապատկվել է։ Ի՞նչպես կարելի է գլուխ գովել, թե չնայած ճգնաժամին միակ պետությունն ենք որ աշխատավարձներն ու թոշակները վճարել ենք։ Սա կատարյալ սուտ է, հնչեցրած վարչապետի բերանով։ Նախ, աշխատավարձերի ու թոշակների վճարումը կատարվել է արտաքին պարտքն ավելի քան կրկնապատկելու հաշվին։ Ստացվում է, որ ոչ թե կառավարությունն է վճարել մեր աշխատավարձերն ու թոշակները, այլ երեխաներն ու թոռները։ Եվ երկրորդ, ի գիտություն վարչապետի, աշխարհում շատ երկրներ, այդ թվում ճգնաժամի ժամանակ հսկայական անկում թույլ տվածները, ոչ միայն ամբողջությամբ վճարել են աշխատավարձերը, այլև ապահովել գների համեմատ եկամուտների առաջանցիկ աճ։
5. Շուրջ 270 հազ մարդ գործազուրկ է՝ չնայած պաշտոնական հաշվառման մեջ են 73 հազարը։ Բոլոր այդ տարիներին ստեղծվել ընդամենը 1800 աշխատատեղ։
Այսպիսով, վիճակը չի լավացել, այլ ճիշտ հակառակը՝ վատացել է շեշտակիորեն։ Հայաստանի նորագույն (1990թ ի վեր) պատմության մեջ առաջին անգամն է, որ աճի փոխարեն անկում թույլ տված կառավարությունը հրաժարական չի տալիս և գրեթե նույն կազմով փորձում է շարունակել կառավարել։ 1990- ականների սկզբին տնտեսական անկում թույլ տված անկախ Հայաստանի առաջին 3 վարչապետները հրաժարական են տվել, չնայած ունեին շատ ավելի լուրջ պատճառներ. ԽՍՀՄ քայքայում և պատերազմ։ Այդ մարդիկ գոնե իրենց ավանդն ունեին հաղթական պատերազմի մեջ։ Անհամեմատ ավելի լավ վիճակում գտնվող ներկա կառավարությունը վարչապետի գլխավորությամբ համառորեն կառչում է աթոռից։ Այս համեմատությունը ցույց է տալիս, թե արժեքների ու պետական մտածելակերպի ի՞նչ անկում է եղել վեջին տարիներին։
Զգալիորեն թուլացել է նաև երկրի արտաքին հեղինակությունը։ Աշխարհի մասշտաբով պարբերաբար հրատարակվող գրեթե բոլոր ինդեքսների գծով Հայաստանը արձանագրել է հետընթաց։ Կոռուպցիայի ու ստվերային տնտեսության ինդեքսով 99-րդ տեղից նահանջել ենք 127-րդ և 129-րդ տեղերը (151 երկրների մեջ), տնտեսության ազատականության ինդեքսով (ուր միշտ առջևից էինք ընթանում) նահանջել ենք 2 անգամ, մրցակցության ինդեքսով 72-րդ տեղից իջել ենք 92-րդը և այլն։ Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանը 98-րդ տեղից իջել 119-րդ տեղը։ Եվ սա ընդամենը 5 տարում։ Անկում է ապրում ծնելիությունը, աճում է մահերի թիվը։ Շուրջ 1.5 անգամ ավելացել է ինքնասպանությունների թիվը, իսկ հանցագործությունները կրկնապատկվել են։
Այս պայմաններում, փոխանակ կատարելու որևէ լուրջ վերլուծություն, փորձելու հասկանալու և շտկելու սխալները, կառավարությունը ԱԺ է ներկայացրել մի ծրագիր, որն ավելի շուտ ընդհանրական ցանկությունների շարան է։ ՀԱԿ խմբակցությունը գտնում է, որ կառավարության ծրագիր կոչված փաստաթուղթը պետք է լինի բավականաչափ կոնկրետ այն աստիճանի, որ դրանից որոշակի պարտականություններ բխեն։ Տպավորություն կա, որ իշխանությունները հիասթափված նախորդ ծրագրի ձախողումներից, այս անգամ որոշել են բավարարվել ընդհանրական, ագրեգացիայի բարձր աստիճան ունեցող մերկպարանոց հայտարարություններով։ 45 էջանոց թղթում կա ընդամենը 9 թիվ։ Ծրագիրը կարդալուց հետո չես հասկանում, ի՞նչ է նպատակը։ Ի վերջո այն չի կարող ընդհանրական բարոյական քարոզների բնույթ կրել։ Ի՞նչ է ստանալու մարդը, քաղաքացին այս ծրագրից, պարզ չէ։ Չ՞է որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ վերջին տարիների գների աճն ավելի բարձր է եղել, քան անվանական աշխատավարձի դինամիկան։ Կոնկրետ անելիքների բացակայությունը ծրագրում բնականաբար հանգեցնելու է նրան, որ ոչ ՀՀ նախագահը, ոչ կառավարությունը և ոչ էլ նախարարությունները որևէ կոնկրետ պատասխանատվություն չեն կրում։ 2012-2017թթ ինչ էլ լինի, կարելի կլինի ասել որ ծրագիրը կատարվել է։ Ամբողջ ծրագիրը շատախոսին բնորոշ երկարաշունչ ֆրազաների մի հեղեղ է. անբովանդակ, անհասցե։
