Լրահոս

21.06.2012 21:47


Ադրբեջանցի ֆոտոլրագրողի ձերբակալությունն աղմուկ է առաջացրել

Ադրբեջանցի ֆոտոլրագրողի ձերբակալությունն աղմուկ է առաջացրել

Ադրբեջանցի ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված մեղադրանքներն ամրապնդում են այն մտահոգությունները, որ Եվրատեսիլից հետո երկրում կսկսեն հալածել ընդդիմադիր հայացքների տեր ակտիվիստներին:

Հունիսի 12-ին Հուսեյնովի դեմ, որն աշխատում է Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում (IRFS), մեղադրանք է առաջադրվել մայիսի 21-ին կայացած բողոքի ցույցը լուսաբանելու ընթացքում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու կապակցությամբ, որի դեպքում առավելագույնը 5 տարվա ազատազրկում է նախատեսված:   

Բաքվում տեղի ունեցած այս ցույցը կազմակերպվել էր անմիջապես Եվրատեսիլի կիսաեզրափակիչների նախօրեին:

«Մեղադրանքներն աբսուրդ են: Ես ցույցին գնացել եմ որպես լրագրող եւ իմ աշխատանքն եմ կատարել: Ես ոչ ոքի որեւէ դիմադրություն ցույց չեմ տվել: Ընդհակառակը, ոստիկանության աշխատակիցներն էին խիստ կոպիտ վարվում ակցիայի մասնակիցների եւ այն լուսաբանող լրագրողների հետ», - ասաց Հուսեյնովը IWPR-ին:

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (CPJ), որը լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, պահանջեց, որպեսզի մեղադրանքներն անմիջապես հանվեն Հուսեյնովի վրայից:   

Վերջինիս եղբայրը`Էմին Հուսեյնովը, որը ղեկավարում է Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը, նշում է, որ ձերբակալության հրահանգը հաստատապես տրվել է վերեւից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այսպիսով փորձում են արմատախիլ անել այլախոհությունը, որը նրանք ստիպված էին հանդուրժել Եվրատեսիլի ժամանակ, երբ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին գտնվում:  

«Սա քաղաքական հրահանգ էր: Մեհմանը կարող է համարվել Եվրատեսիլի կապակցությամբ ձերբակալված առաջին անձը: Մենք ամենասկզբից էլ կասկածում էինք, որ մրցույթից հետո կսկսեն հալածել այն ակտիվիստներին ու լրագրողներին, ովքեր հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության օգտին: Գործընթացը սկսվել է, եւ վախենում եմ`Մեհմանը միակը չի լինելու», - մտահոգվում է նա:

Ֆոտոլրագրողի գործընկերները խոստացել են պայքարել նրան ազատ արձակելու համար:

«Եթե Մեհմանը դատապարտվեց, նա անպայման քաղբանտարկյալ է լինելու: Միաժամանակ, նա կհամարվի նաեւ եվրատեսիլյան առաջին բանտարկյալը: Եթե նման բան պատահի, թող ոչ ոք չկասկածի, որ Եվրատեսիլի հաջորդ եզրափակիչը կուղեկցվի Մեհմանի լուսանկարներով եւ նրան ազատ արձակելու կարգախոսներով», - ասում է «Gundelik Azerbaijan» թերթի գլխավոր խմբագիր Շահվալադ Չոբանօղլուն:

Նույն կարծիքին է նաեւ լրագրող Խադիջա Իսմայիլովան, որին վերջերս փորձել էին շանտաժի ենթարկել նրա իսկ տանը գաղտնի նկարահանված տեսագրության միջոցով: Այս ամենի պատճառը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի գործարար շահերի վերաբերյալ Իսմայիլովայի պատրաստած ռեպորտաժն էր, որը խիստ շփոթեցրել էր իշխանություններին: Լրագրողն անտեսել էր սպառնալիքները, եւ վերջինիս ու նրա ընկերոջը պատկերող տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

«Եվրատեսիլը… գովազդային արշավ էր, որը կազմակերպվել էր իշխանությունների կողմից ողջ աշխարհի համար: Նրանք պետք է վստահ լինեին, որ ոչ ոք այն չի խափանի: Մեհման Հուսեյնովը եւ այլ լրագրողները ցույց տվեցին աշխարհին այս ամենի հակառակ կողմը`քանդված շենքերը եւ մարդկանց հարկադրված տեղահանումը», - ասում է Իսմայիլովան:

«Իհարկե, Մեհմանի նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները զայրացրել են իշխանություններին: Այնպիսի տպավորություն էր, թե նա մյուս լրագրողների հետ միասին որոշել էր կեղտոտ լվացք փռել`խայտառակելով ընտանիքը»:

Եվրատեսիլից ի վեր, շուրջ տասնյակ ակտիվիստներ եւ լրագրողներ արդեն իսկ հարցաքննության են ենթարկվել ոստիկանությունում: Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Ջամիլ Հաջիեւը նշում է, որ հունիսի 13-ին իր կազմակերպության 8 ներկայացուցիչների արդեն իսկ ստիպել են ներկայանալ ոստիկանություն:  

«Նրանց բոլորին հարցաքննել են Եվրատեսիլի ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին: Այնուհետեւ նրանց խորհուրդ են տվել ողջամիտ լինել եւ մոռանալ բոլոր այս ընդդիմադիր տրամադրությունները», - ասում է նա:

Հունիսի 13-ին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր ստացած լրագրողներից էր նաեւ «Azadliq» թերթի թղթակից եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցության մամլո խոսնակ Նաթիգ Ադիլովը:

Ոստիկանություն ներկայանալու ծանուցագրում նշվում էր, որ Ադիլովը մասնակցել է մայիսի 24-ին Հանրային հեռուստաընկերության շենքի առջեւ կայացած բողոքի ցույցին:

«Այս կապակցությամբ ես պետք է նախնական քննարկման մասնակցեի եւ վկայություն տայի», - պատմում է լրագրողը:  

«Իհարկե, ես ներկայացա ոստիկանության բաժանմունք: Իմ վկայության մեջ գրեցի, որ բողոքի ցույցին մասնակցել եմ որպես լրագրող`այն լուսաբանելու համար: Ոստիկանությունում ինձ երկար ժամանակ բացատրում էին, որ ես պետք է այսուհետեւ պաշտպանեմ պետության անվտանգության շահերը եւ փոխեմ իմ ծայրահեղ ընդդիմադիր հայացքները», - ասում է նա:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մամլո խոսնակը հայտարարել է, որ հունիսի 14-ին ակտիվիստներից մեկին ձերբակալել են թմրանյութեր պահելու մեղադրանքով:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Օրհան Մանսուրզադեն իր հերթին հավաստիացրել է, որ ոստիկանություն ներկայանալը սովորական գործընթաց է եւ պետք չէ դրան մեծ ուշադրություն դարձնել:

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ այս ամենն արվում է վերեւից եկած հրահանգով, ապա դա նրա սուբյեկտիվ կարծիքն է, եւ նա չարաչար սխալվում է: Եթե որեւէ մեկին ստիպում են ներկայանալ ոստիկանություն, ապա դա արվում է նրան ապօրինի գործողություններ կատարելուց պաշտպանելու նպատակով»:

Սակայն այս հայտարարությունները համոզիչ չեն թվում Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի պես միջազգային կազմակերպություններին:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հանել Մեհման Հուսեյնովի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ թույլ տալ նրան կատարել իր աշխատանքն առանց հալածանքներից վախենալու: Մամուլի եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ այս դաժան ճնշումը պետք է դադարեցվի», - հայտարարել է Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան:

Ամերիկյան IREX կազմակերպության ադրբեջանական գրասենյակի իրավաբան Ալեսգար Մամեդլին այն կարծիքին է, որ լավ կլիներ, եթե իշխանությունները զբաղվեին լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքերով, ոչ թե նրանց հարցաքննելով:

«Այս երկրում լրագրողներն արդեն սովորել են այս ամենին: Նրանց վիրավորում են, ծեծում, սպառնում կամ շանտաժի ենթարկում: Սակայն հենց լրագրողներն են մշտապես բանտում հայտնվում: Իշխանությունները ցույց են տալիս իրենց բռնատիրական էությունը, սակայն դրանով այդպես էլ չեն կարողանում ոչինչի հասնել: Այս ամենը չի վախեցնում ազնիվ լրագրողներին, եւ ժամանակն է, որպեսզի իշխանությունները գիտակցեն դա», - ասում է լրագրողական մրցանակի արժանացած Իդրակ Աբբասովը, որին ապրիլին ծեծի էին ենթարկել պետական նավթային ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները:

Սամիրա Ահմեդբեյլին

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net) 

Այս խորագրի վերջին նյութերը