Լրահոս

21.06.2012 13:52


Սերժ Սարգսյանն ընդունել է Հենրի Քերալին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հենրի Քերալին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության և Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետևողական աջակցության համար, ընդգծելով հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում մեր երկրին ցուցաբերված օժանդակությունը: Հանրապետության նախագահի խոսքով, այն ավելի ամրապնդեց և ընդլայնեց Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները: Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման և փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:

Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին և հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:

Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երևանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը:  

Այս խորագրի վերջին նյութերը