Լրահոս

20.06.2012 15:46


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն ԱԺ ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարն ԱԺ ամբիոնից խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը

ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած առաջիկա հինգ տարվա ծրագրին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում ցանկացած կառավարություն վստահության քվե է ակնկալում այն դեպքում, երբ առնվազն նախորդ ծրագրի իրականացման հարցում եթե անգամ լրջագույն հաջողություններ չի արձանագրել, ապա գոնե չի արձանագրել լրջագույն ձախողումներ։

–Այս դեպքում մենք գործ ունենք երկրորդ դեպքի հետ։ Կառավարությունը, որի քաղաքականությունը մնալու է անփոփոխ, որի կամզը մնացել է գրեթե անփոփոխ, որը շարունակում է գլխավորել նույն վարչապետը, կրկին հայտ է ներկայացնում խորհրդարանին՝ ստանալու խորհրդարանի և մեր ժողովրդի վստահության քվեն,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։–Ինչ–որ մեկը պե՞տք է պատասխան տա նրա համար, որ ՀՀ–ում արձանագրվել է 14,5% տնտեսական անկում։ Թե՞ կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կեցվածքով գալ, կանգնել և ակնկալել վստահության քվեն։ «Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավի ողջ ընթացքում ասել է՝ երկրում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ։ Ըստ էության, որևէ լրջագույն փոփոխություն չի կատարվել։ Նույն թիմը՝ նույն վարչապետի գլխավորությամբ, նույն քաղաքականությամբ, նույն փիլիսոփայությամբ, հավակնում է շարունակել այն գործը, որում չի հաջողել նախորդ կառավարության ծրագիրն իրականացնելիս։ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը ո՛ղջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին։

Ն. Զոհրաբյանին նաև ապշեցրել է նախարարներից մեկի բացատրությունը, թե ինչո՞ւ կառավարության ծրագրում չկան դրանց իրականացման հստակ մեխանիզմները. «Կառավարության ծրագրում մենք չպիտի փնտրենք դա իրականացնելու մեխանիզմները, որովհետև դա կդառնար մի քանի հատորանոց ստեղծագործություն»։

–Իսկ ինձ թվում էր, որ կառավարության ծրագրում մենք առաջին հերթին հենց դա՛ պիտի փնտրենք՝ թե ի՞նչ մեխանիզմներով է այս կառավարությունը այս «նոր» ծրագրով ստեղծելու հարյուր հազար նոր աշխատատեղ, կամ ինչպե՞ս է իրականացվելու այս կամ այն կետը։ Ինձ համար սա տնտեսագիտական նոր խոսք էր, նոր գյուտ, որ կառավարության ծրագրում դրանց իրականացման մեխանիզմները չպիտի ֆիքսված լինեն,–զարմանք է արտահայտել ԲՀԿ–ական պատգամավորը։

Ի դեպ, այսօր ԱԺ–ի ամբիոնից վարչապետը հայտարարել է, թե հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որի ժամանակ ներկայացրել են կառավարության նախնական ծրագիրը և խնդրել են չհրապարակել այն, քանի որ բազմաթիվ սրբագրումների կարիք է ունեցել։

Ի պատասխան՝ նույն ԱԺ ամբիոնից Նաիրա Զոհրաբյանը ճիշտ չի համարել այդ հանդիպումից ինչ–ինչ դրվագներ ներկայանցելը, բայց բովանդակության մասին չխոսելը։

–Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ որևէ՛ բովանդակային քննարկում չի եղել։ Քննարկումը վերաբերել է ա՛յլ նյութի, և մեր խմբակցության մինչև վերջին պատգամավորն իրազեկ է, թե ինչին է վերաբերել այդ հանդիպումը,–պնդել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը