Լրահոս

21.06.2012 16:14


Նաիրա Զոհրաբյան. «Ոմանց ախորժակը բարենպաստ զարգանում է»

Նաիրա Զոհրաբյան. «Ոմանց ախորժակը բարենպաստ զարգանում է»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խորհրդարանի ամբիոնից հնչած մի շարք հայտարարությունների և նշել, որ դրանք իրականությանը չհամապատասխանող պնդումներ են։ Նախ նա պատասխանել է այն հայտարարությանը, թե ԲՀԿ–ն քննադատության է ենթարկում նախորդ կառավարությանը, սակայն ինքն էլ է դրան մաս կազմել։

–Այո՛, Բարգավաճ Հայաստանը եղել է քաղաքական կոալիցիայի մաս և երբևէ չի խուսափել պատասխանատվությունից։ Այդ մասին մենք մշտապես ասել ենք։ Բայց որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է ավելի՛ պատասխանատվություն ունենալ և պատասխան տալ ավելիի համար, քան եղել է ԲՀԿ–ի իրակա՛ն լիազորությունն ու իրական ազդեցությունը։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ այն պնդումները, թե ԲՀԿ–ն, լինելով կոալիցիայի մաս, չի ընդդիմացել տարվող տնտեսական քաղաքականությանը և երբևէ իր այլակարծությունը չի արտահայտել, ևս չի համապատասխանում իրականությանը։ Բազմաթիվ անգամներ, նաև այս խորհրդարանում, ԲՀԿ խմբակցությունը, ի տարբերություն մեր նախկին կոալիցիոն գործընկերների, քվեարկել է դեմ այս կամ այն նախագծին, որը բերել է կառավարությունը,–հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա խորհուրդ է տվել մենտորական տոնով իրենց դասեր չտալ և չփորձել խեղաթյուրել իրականությունը։

ԲՀԿ–ական պատգամավորը անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավորներին  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հղած խորհրդին՝ բարեկրթություն ցուցաբերել, բարևել իրենց, բարի ախորժակ մաղթել իրենց։

–Ոմանց ախորժակը ընդհանրապես բոլոր առումներով այնքան լավ և այնքան բարենպաստ զարգանում է, որ լրացուցիչ բարեկրթության պակաս չկա,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղարն անդրադարձել է նաև կառավարության ու ՀՀԿ–ի պնդումներին, թե այսքան տոկոսով հանրությունը վստահում է իրենց։ Ն. Զոհրաբյանն առաջարկել է իրար գումարել կառավարության դեմ արտահայտվող և խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերի հետևում կանգնած ժողովրդի թվաքանակը՝ մոտ 750 հազ. մարդ, որոնցից 500 կազմում են ԲՀԿ–ի ընտրողները.

–Եթե վստահության այս ռեսուրսը որևէ խնդիր չի առաջացնում կառավարության համար, ապա ես որևէ բան չունեմ ավելացնելու,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը