Լրահոս

21.06.2012 18:35


Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում ավարտվեց կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագիրն ընդունվեց միայն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների պատգաավորների կողմ քվեարկությամբ: Մյուս չորս խմբակցությունները՝ Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը և Ժառանգությունը դեմ քվեարկեցին:
Հայտնի է, որ ժողովրդի կամքի իրական արտահայտությունը խորհրդարանական ընտրությունների համամասնական արդյունքներն են: Եվ նույնիսկ կեղծված ընտրությունների արդյունքներով՝ համամասնականի կտրվածքով կառավարության ծրագիրը փաստորեն չի ստացել ժողովրդի հավանությունը: Այսինքն՝ ծրագրին դեմ քվեարկած կուսակցությունները համամասնականով ավելի շատ ձայն են ստացել, քան կողմ քվեարկածները:
Կարելի է եզրակացնել, որ կառավարության ծրագիրն ընդունվեց իսկական քաղաքական մեծամասնության կամքին հակառակ:

Կցանկանայի անդրադառնալ նաև վարչապետի ամփոփիչ ելույթում հնչած երկու խնդրի, որոնք նաև ես էի բարձրացրել:
Վարչապետն ասաց, որ իր կառավարությանը քննադատում են, որ չի կարողացել 2008թ․ ճգնաժամը կանխատեսել: Շարունակելով՝ նա նշեց, որ նույնսիկ ամենահզոր երկրները չկարողացան կանխատեսել ճգնաժամը:
Իսկապես, Տիգրան Սարգսյանի կառավարությանը չի կարելի քննադատել ճգնաժամը կանխատեսել չկարողանալու մեջ: Խնդիրն այն է, որ վարչապետը 2008թ. հոկտեմբերին, երբ Միացյալ Նահանգներում էր, ճգնաժամն արդեն բավական խորացել էր, սնանկացել էր Lehman Brothers խոշոր ներդրումային բանկը, պղնձի միջազգային գինը 7000 դոլարից իջել էր 4000-ի։ Սակայն, երբ վարչապետը վերադարձավ Հայաստան, ընդամենը երկու շաբաթ անց ներկայացրեց 9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջե:
Վարչապետի սխալն այն էր, որ ոչ թե չկարողացավ կանխատեսել, այլ պարզապես տեսնել ճգնաժամը և համապատասխան հետևություններ անել Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների մասին: Կարծում եմ՝ այդ օրերից դեռ շատ կհիշվի «Հայաստանը անվտանգ կղզի է անկայուն օվկիանոսում» արտահայտությունը: Կառավարության՝ ճգնաժամը դիմագրավելուն պատրաստ չլինելը հիմնական պատճառներից մեկն էր, որ աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումն արձանագրվեց հենց մեր երկրում:
Վարչապետն իր ամփոփիչ ելույթում նաև ասաց, որ իրենց քննադատում են ճգնաժամի ժամանակ ոչ ընդլայնողական քաղաքականություն վարելու համար, մինչդեռ իրենք, ըստ նրա, 2009թ. վարել են ընդլայնողական քաղաքականություն: Որպես դրա օրինակ՝ վարչապետը նշեց բյուջեի մինչև 8 տոկոս դեֆիցիտը, ինչպես նաև պետական պարտքի ավելացումը: Նա եզրակացրեց, որ եթե քննադատում են, որ պարտք է ավելացել, թող բարի լինեն արձանագրել, որ ընդլայնողական քաղաքականություն է վարվել։
Վարչապետի այս պատճառահետևանքային տրամաբանությունը ճիշտ չէ: Եվ հենց սա նրա երկրրոդ մեծ սխալն էր, որը պատճառ հանդիսացավ 2009թ. մեծ անկման համար: Բյուջեի դեֆիցիտը և բերված պարտքերն առավելապես ուղղվեցին ոչ թե պահանջարկի խթանմանը, որն իրոք կլիներ ընդլայնողական քաղաքականություն, այլ ուղղվեցին տնտեսության առաջարկային մասի պահպանմանը, ինչն այդ օրերի համար փողերի ոչ նպատակային օգտագործում կարելի է համարել:
Տիգրան Սարգսյանի կառավարությունն անզոր եղավ նաև կրճատելու ստվերը (թերևս չուներ դրա քաղաքական թույլտվությունը): Մինչդեռ Ճգնաժամի հենց սկզբնական շրջանում կառավարությունը պետք է շատ արագ անցներ արմատական բարեփոխումների և կրճատեր ստվերը: Մի կողմից՝ թեթևացներ փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, մյուս կողմից ստվերում գործող խոշոր տնտեսվարողներին բերելով օրինական դաշտ՝ նույնիսկ մեծացներ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը»:

Այս խորագրի վերջին նյութերը