Լրահոս

19.06.2012 19:48


Գեղանկարչական ցուցահանդեսներ Վիեննայում

Գեղանկարչական ցուցահանդեսներ Վիեննայում
Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության «Artists in Residence» ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը` Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու` Երևանի, Թբիլիսիի, ուկրաինական և գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր և արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը:

Ցուցահանդեսի բացմանն իր մասնակցությունը բերեց Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը:

Նույն օրը Վիեննայի 18-րդ թաղամասում գտնվող «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը: Ցուցահանդեսի բացմանը ներկա Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջև մշակութային կապերի ընդլայնման և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին:

Այս խորագրի վերջին նյութերը