Լրահոս

15.06.2012 18:37


Ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյա հոբելյանին

Ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյա հոբելյանին

Հունիսի 12-ին Ամստերդամի համալսարանի ծիսասրահում տեղի ունեցավ  «Հայ գրքի սփյուռքը. 1512-2012թթ.» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուների և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ: Այն նվիրված է հայ գրատպության 500- ամյա հոբելյանին, կազմակերպվել է վերջինիս համար կարևորագույն կենտրոններից մեկում` Ամստերդամում, և տևելու է երեք ամիս:

Ցուցահանդեսի բացման արարողությանը Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուների տնօրեն Ստեֆ Սխոլտենը ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի իրականացման ուղին ու դրա կարևորությունը: Այնուհետև, հայ ժողովրդի պատմության, լեզվի ձևավորման ու հայ մշակույթի համար դրա կարևորության վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թեո վան Լինտը:

            Ներկաներին իրենց ողջույնի խոսքով դիմեցին նաև Ամստերդամի համալսարանի գործադիր խորհրդի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Լուիզ Խունինգ-Սխեպերսը, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Յապ Վերները, և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Պրն. Վերներն իր խոսքում անդրադարձավ նաև միջոցառման կարևորությանը հայ-հոլանդական հարաբերությունների տեսանկյունից, իսկ պրն. Զարգարյանը նշեց Ամստերդամի հայ գրատպության հիմնական ձեռքբերումների մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում տպագրված «Հայ գրատպության սփյուռքը. 1512-2012թթ.» գրքի առաջին օրինակները տկն. Խունինգ-Սխեպերսի կողմից նվիրվեցին պարոնայք Վերներին և Զարգարյանին: Ի պատասխան, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը Ամստերդամի համալսարանի գործադիր խորհրդի նախագահին նվիրեց Վենետիկում տպագրված առաջին հայատառ գրքի` «Ուրբաթագրքի»,  կրկնօրինակը, Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված գիրքն ու Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները»:

Բացման արարողությանը հետևեց ցուցահանդեսի դիտումը Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուներին պատկանող «Հատուկ հավաքածուներ» թանգարանում: Մատենադարանից և  Հայաստանի ազգային գրադարանից բերված, Ամստերդամի համալսարանի Ժառանգության հավաքածուներում ու Լեյդենի համալսարանում խնամքով պահվող ավելի քան 120 նմուշ գրքերի ու այլ ցուցանմուշների միջոցով միջոցառման մասնակիցները, որոնց թվում էին Նիդերլանդերում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչները, հոլանդահայ կազմակերոպւթյունների ու հոլանդական ակադեմիական շրջանակների  անդամները, հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ գրատպության անցած հինգդարյա ճանապարհին, հայոց պատմությանը, ինչպես նաև հոլանդահայ համայնքի պատմությանը: 

Այս խորագրի վերջին նյութերը