Կարծիք

20.06.2012 21:38


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթը ԱԺ-ում

Հարգարժան նախագահ

Հագելի գործընկերներ

Անկախ մեր քաղաքական հայացքներից, մեր դիրքորոշումներից և այլ տարբերություններից, մենք ունենք մեկ ընդհանրություն.

Մենք բոլորս կամ գոնե մի զգալի մասը, այստեղ ենք եկել քարոզարշավից, նախընտրական փուլից: Թարմ են ժողովրդի կողմից մեր առջև դրված խնդիրները, մեզ ուղղված դժգոհությունները, և իհարկե սպասելիքները: Այս պարագայում խոսք չի կարող լինել հասարակական տրամադրություներին չտիրապետելու կամ անտեղյակ լինելու մասին:

Ողջ քարոզաշավի ընթացքում ես չհանդիպեցի մի գյումրեցու, որը կբարձրացներ Գյումրին մշակութային կենտրոն դարձնելու խնդիրը: Ողջ քարոզարշավի ընթացքում ես չհանդիպեցի մի դիլիջանցու, որը կբարձրացներ Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու խնդիրը: Այսօր Դիլիջանում 10 հազար դրամանոցով մտեք խանութ ու առևտուր չեք կարողանա անել`մանր չլինելու պատճառով: Ինչ ֆինանսական կենտրոնի մասին է խոսքը: Չեք հանդիպի որևէ սյունիքցու, որը կբարձրացնի Սյունիքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու խնդիրը: Մարդիկ ապրում են բոլորվին այլ հոգսերով, օրվա հացի հոգսի: Պետք չէ իրար խաբել:

Ուժե՞ղ է այս ծրագիրը, թե թույլ. Հարցադրումը կարծում եմ ճիշտ չէ: Սա այն հիմնական հարցը չէ, որ պետք է դրվի այս ծրագրի քննարկման հիմքում:

Իմ խորին համոզմամբ այս ծրագիրը գնահատելիս պետք է այլ չափանիշ դնել. Հիմնական հարցը հետևյալն է.

որքանո՞վ է այս ծրագիրը ադեկվատ, համահունչ իրականությանը:

որքանո՞վ է այս ծրագիրը ադեկվատ մեր պետության և ժողովրդի առաջ կանգնած նոր մարտահրավերներին:

Որպեսզի տրվեն այս հարցերի պատասխանները, նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրականությունը, ճիշտ գնահատել դիրքը, որ հաջորդող քայլերը լինեն համարժեք:

Պատմական կտրվածքով ցանկացած կառավարության գործունեություն գնահատվելու է երկու կետով`

ա/ ժողովրդագրական կորուստներ,

Բ/ տարածքային կորուստներ:

Ժողովրդագրական կորուստի առումով մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնել:

Արդյո՞ք այս ծրագիրը էապես շտկելու է արտագաղթի վիճակը: Ստեղծելո՞ւ է նախապայմաններ ներգաղթի համար:

Ես վստահ չեմ: Ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք լուծելու են մեր պետության առաջ ծառացած ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը:

Բայց, որպեսզի նման ծրագիր կազմվեր, մինչ այդ անհրաժեշտ էր նախորդ տարիների արտագաղթը ընդունել որպես լրջագույն մարտահրավեր, այլ ոչ թե համարվեր «ժամանակակից աշխարհին բնորոշ միգրացիոն հոսքեր»:

Որպեսզի արտագաղթի կասեցման մասով կազմվեր համարժեք ծրագիր, պետք էր նախ և առաջ լուրջ ուսումնասիրություն արվեր ` ինչու են գնում, ովքեր են գնում, ինչպես են գնում:

Մենք մեկնողներին հարցրե՞լ ենք, արդյոք միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառո՞վ փակվեցին ձեր բիզնեսները, կրճատվեցին ձեր աշխատատեղերը, կրճատվեցին եկամուտները, թե՞ այլ` ավելի լոկալ պատճառներ կային:

Վերջերս շատ մոդայիկ է դարձել «կառավարության բախտը չբերեց» ձևակերպումը՝ նկատի ունենալով 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

Բախտը չբերելը ո՛չ քաղաքական կատեգորիա է, ո՛չ տնտեսական: Իսկ տասնյակ հազարավոր մեր համաքաղաքացիների բախտը բերե՞լ է, որ հեռացել են Հայաստանից ու հայտնվել Ռուսաստանի անծայրածիր տարածքներում: Նրանց հարցրել ե՞նք: Իսկ փոքր ու միջին բիզնեսի բախտը բերե՞լ է, որ չեն կարողանում իրենց բիզնեսը պահել ու մտածում են հեռանալու մասին: Բախտը բերե՞լ է վարսավիրների, վարորդների, ուսուցիչների, բժիշկների և շատ ուրիշ խավերի:

Ու սա մենք կոչում ենք բարեփոխումներ:

Եթե խոսենք բարեփոխումներից, ապա Ժամանակակից աշխարհի ամենահեղինակավոր բարեփոխիչներից մեկը` «էփփլի» հիմնադիր Սթիվ Ջոբսը մի հետաքրքիր ձևակերպում ուներ` ասում էր «լավագույն որոշումները նրանք չեն, որ մենք իրականացնում ենք, այլ` որոնք որոշել ենք չիրականացնել»:

Գուցե իրոք, եթե նախորդած տարիներին կառավարությունը չլիներ այդքան ինքնավստահ ու լսեր այլոց կարծիքը, չգնար որոշ վնասաբեր քայլերի, ապա մեր գյուղացին, մեր ուսուցիչը, մեր վարսավիրը, կրպակավաճառը կապրեին ավելի լավ ու չէին մտածի արտագաղթելու մասին:

Կառավարության ծրագրում կան գեղեցիկ ձևակերպումներ և նույնքան գեղեցիկ ցանկություններ, բայց դրանք շատ հաճախ վերացական ձևակերպումներ են: Իրականությունը պահանջում է ավելի մեծ համարժեքություն:

Վերցնենք, օրինակ սփյուռքի բաժինը, որպես ներքաղաքական խնդիրներին ամենաքիչը առնչվող: Կան բոլոր ստանդարտ ձևակերպումները, որոնք մենք մշտապես լսում ենք: Բայց կյանքը բերում է նոր մարտահրավերներ, որոնք մոտեցումներ են պահանջում, բայց որոնք այս ծրագրում կարծես թե բացակայում են:

Կոնկրետ օրինակ. Սիրիայում կա մոտ 50.000 հայ բնակչություն: Սիրիայում հնարավոր իշխանափոխության դեպքում, այդ համայնքին լրջագույն խնդիրներ են սպասում: Բառիս բուն իմաստով համայնքը կանգնելու է ֆիզիկական և նյութական կործանման առաջ: Արդյո՞ք մենք ունենք ծրագիր: Գուցե հնարավոր է այդ համայնքի մի զգալի հատվածին Հայաստան տեղափոխել, մեր դատարկվող գյուղերում ու քաղաքներում բնակեցնել, և ո՞վ պետք է ընդհանրապես աշխատի այդ համայնքի հետ:

Ինձ հետաքրքիր է. վերջին մեկ տարում քանի հայ պաշտոնյա է եղել Սիրիայում և հանդիպել համայնքի հետ: Բարեկեցիկ երկրներ մենք միշտ պատրաստ ենք ուղևորվել, բայց կոնկրետ թեժ կետեր, հրատապ լուծումներ պահանջող կետեր` չենք շտապում:

Սիրիայից հետո, վստահաբար խնդիրներ են առաջանալու Լիբանանում: Նույն խնդիրները: Ի՞նչ է մտածում կատավարությունը, ի՞նչ ծրագրեր կան, զարգացման ի՞նչ սցենարներ է տեսնում: Այս ծրագրից հնարավոր չէ հասկանալ:

Նույնը Ջավախքի մասով` դարձյալ նույն բոլորիս հայտնի բառապաշարը` ոչ մի մեխանիզմ, ոչ մի հայեցակարգ: Այնինչ 1 տարի հետո Կարս–Ախալքալաք երկաթգծի շահագործմամբ Ջավախքում, Հայաստանի սահմանին լրիվ ուրիշ իրականություն է լինելու` խոսքը տնտեսական, ենթակառուցվածքային և ժողովրդագրական իրականության մասին է: Սա փաստ է. Ուրախ թե տխուր` էական չէ` բայց փաստ է: Մեր կառավարությունը ունի՞ քայլեր, ունի՞ ադեկվատ մոտեցումներ այս խնդիրն` այս ծրագրից դարձյալ չի հասկացվում:

Սահմանամերձ գյուղերի մասով` այս ծրագրում խնդիրը տեսական բարի ցանկություններից այն կողմ չի անցնում: Իսկ իրականությունը այլ բան է պահանջում: Տավուշի մարզի մեր սահմանամերձ գյուղերը գնդակոծվում են, սակայն մենք նրանցից հողի հարկ ենք գանձում, մարդիկ ամիսներով պարտքով են առևտուր անում, բայց խանութից մենք հարկեըը զոռով տանում ենք: Ում դեմ ենք պայքարում` ես իրոք չեմ հասկանում: Ինչու պետք է մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները նեղվեն, որ սարի այն կողմում գտնվող ադրբեջական գյուղերը ազատված են հարկերից ու մեծանում են` մեզ մոտ լրիվ հակառակը: Ինչու՞ մեր պաշտոնյաները չեն գնում Չինարի, Ոսկեպար, և այլ սահմանամերձ գյուղեր: Քանի՞ նախարար է եղել վերջին ամիսներին այնտեղ: Այս հարցի պատասխանն էլ կհուշի, թե ծրագրիրը ինչու է վերացական:

Մենք փիլիսոփայական հանդարտությամբ ենք արձանագրում թվերը։ Ըստ նախորդ ծրագրի` աղքատության տոկոսը պետք է իջներ մինչեւ 12 տոկոսի, բայց աճեց մինչև 35.8 տոկոս: Չստացվեց` չստացվեց` հետո ինչ: Սրանք սոսկ թվեր չեն։ Այս ամեն տոկոսի տակ կոնկրետ խեղված ճակատագրեր են, ֆիզիկական գոյությունը մի կերպ ապահովող ընտանիքներ, աճող հուսալքություն:

Ամփոփելով` ես կրկին ուզում եմ շեշտել` խնդիրը ծրագրի ուժեղ կամ թույլ լինելը չէ: Հիմնական խնդիրը` ծրագրի համարժեքությունն է իրականությանը: Ահա այստեղ է, որ լրջագույն խնդիրներ են ի հայտ գալիս:

Շնորհակալություն

Այս խորագրի վերջին նյութերը