Քաղաքական

15.06.2012 13:34


Ալեքսանդր Արզումանյան. «Այստեղ կա քաղաքական դրդապատճառ»

Ալեքսանդր Արզումանյան. «Այստեղ կա քաղաքական  դրդապատճառ»

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը մեկ այլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական պատվեր: Արզումանյանը, որն այդ հոդվածով ազատազրկվել է, «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում ասել է՝ ինքն ու իր ընկերներն անելու են ամեն ինչ, որ Օսկանյանը քաղբանտարկյալ չդառնա.

– Ես՝ որպես մի քանի անգամ քաղբանտարկյալ եղած մարդ, մշտապես պայքարել եմ, որ քաղբանտարկյալներ չլինեն Հայաստանում: Վստահ եմ, որ ես և իմ ընկերներն ամեն ինչ կանենք, որ պարոն Օսկանյանը չհամալրի քաղբանտարկյալների շարքերը:

Անդրադառնալով Օսկանյանի դեմ մեղադրանքի քաղաքական ենթատեքստին ու մեկնաբանելով իր ու Օսկանյանի գործերի նմանության փաստը՝ Արզումանյանն ասել է.

-Հանգամանքներին, գործին ծանոթ չլինելով՝ մի բան ինձ համար ակնհայտ է՝ որ այստեղ կա քաղաքական  դրդապատճառ, և հետապնդումը քաղաքական բնույթի է: Այստեղ ես որևէ կասկած չունեմ: Սակայն սա այն է, ինչ մենք ունենք: Այո՛, իմ նկատմամբ նույնպես հարուցվել էր գործ նույն հոդվածով, և այն դեռ կարճված չէ: Իմ հայցն այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, մտել է վճիռ կայացնելու փուլ, և վստահ եմ, որ շատ շուտով կլինի վճիռը: Հիմա իրավիճակն իրոք տարբերվում է հինգ տարի առաջվա իրավիճակից: Այն ժամանակ ընդամենը իմ թիմը և իմ հարազատներն էին ձայն բարձրացնում, խոսում այդ մասին: Այսօր պարոն Օսկանյանը, փառք Աստծո, հնարավորություն ունի ամեն օր եթերով իր տեսակետը հասցնելու, դա էլ հնգամյա պայքարի հետևանք է, որ այսօր այդ քննարկումը դրվում է շատ ավելի բաց: Ես զրկված եմ եղել որևէ բան ասելու հնարավորությունից: Վստահ եմ՝ պարոն Օսկանյանը կշարունակի օգտվել մեդիայի հնարավորություններից: Ավելին՝ նա ներկայացնում է շատ բազմաքանակ կուսակցություն և ազդեցիկ կուսակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը