Լրահոս

20.06.2012 17:27


Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է. Ալեքսանդր Արզումանյանը՝ ձմեռը հանելու կառավարության մասին

Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է. Ալեքսանդր Արզումանյանը՝ ձմեռը հանելու կառավարության մասին

–Ես դեմ եմ քվեարկելու կառավարության ծրագրին,–խորհրդարանի ամբոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը։

Նա հայտարարել է, թե կառավարության ներկայացրածը ոչ թե ծրագիր է, այլ բարի ցանկություններ՝ կենացներ.

–Բարի ցանկությունների, լավ մտադրությունների հռչակագիր  է սա։ Վերցնենք ցանկացած մաս և նայենք՝ ինչ բառեր են՝ պետք է դառնան, պետք է կատարվի, անվճար տրամադրվելու է, ընդլայնվելու է, ընձեռվելու է, բարելավվելու է, ներդրվելու է, ապահովվելու է, ստեղծվելու է, եռապատկվելու է, սահմանվելու է, շարունակել, հիմնանորոգել, ապահովել, ընդլայնել, մշակել, կիրառել, ուժեղացնել, ուշադրության կենտրոնում պահել և այլն։ Ու այսպես գնում, գնում, հասնում է վերջին՝ խրախուսել, շարունակել, զարգացնել... Վաբշե՜, տարա՜վ տեքստը։

Ա. Արզումանյանն ընդգծել է, որ չորս տարի առաջ Տիգրան Սարգսյանը գրեթե նույն կառավարությամբ այս նույն բարի ցանկությունները ներկայացրել է, և գրեթե ոչ մի ծրագիր չի իրականացվել։

–Խոսքը ժամանակավոր կառավարության մասին է։ Մենք խոսում ենք լճացված այս վիճակը վեց ամիս պահելու մասին, նախագահական ընտրություններն անշառ–անփորձանք անցկացնելու մասին։ Ժողովրդի ասած՝ սա ձմեռը հանելու կառավարություն է։ Մնում է սպասել, գարունը կգա՝ նոր կառավարությունն էլ հետը, և հավանաբար կբերի նոր ծրագիր՝ ավելի հստակ ձևակերպված, որի շուրջը կարելի է քննարկել։ Թե չէ՝ հիմա այնպիսի զավեշտներ կան։ Ես վիրավորված եմ, որ նման հանպատրաստից ծրագիր է։ Սա կենացների ժողովածու է,–հայտարարել է Ա. Արզումանյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը