Քաղաքական

15.06.2012 10:18


ԲՀԿ–ն հանդես կգա համապարփակ գնահատականով

ԲՀԿ–ն հանդես կգա համապարփակ գնահատականով

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մանրամասնորեն հետևում է նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի շուրջը ծավալվող զարգացումներին:

Զոհրաբյանը հավելել է, որ իրենք իրապես մտահոգված են Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված գործընթացներով.

«Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում չէ: Նա ամենայն մանրամասնությամբ հետաքրքրվում է գործի մանրամասներից: Մենք մեր կուսակից գործընկերոջ կողքին ենք, և առաջիկայում հնարավոր է՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, որոշակի մանրամասներ ճշտելուց հետո, հանդես գա առավել համապարփակ գնահատականով,–ասել է Ն. Զոհրաբյանը։–Շատ տարօրինակ և անսպասելի զուգադիպություններ կան, որոնք մեր երկրում, մեր տիպի երկրում, հենց այնպես չեն լինում: Որոշակի մտահոգություններ այդ հարցում, իհարկե, կան… Ինչո՞ւ հիմա, երբ Օսկանյանը սկսեց ակտիվորեն ներգրավվել քաղաքական պրոցեսներում: Զուգադիպություններ, այդ թվում` շատ անսպասելի և տարօրինակ, իհարկե, կան, որոնք հենց քաղաքական հարթության մեջ որոշակի հարցեր առաջացնում են։ Եվ այդուհանդերձ, ես հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհով չենք գնա, և չէի ցանկանա, որ այս կամ այն քաղաքական ուժի քաղաքական մոտիվացիաները ինչ-ինչ այլ` ոչ օրինական գործընթացների պատճառ դառնային»:

Ն. Զոհրաբյանը խոսել է նաև ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության դիրքորոշման մասին` նշելով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը անփոփոխ է մնացել իր կազմով, իր նախորդ ծրագրերի իրականուցումը, ըստ էության, չի կատարել.

«Կառավարության ծրագիրը Անդերսենի հեքիաթները կամ բեսթսելլեր չէ, որ լավ կամ վատ գրված լինի: Կառավարության ծրագիրը լինում է կամ կատարված, կամ չկատարված: Եվ, ի դեպ, ես համաձայն չեմ ձևակերպման հետ, թե նոր կառավարությունը նոր ծրագիր է բերել: Ըստ էության՝ չի վոխվել վարչապետը, և կառավարությունը վստահաբար ողջ կազմով մնալու է անփոփոխ: Իսկ դա նշանակում է, որ այն կառավարությունը, որի գործունեության օրոք արձանագրվել է 14,8 տոկոս տնտեսական անկում, շարունակելու է պաշտոնավարել: Իսկ թե ինչպիսին կլինի մեր գնահատականը, կտեսնեք «Բարգավաճ Հայաստան»-ի քվեարկության ժամանակ»: 

Իսկ այն լուրերին, թե վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի մնալը դարձավ կոալիցիոն կառավարություն ձևավորելուց հրաժարվելու՝ Գագիկ Ծառուկյանի որոշման պատճառը, ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես է արձագանքել.

«Ես չէի ցանկանա անձնավորել, կոնկրետ անձերի մասին խոսել. մեկ բան հստակ է՝ որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը չի հաջողել, և այդ կառավարությունը հայտ է ներկայացնում գրեթե անփոփոխ կազմով շարունակելու իր գործունեությունը: Սա է խնդիրը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը