Լրահոս

20.06.2012 18:27


Վարդան Օսկանյան. «Պարոն վարչապե՛տ, դուք ձեր մոնետարիստական մտածողությունից դեռ չեք կարողացել ձերբազատվել»

Վարդան Օսկանյան. «Պարոն վարչապե՛տ, դուք ձեր մոնետարիստական մտածողությունից դեռ չեք կարողացել ձերբազատվել»

–Ձեր կառավարության այս տարիների թերություններից մեկը եղել է այն, որ դուք երբևէ չեք ընդունել ձեր սխալը։ Դա մենք տեսել ենք այս հինգ տարվա ընթացքում, տեսանք նաև այսօր։ Այն, ինչ այսօր դուք ներակայացրեցիք և այն, ինչ իրականությունն է, իրար չեն համապատասխանում,–ԱԺ ամբիոնից խոսելով կառավարության ծրագրի մասին՝ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը։

Դիմելով Տիգրան Սարգսյանին՝ Օսկանյանը նկատել է, որ նա բավական գունավոր ներկայացրեց իրավիճակը, նույնը նաև արվել է ծրագրի նախաբանում, բայց վիճակագրությունն այլ բան է ասում։

Օսկանյանին շատ է զարմացրել նաև, որ խոսելով դրական բաների մասին՝ վարչապետը չասաց, որ դրանք արվել են պարտքերի միջոցով։

–Մի բառ ձեր բերանից պարտքերի մասին այստեղ դուրս չեկավ։ Մենք ենք ասում, որ մեր ազգային պարտքը 2008թ., երբ դուք ստանձնեցիք կառավարությունը, 17% էր, իսկ հիմա արդեն 45%–ի է հասել։ Պարզ է, որ հնարավոր էր այդ վճարումներն անել դրսի ռեսուրսներով։ Մեր ազգային պարտքն այսօր արդեն անկառավարելի է դառնում,–մտահոգություն է հայտնել ԲՀԿ–ական պատգամավորը։

Նա նշել է, որ 2009թ. արձանագրված 14,5% տնտեսական անկումը երեք հիմնական պատճառ ուներ՝ ճգնաժամ, տնտեսության կառուցվածք, իսկ երրորդը՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը.

–Ես համոզված եմ, որ այդ երեքի մեջ գերակշռողը եղել է ձեր վարած թերի և սխալ քաղաքականությունը՝ չկարողացաք ճիշտ գնահատել միջազգային ճգնաժամի առկայությունը և դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա։

Վարդան Օսկանյանը նշել է նաև, որ այս հինգ տարիների ընթացքում բարեփոխում չի եղել և ճգնաժամն էլ դրա հետ կապ չունի.

–Այս ծրագիրը չի կարող 7% աճ ապահովել։ Պարոն վարչապե՛տ, դուք ձեր մոնետարիստական մտծողությունից դեռ չեք կարողացել ձերբազատվել։ Նույնը երևում է հենց այս ծրագրի մեջ։

Այսօր խորհրդարան գալուց առաջ Վարդան Օսկանյանը կարդացել է ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի հարցազրույցը և խորհրդարանի ամբիոնից իր վրդովմունքն է հայտնել.

Է, ծափահարում է ձեզ, որովհետև անում եք այն, ինչ ուզում եք։ Սա ծիծաղելի է։ Մեզ այսօր աճ է պետք, պարո՛ն վարչապետ։ Դուք ընդհանրապես աճի գաղափարը լղոզել եք արդեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը