Քաղաքական

14.06.2012 13:31


Արտակ Դավթյան. «Ես շատ կցանկանայի, որ այն, ինչի մեջ մեղադրվում է Օսկանյանը, այդ ամենը հերքվեր»

Արտակ Դավթյան. «Ես շատ կցանկանայի, որ այն, ինչի մեջ մեղադրվում է Օսկանյանը, այդ ամենը հերքվեր»

ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է  Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նշելով.

–Ես ձեռնպահ կմնամ հավելյալ մեկաբանություններ կատարելուց, որովհետև մի կողմից  անմեղության կանխավարկած ասվածը գոյություն ունի, ինչը պիտի հարգենք, մյուս կողմից էլ կա փաստ ու փաստի առթիվ հարուցված քրեական գործ։ Համբերենք ու հետևենք, թե ինչպիսի ընթացք կունենա գործը։

Հարցին՝ 10 տարվա համատեղ աշխատանքը հաշվի առնելով՝ արդյոք  Օսկանյանը կարո՞ղ էր «փողերի լվացումով» զբաղվել, Դավթյանը պատասխանել է, թե անձամբ ինքը շատ կցանկանար, որ Օսկանյանի դեմ հնչող այդ մեղադրանքները հերքվեն, ու հավելել է.

–Ես խորին հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր այն պետական այրերի հանդեպ, ովքեր իրենց գործունեությամբ ապահովել են դրական արդյունքներ մեր պետության կայացման, զարգացման, միջազգային կապերի ամրապնդման գործում, առավելևս, երբ այդ պետական այրը այնպիսի կարևոր ոլորտ է ղեկավարել, ինչպիսին ԱԳՆ–ն է։ Կարծում եմ, որ Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում ունի բավականաչափ արդյունքներ արձանագրած։ Մարդկային առումով ևս բավական դրական եմ վերաբերվում պարոն Օսկանյանին, սակայն ինչի մասին էլ խոսելուց լինենք, այսօր կա փաստ, որի առթիվ հարուցվել է գործ։ Զինվենք համբերությամբ։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Օսկանյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, Դավթյանը պատասխանել է.

–Դա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու իրավունքն է։ Եթե Օսկանյանը ցանկություն ունենա և իր ուժերը ճիշտ հաշվարկի ընտրություններին մասնակցելու տեսանկյունից, ապա դա, փաստորեն, նրա և իր կուսակցության սուվերեն և բացառիկ իրավունքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը