Տնտեսական

20.06.2012 12:57


Վարդան Օսկանյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել՝ նախորդներն էլ ենք մենք

Վարդան Օսկանյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ուշագրավ հայտարարություն է արել՝ նախորդներն էլ ենք մենք

Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղելու համար գրանցվել է քսան պատգամավոր։ Նրանց թվում են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շատ անդամներ։ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, օրինակ, ընդգծել է՝ 2009թ. 14,5% տնտեսական անկումը, որն աշխարհում երկրորդ ցուցանիշն է, կառավարությունը բացատրել է համաշխարհային ճգնաժամով և ժառանգած տնտեսությամբ։

–Այսինքն՝ ինչ–որ տեղ համարում եք, որ ձեր նախկինները ճիշտ քաղաքականություն չեն վարել։ Ես ուզում եմ հարցնել՝ եթե չլիներ 2009թ. ընթացքում Հայաստանի կառավարության  վարած քաղաքականությունը, ձեր գնահատականով՝ մեր երկրի տնտեսության անկումը մոտավորապես ինչքա՞ն կլիներ,–վարչապետից հետաքրքրվել է Վ. Օսկանյանը։

Տիգրան Սարգսյանն իր հերթին է հարց բարձրացրել՝ արդյոք կարո՞ղ էին իրենք խուսափել 14%–անոց անկումից, և ինքն էլ պատասխանել է՝ այո՛, կարող էինք խուսափել, եթե շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ–ի մեջ այդքան մեծ չլիներ, և գաղտնիք չէ, որ մինչճգնաժամային փուլում շինարարությունն է եղել մեր տնտեսության շարժիչ ուժը։

Ինչ վերաբերում է իրենց ստացած ժառանգությանը և անկումը հենց դրանով պատճառաբանելուն, Տիգրան Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել.

–Երբևիցե մենք մեղքը ուրիշների վրա չենք բարդել, որովհետև մենք ապահովել ենք քաղաքական իշխանության շարունակականությունը, և մենք ենք պատասխանատու այդ իրավիճակի համար։ Եվ եթե դուք ասում եք՝ նախորդների, ապա այդ նախորդների մեջ մենք նկատի ունենք մեզ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը