Լրահոս

20.06.2012 12:27


Օսկանյանը մտադիր է «Սիվիլիթաս»-ի գործով որոշ փաստաթղթեր հրապարակել

Օսկանյանը մտադիր է «Սիվիլիթաս»-ի գործով որոշ փաստաթղթեր հրապարակել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մտադիր է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով որոշ փաստաթղթեր հրապարակել։ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչություն։

«Դրանք այս պահին կարող են համարվել նախաքննության տվյալ, գաղտնիք, և դրանց հրապարակումը արգելված է. խնդրել ենք, որպեսզի մեզ թույլատրվի հրապարակել գործի հանգամանքները, դարձնել հասարակական քննարկման առարկա։ Այսինքն` բոլոր փաստաթղթերը, դատողությունները և եղելությունը մենք կարող ենք ներկայացնել, և յուրաքանչյուր գրագետ իրավաբան կարող է իր կարծիքը հայտնել»,- նշել է փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ որոշակի փաստաթղթերի մասին է խոսքը, Աթանեսյանը պատասխանել է.

–Ջոն Հանթսմանի գործարանի վաճառքին և գումարի հետագա շարժին վերաբերող տվյալների մասին է խոսքը, որպեսզի պարզ դառնա, որ ամեն ինչ թափանցիկ է և օրենքի սահմաններում:

 Իրավաբանը նշել է, որ բուն քրեական գործ հարուցելու որոշման մեջ կան որոշակի խախտումներ, որոնք դա բողոքարկելու տեղիք են տալիս.

–Գիտեք, «փողերի լվացում» ասածը շատ վատ, անձին պիտակավորող հանցակազմ է, մանավանդ` հասարակական և քաղաքական գործչին: Մեր կարծիքով՝ գործը հենց այդ նպատակով է հարուցված, և հրապարակել այստեղ պետք է, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և ինչպես է դա գնահատվում մեր քննչական մարմինների կողմից: Դա՝ մեկ։ Երկրորդը՝ մենք պատրաստվում ենք բողոքարկել բուն քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Ծանոթանալով այդ որոշմանը, ես` որպես մասնագետ, որպես իրավաբան, տեսնում եմ բազմաթիվ դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներ: Հետևաբար՝ առկա են հիմքեր դա բողոքարկելու և պահանջելու, որպեսզի այդ որոշումը վերացվի, կամ գործը կարճվի»:

Հարցին` Օսկանյանը շարունակո՞ւմ է գործով որպես վկա անցնել, Աթանեսյանը արձագանքել է.  

–«Դե յուրե»՝ վկա, «դե ֆակտո»՝ կասկածյալ, ըստ մեզ»:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

Անցած շաբաթվա վերջին ցուցմունք տալուց հրաժարվելուց հետո, փաստաբանի տեղեկություններով, Վարդան Օսկանյանը դեռ հարցաքննության չի հրավիրվել: Օսկանյանն ի սկզբանե հայտարարել է, թե գործի հետևում քաղաքական պատվեր է տեսնում:

Այս խորագրի վերջին նյութերը