Քաղաքական

19.06.2012 12:46


Վարդան Օսկանյան. «Ես շարունակում եմ հավատալ»

Վարդան Օսկանյան. «Ես շարունակում եմ հավատալ»

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է. 
«Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։  

Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։  

Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։ Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ։ Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։ 

Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։

Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը»։

Այս խորագրի վերջին նյութերը