Մարդիկ սպասում են, թե ի՞նչ են ստանալու այս ծրագրից։ Ինչ որ թվեր ենք կարդում թոշակների ու նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։ Ամեն տարի 1-2 հազար դրամով թոշակները բարձրացնելիս կառավարությունը իսկական շնորհանդես է սարքում։ Սեկը հարցնող լինի բա գները։ Ի վերջո դա բարձրացում չի։ Ի վերջո նույնիսկ այդ անվանական ողորմելի բարձրացումը հո ձեր շնորհքը չէ։ Մարդիկ ամբողջ կյանքում ամսեկան հատկացումներ են արել կենսաթոշակային ֆոնդին։ Հիմա բարի եղեք միջին աշխատավարձի նկատմամբ սահմանել միջին կենսաթոշակի չափը գործակցով և յուրաքանչյուր եռամսյակ ավտոմատ փոխեք կենսաթոշակը՝ կախված միջին աշխատավարձի փոփոխությունից։
Կենսական հարց է ԽՍՀՄ խնայբանկի ավանդների հարցը։ Այն չնչին փոխհատուցումը, որն արվել է վերջին տարիներին չի համապատասխանում ավնդատուների ու նրանց հետնորդների պահանջներին։ Նույնիսկ վաղ 90-ականներին, երբ պատերազմի ու ԽՍՀՄ քայքայման հետևանքում միջոցների սղություն էր նկատվում, կառավարությունը այդ ավանդները հայտարարեց պետական պարտք։ Մնում է այն ձևակերպել, ավանդատուներին ու նրանց հետնորդներին բաժանել համապատասխան արժեթղթեր և սկսել այդ պարտքը սպասարկելը։ Դրանից հետո պետք է վերջ տալ ավանդների պատրվակով ԱԺ-ում քաղաքական միավորներ հավաքելուն։
Հատկապես զարհուրելի է ծրագրի այսպես կոչված տնտեսական աճի քաղաքականություն բաժինը։ Առանց բացառության գրեթե բոլոր բաժինները ընդհանրական, դպրոցական շարադրության մակարդակով գրած ցանկություններ են։ Վերցնենք, օրինակ, էներգետիկան։ Այստեղ հարցերի հարցը գործող ատոմակայանի շահագործման դադարեցումն է (բոլոր ժամկետներն անցել են) և նորի կառուցումը։ Մինչդեռ կառավարությունը խոստանում է սոսկ “շարունակել հայկական ատոմակայանի էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները”։ Մեզ այսօր հետաքրքրում է մեկ հարց. Ե՞րբ է սկսվելու շինարարությունը, եր՞բ է գործարկվելու նոր էներգաբլոկը և ե՞րբ է դադարեցվելու գործողի աշխատանքը։ Չլուսաբանելով այս կարևոր հարցերը ծրագրի այ բաժնում կառավարությունը ընդհանուր մտքեր է արտհայտում էներգետիկ անվտանգության բարձրացման, հետևողական տեխնիկական վերազինման, ներուժի օգտագործման և այլնի մասին։ Եվ 45 էջանոց փաստաթղթում այսպիսի 20 բաժին։
Այսօր հանրապետությունը բերանն առած սպասում է, թե ի՞նչ է արվելու այս օլիգարխիկ համակարգը վերացնելու , քրեական տարրերին տնտեսությունից ու քաղաքականությունից դուրս մղելու ուղղությամբ։ Որևէ լուծում չկա։ Կառավարությունը փաստում է, որ չի տիրապետում կամ չի ցանկանում տիրապետել տնտեսությունը ապակենտրոնացնելու գործիքներին։
Առանցքային հարցերից են կառավարման ու ինքնակառավարման փոխհարաբերությունը, հանրային ֆինանսների տնօրինումը, բիզնեսի, մասնավոր սեփականության ու իշխանության տարանջատումը։ Դժբախտաբար այս խնդիրներին լուրջ անդրադարձ չկա՝ բացառությամբ 1-2 մակերեսային մտքերի։
Ծրագրում որևէ կոնկրետ առաջարկ չկա դատական համակարգը բարելավելու ուղղությամբ, չի առաջարկված կոռուպցիայի մեջ թաղված կառավարության գործունեության բարելավման գեթ 1 միջոցառում։ Կառավարությունը հարկ չի համարել անդրադառնալ քաղաքական բարեփոխումներին, կառավարման համակարգի փոփոխություններին։
Ծրագրում գեթ մեկ նախադասություն չկա պատերազմական գործողությունները վերսկսվելու պարագայում տնտեսության կազմակերպման ու վարման մեթոդների, այլընտրանքային ապահովման մեխանիզմների ու գործողությունների մասին։
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը գտնում է, որ ծրագրում հստակ պետք է արտացոլված լինեին նաև ՀՀ-ում ընտրական մեխանիզմները կատարելագործելու, ընտրակաշառքները վերացնելու, իշխանության ուզուրպացիան բացառելու առաջարկությունները։
ՀԱԿ խմբակցության կարծիքով, նույնիսկ լավագույն ցանկության դեպքում ներկայացված ծրագիրը չի կարող հավակնել առաջիկա տարիներին երկրի ուղեցույցը հանդիսանալու դերին։ Մենք կոչ ենք անում միահամուռ դեմ քվեարկել այս ծրագրին և համատեղ ջանքերով անհապաղ սկսել երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրական ծրագրի մշակման աշխատանքները։

Այս խորագրի վերջին նյութերը