Կարծիք

16.06.2012 14:16


Սերժ Սարգսյանը պարտվեց նախագահական ընտրությունները դեռ չսկսված

Սերժ Սարգսյանը պարտվեց նախագահական ընտրությունները դեռ չսկսված

Նախագահական ընտրություններ շախմատային պարտիայի հենց սկզբնախաղում Սերժ Սարգսյանը կոպիտ վրիպում թույլ տվեց: Վրիպումն այնպիսին է, որ հետագայում դրա հետեւանքները վերացնելը գրեթե անհնար կլինի: Մրցակիցը պետք է միտումնավոր սխալներ թույլ տա, որ Սերժ Սարգսյանը կարողանա շտկել իրավիճակը:

«Սիվիլիթաս» հիմնադրամի, այլ կերպ ասած Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քարուքանդ արեցին գործող իշխանությունների դիրքերը: Ավելին, մատնեցին նրանց խուճապային վիճակի մասին: Հիմա նույնիսկ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց համար է պարզ, թե ինչ է կատարվում: Իմ հարեւան կոշկակար Վարդանը երեկ հռետորական հարց տվեց` իսկ ինչու այդ փողերի լվացման մասին չիմացան գոնե խորհրդարանական ընտրությունների առաջ: Մի խոսքով, բոլորի, այդ թվում եւ Տեղ գյուղի բնակիչների համար էլ պարզ է, թե իրականում ինչ տեղի ունեցավ:

 Դժվար չէ ենթադրել, որ նրանք, ովքեր ծրագրել էին Օսկանյանի դեմ իրականացվելիք գործողությունները, լիահույս էին, որ փողոցային պայքարի փորձ չունեցող եւ հայաստանյան իրականությունից դուրս պատանեկան տարիներն անցկացրած նախկին արտգործնախարարը եւ նրա շրջապատը վախից կդողան եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները, ամենայն հավանականությամբ, լիահույս էին, որ Օսկանյանն աջակցություն կստանա միայն ու միայն ԲՀԿ-ի կողմից:

 Շատ կարճ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը, թե՛ մարտավարական եւ թե՛ ռազմավարական կոպտագույն սխալ է թույլ տվել: Օսկանյանին իրենց աջակցությունը հայտնեցին Բաղրամյան 26-ի ազդեցությունից  դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերը, հասարակական գործիչները: Գործն այնքան շինծու է, որ շատերը շատ պարզ հայտարարում են, թե այս ամենից քաղաքական հետապնդման հոտ է գալիս:

 Իսկ արեւմտյան դեսպանների աջակցությունը Վարդան Օսկանյանի հիմնադրած հիմնադրամին, ինչպես ասում են, շատ խոսուն փաստ է: Դեսպանները ոչ միայն այցելեցին հիմնադրամ, այլ նաեւ ԱՄն դեսպանը իր խորը մտահոգությունը հայտնեց կատարվածի համար: Երբ ԱՄՆ-ի նման երկրի դեսպանն ասում է, թե ժամանակներն անհանգստացնող են, դա արդեն լուրջ վերլուծությունների թեմա պետք է դառնա նրանց համար, ովքեր իրականացրեցին Օսկանյան օպերացիան: Ավելին ԱՄն դեսպանը շեշտել է, թե հիմնադրամը կարեւոր է իրենց համար, եւ որ իրենք շատ են հետաքրքրված այս գործով: Դեսպանի հայտարարությունից ՀՀ իշխանությունները պետք է որ որոշակի հետեւություններ անեն:

 Ամենայն հավանականությամբ, «արեւմտամետ» գործչի իմիջի մեջ մտցվող Սերժ Սարգսյանը վստահ է եղել, որ գոնե արեւմտյան տերությունները չեն նկատի այն ամենն ինչ ինքն իրականացնում է Օսկանյանի դեմ: Այս հարցում էլ Սերժ Սարգսյանը սխալվեց: Սխալվեցին նաեւ այն հարցում, որ Օսկանյանը վախից տեղի կտա: Օսկանյանը ոչ միայն չվախեցավ, այլ հայտարարեց, թե շարունակելու է գործել այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Սերժ Սարգսյանի թիմը սխալվեց նաեւ ժողովրդի հարցում: Նրանք կարծում էին, թե իրենց վերահսկողության տակ գտնվող բազմազան եւ բազմաբնույթ լրատվամիջոցների օգնությամբ կկարողանան բացասական կերպարով ներկայացնել Օսկանյանին, բայց տեղի ունեցավ հակառակը` ժողովուրդը հասկացավ, թե ինչ է տեղի ունենում եւ Օսկանյանի վարկանիշն այսօր աճում է բավական արագ տեմպերով:

 Այս քայլով Սերժ Սարգսյանը նաեւ անտեղի եւ անիմաստ զոհաբերեց իր, այսպես կոչված, ժողգործիքների այն խմբին, որոնք քիչ, թե շատ բացահայտված չէին:

 Վստահաբար կարելի է ասել, որ այս կոպիտ սխալը որոշակի գործընթացների է հանգեցնելու եւ նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններից առաջ ընկան Բաղրամյան 26-ի լարած թակարդը, հնարավորություն կստանան դուրս գալ այնտեղից:

Վարդան Մխիթարյան 

Այս խորագրի վերջին նյութերը