Լրահոս

21.06.2012 12:56


Լևոն Զուրաբյանը իշխանության «հույսերը» չի արդարացրել

Լևոն Զուրաբյանը իշխանության «հույսերը» չի արդարացրել

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության ծրագրի մասին խորհրդարանում հայտարարել է, թե սա նոր կառավարություն չէ, քանի որ 18 նախարարներից մի քանիսն են ընդամենը փոխվել, այն էլ՝ որպես արդյունք կոալիցիայի մաս չկազմելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշման։

–Արդյոք կարելի՞ է վստահել մի կառավարության, որն իշխանությունը պահպանել է միայն պետականորեն կազմակերպված լայնածավալ և համատարած ընտրակեղծարարության շնորհիվ՝ ներառյալ ընտրակաշառքի բաժանումը, բազմակի քվեարկությունը և ընտրողների վրա ապօրինի ճնշումները: Արդյոք մի կառավարություն, որը հօգուտ իրեն կեղծել է 500 000-ից մինչև 700 000 ձայն, կարո՞ղ է հաշվետու համարվել ժողովրդի առաջ: Ո՛չ, նման կառավարությունը հաշվետու է լինելու միայն այդ ընտրակեղծարարությունն ապահոված բոլոր տեսակի կոռումպացված պաշտոնյաների, տեղական կրիմինալ հեղինակությունների և ապօրինի տնտեսական մենաշնորհներից և արտոնություններից օգտվող այսպես կոչված օլիգարխների առջև: Ժողովրդի շահերից բխող ցանկացած իրական բարեփոխում նշանակում է՝ զրկել բազմաթիվ նման խմբերին ապօրինի արտոնություններից, ինչը արժանանալու է նրանց կատաղի դիմադրությանը: Այդ դիմադրությունը կարող է հաղթահարվել միայն, եթե կառավարությունը հենվում է ժողովրդի աջակցության վրա, մի բան, որ այս կառավարությունը չունի,–ասել է Լ. Զուրաբյանը՝ նաև հարցնելով՝ կարելի՞ է վստահել սեփական ժողովրդից 4 տարվա ընթացքում առնվազն 2 մլրդ դոլար գումար գողացած կառավարությանը, կարելի՞ է արդյոք վստահել մի կառավարության, որ 4 տարի շարունակ, դրամի արհեստական արժևորման անհեթեթ նպատակով, մսխում է Կենտրոնական բանկի պահուստային միջոցները՝ ծախսելով արդեն 1 մլրդ դոլարից ավելի գումար, մինչդեռ տեղի է ունենում արտաքին պարտքի կուտակում՝ 2008թ.–ի 1 577 000 դոլարից մինչև 3 600 000 դոլար՝ 2012թ.:

–Եվ պետք չէ խորամանկել ու որպես ճգնաժամի խորության գլխավոր պատճառ ներկայացնել տնտեսության դիվերսիֆիկացման պակասը: Դա իրականում ոչ թե պատճառն է, այլ դրամի արժևորման արդեն տասը տարի տարվող հանցավոր քաղաքականության հետևանքը,–ավելացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։–Այս կառավարությանը, այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել մեր ժողովրդի ճակատագիրը, այլև օր առաջ պետք է նրանից ազատվել: Սա, իհարկե, հնարավոր չի լինի անել այստեղ ներկայացված չորս խմբակցությունների՝ դեմ քվեարկությամբ: Դրա միակ միջոցը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է: Ավազակապետական կառավարությունները երբեք կամովին չեն զիջում իրենց ապօրինի արտոնությունները: Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում հունիսի 26-ին՝ ժամը 19։00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղ հայտնել վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ։

Լևոն Զուրաբյանի այս վերջին հայտարարությանն անմիջապես արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նկատելով.

–Մենք մտածում էինք, որ այ՛ս ամբիոնը կօգտագործեք, բայց նորից կոչ եք անում միտինգների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը