Կարծիք

29.05.2009 19:20


Օսմանական ժառանգությունը

Օսմանական ժառանգությունը

            Այսօրվա Հայաստանի և 20-րդ դարասկզբի Օսմանյան Կայսրության միջև համեմատություններն առաջին հայացքից բռնազբոսիկ են թվում, բայց իրականում տիպաբանական կամ, այսպես ասած, կառուցվածքային տեսանկյունից երկուսի միջև էական առնչություններ կան: Այդ առնչություններն առաջին հերթին վերաբերում են իրավիճակի մեջ ներգրավված գործող սուբեյկտներին և նրանց փոխհարաբերությունների մոդելին:

Երկու դեպքում էլ առկա է երեք հիմնական սուբյեկտ' օրեցօր թուլացող երկրի կառավարություն, կառավարության նկատմամբ հիմնականում ընդդիմադիր տրամադրված հայ ժողովուրդ՝ իր քաղաքական կառույցներով, և եվրոպական տերություններ: Կառավարությունը զգում է իր խոցելիությունը, բայց չի կարողանում երկրի կառավարման այլ ձև առաջարկել, բացի ղեկավարման ամենապարզունակ եղանակից։ Չնայած փորձում է բարեփոխումների իրական կամ թվացյալ քաղաքականություն մշակել: Միաժամանակ, ենթագիտակցորեն զգալով իր թուլությունը՝ նա երկրի ձախողումների ողջ մեղքը փորձում է բարդել ընդդիմադիր տրամադրված ժողովրդի վրա' վերջինիս մեղադրելով օտար շահերը սպասարկելու մեջ և դիվականացնելով կամ ապամարդկայնացնելով նրա կերպարը: Մյուս կողմից, այդ նույն օտար ուժերի նկատմամբ իշխանությունը մերթ կոշտ և «ուռա-հայրենասիրական» հռետորականություն է օգտագործում (բայց միայն ներքին սպառման համար), մերթ էլ փափկանում և խեղճանում է ստորանալու աստիճան։ (Ի դեպ, իրավիճակն այնքան նման է, որ հասնում է ծաղրանկարային մակարդակի, երբ ավանդապես քրիստոնյա Հայաստանի առաջատար և առավել ազգայնական համարվող քաղաքական ուժի ներկայացուցիչը, տիպիկ թուրքական ոճով, փորձում է շանտաժել եվրոպացիներին' եթե չընդունեք մեզ, մենք էլ մահմեդական կառույցներին կդիմենք):

Ուժը չպատելով եվրոպացիների վրա' կառավարությունը, բարդույթավորվածությամբ պայմանավորված, իր ողջ չարությունը թափում է անզեն ժողովորդի վրա, որին ընկալում է որպես օտար տարր: Մյուս սուբյեկտի' եվրոպացիների գործելակերպի նմանությունը երկու իրավիճակներում երևի թե նույնիսկ ապացուցել չարժի:  

Ինչ մնում է բուն ժողովդրին, ապա նրա մի մասը շարունակում է որոշ ակնկալիքներ ունենալ եվրոպացիներից' իրեն համարելով անկեղծ կրողը եվրոպացիների քարոզած բարձր արժեքների: Ժողովդրի մյուս մասն էլ քաջ գիտակցում է, թե պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա: Երկու դեպքում էլ այս եռակող փոխհարաբերությունների արդյունքը ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ջարդերն են, որոնք թեև դատապարտվում են եվրոպացիների կողմից, սակայն կառավարությունն, ի վերջո, մնում է անպատիժ:

            Իհարկե, այս համեմատությունը կարող է ոմանց «անհայրենասեր» թվալ: Բայց իրականում զարմանալու շատ բան չկա: Թուրք-պարսկական դարավոր լուծը, իրոք որ, անհետևանք չէր կարող անցնել, մանավանդ որ դրա դասերն ամրապնդվեցին իր բնույթով ոչ պակաս «թուրքական» ստալինյան համակարգով: Այդ պատճառով հայաստանյան քաղաքական վերնախավի մի զգալի մասն իշխելու այլ եղանակ չի կարող պատկերացնել, քան ստորաքարշություն օտարի առջև և սեփական ժողովրդի ճնշում: Չնայած Հայաստանը հռչակեց անկախություն, բայց իրական անկախությունից մենք շատ հեռու ենք, քանի դեռ սեփական երկիրը շարունակում են կառավարել այն նույն մեթոդներով, որով օտար նվաճողները ժամանակին կառավարել են մեզ: Ու, ցավոք, անկախ Հայաստանի փոխարեն մեր աչքի առջև անսպասելի վերածնունդ ապրեց 18-րդ դարի Երևանյան խանությունը: Բայց դա չի նշանակում, թե մեր հայրենիքի այս փոքր կտորն էլ պետք է զիջենք օսմանական ու պարսկական վաղեմի ստվերներին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը