Կարծիք

15.06.2012 14:01


Ոչ մի տեղ չտանող ճանապարհին

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին

Իշխանություններին սատարող, սպասարկող և գովերգող լրատվամիջոցները հայտնվել են դիլեմայի առաջ՝ ինչպե՞ս կապակցել Սիվիլիթասի գործն ու Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանում աշխատանքների դադարեցումը: Ասենք, որ ցեմենտի գործարանի կանգն ուղղակի շոկի մեջ է գցել գրչակներին ու նրանց տերերին՝ ոչ այն է քաղաքականացնեն, ոչ այն է չքաղաքականացնեն այդ փաստը: Եթե քաղաքականացնեն, ապա կպարզվի, որ Գագիկ Ծառուկյանն իր այդ մեկ քայլով արդեն անելանելի վիճակի է մատնում տիգրանսարգսյանական վասյուկինցիներին՝  նրանց դեմ առ դեմ թողնելով սոցիալական խնդիրների մի ողջ լրակազմի հետ, որոնք լուծել ստիլյագները երբեք չեն կարող: Գործարանի 1000 աշխատող մնում է առանց աշխատանքի, շուկայում թանկանում է ցեմենտը, գործարանի արտադրանքն իրացնող կազմակերպությունները (հիմնականում՝ ինարարական) մատնվում են պարապուրդի… Եթե Տիգրան Սարգսյանն իր վարչապետության ողջ ընթացքում 1000 աշխատատեղ ստեղծած լիներ, այսօր մեր գլուխը կտաներ այդ հերոսությամբ: Բայց, քանի որ ոչ նա, ոչ էլ այս իշխանությունները դեռ նման բնագծերի մասին կարողանում են միայն երազել, ապա ստեղծված իրավիճակում նրանց մնում է միայն շվարած շուրջները նայել: Իսկ Արարատ ցեմենտը դեռ ամենախոշորը չէ, Գագիկ Ծառուկյանի տնտեսական իմպերիայում: Բանն այն է, որ ի տարբերություն ՀՀԿ-ական օլիգարխների, Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չարչիությամբ չի սահմանափակվում՝ առնել-ծախելով: Նա խոշոր արտադրող է, ընդ որում՝ տեղական արտադրող, ինչը նշանակաում է նաև՝ խոշոր գործատու: Ինչ է անելու ՀՀ կառավարությունը, եթե Արարատ ցեմենտին հետևեն մյուս ձեռնարկությունները, կկարողանա՞ դիմագրավել սոցիալական խնդիրների լրացուցիչ ճնշումներին, կկարողանա՞ առնել արտագաղթի հերթական մասսայական ալիքի առաջը, խուսափել սոցիալական բունտերից: Հավանաբար հենց այս հեռանկարն էլ շփոթության է մատնել իշխանություններին, որոնք ծրագրել էին մինչև նախագահական ընտրություններ Հայաստանը ներկայացնել որպես դրախտավայր՝ թոշակներ բարձրացնել, գներ իջեցնել, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի գին չբարձրացնել և այլն: Ահա և վտանգվում է այդ պսպղուն ծրագիրը: Մյուս կողմից էլ՝ չեն կարողանում չքաղաքականացնել ցեմենտի գործարանի կանգնելուն ու կապ են փնտրում Սիվիլիթասի հետ: Որ այդ կապն անշուշտ կա, ոչ ոք չի էլ կասկածում, բայց ինչպե՞ս դա ասել հասարակությանը, ինչպե՞ս ներկայացնել, որ ԲՀԿ-ի գործողությունների տրամաբանությունը շատ էլ չերևա և հասարակությունն ի դեմս ԲՀԿ-ի, լուրջ դերակատարի չտեսնի քաղաքական դաշտում: Սա ոչ պակաս դժվարին խնդիր է, քան սոցիալական բունտերի դեմն առնելը: Որովհետև, եթե ԲՀԿ-ն հաղթող դուրս գա այս մենամարտում և իր լծակներով (իսկ Օսկանյանի պարագայում նաև քաղաքական լծակներով) իշխանություններին պարտադրի հեռավորություն պահել իրենից, ապա նախագահական ընտրությունների ելքը կարող է ավելի վաղ որոշվել և ոչ հօգուտ գործող իշխանության:

Իշխանությունն, անշուշտ, հաշվարկել է այս ամենը: Բայց, այ, ելքը, ելքը չի գտնում և հենց դա է պատճառը, որ իշխանական լրատվամիջոցներն ու ծակպրոֆեսոր վերլուծաբանները անընդհատ զադնի-պերեդնի են դնում ու ոչ մի կերպ չեն կարողանում իրենց էշը ցեխից հանել:

Այսքան տանջվելու փոխարեն՝ նրանք լավ կանեին հետևել հենց Ծառուկյանի առաջարկին՝ հնարավորինս լայն համագործակցություն քաղաքական ուժերի հետ, նրանց ներուժի լիարժեք օգտագործում՝ երկրի առջև կանգնած խնդիրները համատեղ լուծելու համար: Փոխարենը գնում են լրացուցիչ սրացումների, ավելորդ տեղը հայտնվում օտարերկրյա դիվանագետների ուշադրության կենտրոնում, երկիրը դնում նորանոր ճնշումների սպառնալիքի տակ:

Մի պահ իրար կողքի դրեք 2 միլիոն եվրոն, որի շրջանակներում իբր անօրինականություններ է թույլ տվել Սիվիլիթասը, և այն ողջ կապիտալը, որ մեկ արտահայտությամբ կոչվում է երկրի հեղինակություն: Իհարկե անհեթեթություն է իշխանության արածը, իհարկե սա քաղաքական ենթատեքստ ու հիմք ունի, իհարկե սա քաղաքական հետապնդում է: Այլապես ինչո՞ւ հնարավոր չեղավ Օսկանյանին հրավիրել ոչ թե ԱԱԾ, այլ Կենտրոնի հարկային բաժին և բարեկամաբար խնդրել՝ մեկ զեկուցագրի սահմաններում բացատրել իրավիճակը, որ նաև իրենց հասկանալի դառնա, թե որտեղից եկան այդ փողերն ու ուր գնացին:

Սեփականության վերաբաշխման գործընթացն անխուսափելի երևույթ է, հարիր բոլոր հասարակություններին, իսկ վայրի կապիտալիզմի ճիրաններում կեծկեծող հասարակություններին առավել ևս: Այդ պրոցեսն ընթանում է ամեն օր, ամեն ժամ, իշխանությունների փոխվելու հետ՝ դառնում ավելի զգալի: Մենք իրավունք չունենք տրվելու դրան, լրացուցիչ խթանելու այն ու գեներացնելու: Դա կարող է մեզ համար շատ տխուր ավարտ ունենալ: Սեփականության վերաբաշխման Ճիշտ ճանապարհը ազատ մրցակցությունն է և այդ մրցակցության շնորհիվ բիզնեսի բնագավառում առավել շնորհալիներին ու հաջողակներին ի հայտ բերելը: Ուժային ցանկացած միջամտություն այս հարցում ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Մեր ժողովրդին, մեր բանակին, սփյուռքի մեր հայրենակիցներին վստահության մթնոլորտ է անհրաժեշտ, մի բան, որ չի կարելի երբեք ձեռք բերել այսպիսի ՙաննախադեպ՚ խայտառակ ընտրություններով, այսպիսի անընդունելի կերպարներին իշխանության բարձրագույն օղակներում պահելով ու գուրգուրելով: Սա վերարտադրության մոլուցք է, որ նույնիսկ հեռավոր կապ չունի կայունություն և վստահություն եզրույթների հետ:

Էդիկ Անդրեասյան  

Այս խորագրի վերջին նյութերը