Լրահոս

14.06.2012 11:01


ՀՀ կառավարությանը կոչ են անում չհաստատել Սևանից 320 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը

ՀՀ կառավարությանը կոչ են անում չհաստատել Սևանից 320 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը

Կառավարության հունիսի 14-ի նիստում կքննարկվի Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու նախագիծը։

Հունիսի 13-ին` աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կառավարության կայքում հայտնվեցին նախագծեր, որոնց ընդունմամբ Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 2012թ. կգերազանցի օրենքով սահմանված ծավալին: Կառավարության նիստում` հունիսի 14-ին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրեաս Անդրեասյանը կներկայացնի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ այդմ, Սևանա լճից 2012թ. բացթողումները կհասցվեն 320 մլն խմ-ի այն դեպքում, երբ օրենքով հաստատված ծավալը կազմում է 170 մլն խմ: Ջրի նման չափաքանակի բացթողման պատճառը, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հիմնավորման, ոռոգման ջրի սակավությունն է, Ապարանի և Ազատի ջրամբարների նվազ լցվածությունը:  Փաստաթղթում նշված է. «13.06.2012թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 31.81 մլն մ3, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաu է 59.32 մլն մ3-ով, իuկ Ազատի ջրամբարի լցվածությունը 13.06.2012թ. դրությամբ կազմել է 60.57 մլն մ3, որը 2011թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 9.51 մլն մ3-ով»:

Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ Ազգային ժողովը աննախադեպ որոշում ընդունեց, որն էր՝ փոփոխություններ մտցնել «Սևանա լճի էկոհմակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որտեղ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչև 170 մլն խմ, և հաստատեց 303 մլն խմ ծավալով ջրի բացթողումը: «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի պաշտոնական տվյալների համաձայն` 2008թ. Ապարանի ջրամբարի լցվածությունը 27,93 մլն խմ է եղել, իսկ Ազատի ջրամբարինը` 46,36 մլն խմ, այսինքն` միասին վերցրած գումարային լցվածությունը կազմել է 73,66 մլն խմ: Ապա 2009թ. ջրի գումարային լցվածությունը կազմել է 97.72 մլն խմ, 2010թ.` 153.72 մլն խմ, իսկ 2011թ.` 146.45 մլն խմ: Միջինացված տվյալներով 2012թ. լցվածությունը կազմել է 93,4 մլն խմ: Այսինքն` 2012թ. գործնականում համեմատվում է 2009թ. հետ, երբ Սևանա լճից ջրի բացթողումները կատարվեցին օրեքին համապատասխան: Եվ ոչ մի համեմատություն չի կարող լինել 2008թ. հետ, քանի որ ջրամբարները լցված են 23,97 մլն խմ-ով կամ 33%-ով ավելի: 
«ԷկոԼուր»-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ չհաստատել այս նախագծերը` հաշվի առնելով Ջրային տնտեսական պետական կոմիտեի հիմնավորման աննպատակահարմարությունը, ինչպես նաև Սևանա լճի էկոհամակարգի համար բարձր ռիսկերը` կապված լճի մակարդակի անդադար բարձրացման ռեժիմի խախտման և նրա կտրուկ տատանման հետ: Կառավարությունը պետք է հետևի գործող օրենքին և թողնի Սևանա լճից ջրի բացթողումների` 2012թ. հաստատված 169 մլն խմ ծավալը:

«ԷկոԼուր»

Այս խորագրի վերջին նյութերը