Լրահոս

21.06.2012 17:17


Ֆրանսիայում ներկայացվել է Արցախի մշակութային ժառանգությունը

Ֆրանսիայում ներկայացվել է Արցախի մշակութային ժառանգությունը

Հունիսի 15-16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն այցելեց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջան, որը երկրի առաջնային կարևորության շրջաններից մեկն է` տնտեսական և քաղաքական ներուժի տեսանկյունից։

Այցի շրջանակներում դեսպանն առանձնազրույցներ ունեցավ շրջանային խորհրդի նախագահի, Լիոնի փոխքաղաքապետի, Վիլյորբանի և Դեսինի քաղաքապետերի, տեղի պատգամավորների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Ռոն Ալպի շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ քննարկվեց Հայաստանի համայնքների ասոցիացիայի և Ռոն-Ալպ շրջանի միջև ստորագրված համագործակցության կոնվենցիայի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները:

 Վիլյորբանի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի ևւ Դեսինի քաղաքապետ Ժերոմ Ստյուլայի հետ ՀՀ դեսպանը քննարկեց Վիլյորբան-Աբովյան և Դեսին-Ստեփանավան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրականացվող համագործակցության հարցերը:

Հայ համայնքային կառույցների ղեկավարների և Լիոնի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ Վիգեն Չիտեչյանն այցելեց նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր` ծաղկեպսակ զետեղելու և հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի նահատակներին։

Նույն օրը դեսպանն առանձին հանդիպումներ ունեցավ տեղի հայկական կառույցների ղեկավարների հետ` քննարկելու վերջիններիս կողմից Հայաստանի հետ իրականացվող ծրագրերը։

Հունիսի 16-ին Հայաստանի դեսպանը ներկա գտնվեց Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների շքեղ սրահում կազմակերպված բազմամարդ ընդունելությանը, որին հաջորդեց Հայաստանում գրատպության 500-ամյակի և «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքի շրջանակներում կազմակերպված Արցախին նվիրված գիտաժողով։ Բանախոսություններով հանդես եկան մի շարք պատմաբաններ և արվեստի պատմության մասնագետներ, որոնք ներկայացրեցին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը` մասնավորապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճարտարապետության, մանրանկարչության, խաչքարերի ու գորգարվեստի բացառիկ նմուշներին:

Միջոցառմանը ներկա քաղաքական, մշակութային, հասարակակական, լրագրողական ու համայնքային շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիների առջև ողջույնի խոսքերով հանդես եկան Լիոնի քաղաքապետը և ՀՀ դեսպանը։

Այս խորագրի վերջին նյութերը