Լրահոս

15.06.2012 17:42


«Արմենիա» ֆիրմային գնացքն այս տարի առաջին անգամ Երևանից ուղևորվեց Բաթումի

«Արմենիա» ֆիրմային գնացքն այս տարի առաջին անգամ Երևանից ուղևորվեց Բաթումի

 Այսօր կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի այս տարվա առաջին չվերթը: Այս տարի Երևանից Բաթումի առաջին անգամ ուղևորվեցին մոտ 70 հոգի: 2012 թվականի ամառային սեզոնի գլխավոր նորամուծությունն է տոմսերի օնլայն վաճառքը www.ukzhd.am կայքից: Այժմ ուղևորները կարող են տոմսերը ձեռք բերել անձնական կամ աշխատանքային համակարգչի միջոցով:

Տոմսերի օնլայն-վաճառքի համակարգի շնորհանդեսի ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը նշեց, որ այս տարի էապես կրճատվել է ֆիրմային գնացքի երթևեկության ժամանակը: Այժմ այն կազմում է 16 ժամ 10 րոպե, այն դեպքում, երբ 4 տարի առաջ այն կազմում էր մոտ 20 ժամ:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում շարժակազմի թարմացմանը՝ անցած տարի 7 վագոն անցել էին հիմնական վերանորոգում Ռուսաստանում», - հայտարարեց Մարատ Խակողը:

Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտությունն ընդգծեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վանդանյանը՝ նշելով, որ ՀԿԵ-ի կողմից տարվող աշխատանքները բերեցին Հայաստանում անվտանգ և ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծմանը:

Նշենք, որ «Արմենիա» ֆիրմային գնացքը գործում է ամեն օր՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Գնացքի կազմում լիովին վերանորոգված են կուպեները և ննջավագոնները, որոնք հագեցած են օդափոխության համակարգով:

Տարեցտարի աճում է նաև ուղևորների քանակը: 2009 թվականին գնացքի ուղևոր էին դարձել 16 263 մարդ, 2010-ին՝ 40 304, 2011-ին՝  42,3 հազ., իսկ 2012 թվականին այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել մինչև 50 հազարի: Ուղևորների թվի աճին նպաստում են ՀԿԵ-ում տարվող շարժակազմի արդիականացման քաղաքականությունը, մատուցվոզ ծառայությունների մակարդակի աճը: Միայն 2011-2012 թթ. «Արմենիա» ֆիրմային գնացքի 42 վագոններից 20-ը կապիտալ վերանորոգում են անցել Վորոնեժի վագոնավերանորոգողական գործարանում: Մնացած վագոնները վերանորոգվել էն Երևանի վագոնալոկոմոտիվ դեպոյում:

2012 թվականին անցյալ տարվա հետ համեմատած չի փոփոխվել նաև ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը. պլացկարտ տոմսի արժեքը կազմում է մոտ 10 հազ. դրամ, հասարակ կուպեի տոմսն արժե 14 հազ. դրամ, բարձր հարմարավետությամբ կուպեների տոմսը՝ 16 հազ. դրամ: Իսկ ննջավագոնի տոմսերի արժեքը 2011-ի հետ համեմատ էժանացել է 10%-ով՝ այս տարի կազմելով 24 հազ. դրամ:

Այս տարի Հարավկովկասյան երկաթուղին կրկին իր ուղևորներին կառաջարկի դեպի Սև ծովի առողջարններ տրանզիտային ուղևորությունների ծառայությունը: Անցյալ տարի երկաթուղին առաջին անգամ առաջարկեց նման ծառայությունը, որը բավականին պահանջված էր ուղևորների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը