Կարծիք

08.06.2012 13:57


Երբ հասարակությունը բարոյալքվում է

Երբ հասարակությունը բարոյալքվում է

Երբ հասարակությունը բարոյալքվում է, ապա արդեն կարող են եւ մարդ սպանել ընդամենը նախատեսվածից մի քանի ուղեւոր փոխադրած երթուղային երիտասարդ վարորդին: Ավելին, դաժան ծեծը եւ սպանությունը կարող է տեղի ունենալ մարդկանց աչքի առաջ, բայց որեւէ մեկը հարձակման ենթարկվողին չի փորձի օգնել: Բարոյալքված հասարակություններում, որտեղ արժեքը միայն նյութն է, հենց այսպես էլ լինում է:

Բացեք ցանկացած էլեկտրոնային լրատվամիջոց եւ փորձեք գտնել, թե որ նյութերն են ամենակարդացվողը: Դուք շատ արագ կհայտնաբերեք, որ ամենաշատը կարդացվում են այն նյութերը, որտեղ խոսք կա ֆիզիկական եւ սեռական բռնության մասին: Հայաստանցի ընթերցողին քիչ են հետաքրքրում Ղարաբաղի հարցին վերաբերող նյութերը, գրեթե չեն հետաքրքրում տնտեսական վերլուծությունները եւ մեր հանրությունն արդեն մոռանում է աննախադեպ կեղծիքներով անցած խորհրդարանական ընտրությունների մասին: Փոխարենը կրկին համացանցում են ազգային պոռնոաստղ դարձած ոմն Անժելայի լուսանկարները, որոնք պարբերաբար հանվում եւ դրվում են այս կամ այն կայքում, եւ որից հետո մեր բազմաչարչար ազգը որոշ ժամանակ խոսում է հենց այս մասին:

Այնպիսի տպավորություն է կարծես ընտրությունների արդյունքները կեղծվել են հեռավոր Իսլանդիայում, այնպիսի տպավորություն է կարծես մենաշնորհներից տուժում է ոչ թե Հայաստանի, այլ Գերմանիայի տնտեսությունը: Այնպիսի տպավորություն է, կարծես աննորմալ գնաճը հարվածում է ոչ թե հայաստանցիներին, այլ բացառապես ամերիկացիներին, եւ վերջապես այնպիսի տպավորություն է, կարծես Ղարաբաղի հարցը կամ հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են ոչ թե մեզ, այլ Ռուսաստանին կամ Կանադային:

Հասարակությունը բարոյալքվում է եւ պետական քարոզչությունը այստեղ ակտիվ դերակատարում ունի: Հետեւեք ցուցադրվող սերիալներին, հեռարձակվող հաղորդումների թեմաներին եւ ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: ՀՀ ֆինանսների նախարարը հայտարարում է, թե մակրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը խնդիրներ չունի: Պարզ է չէ՞, որ նման հայտարարությունից հետո բարոյալքումն ավելի կխորանա, քանի որ նույնիսկ ոչ տնտեսագետ հայ մարդը հասկանում է, որ ֆիննախարարը պարզապես ինքնագովասանքով է զբաղված եւ խեղաթյուրում է իրականությունը: Հիմա նույնիսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը իրեն նման հայտարարություն չի կարող թույլ տալ:

Հայաստանը մեկ այլ երկիր է: Այստեղ տրամաբանությունը չի աշխատում: Այստեղ կարող են վերցնել եւ մեկ օրում կառավարության շենքը, որ պետության խորհրդանիշներից մեկն է, վերածել հյուրանոցի եւ մի լավ փող աշխատել: Այստեղ կարող են Փակ շուկայի շենքն ավերել, իսկ հետո սեյսմիկից թուղթ հանել, թե ինքնափլուզում է տեղի ունեցել: Իսկ հանրության մեծ մասն այս ամենի նկատմամբ անտարբեր է:

Օրերս մի քանի ուսանողներ, որոնք ապագա սոցիոլոգներ են, Երեւանի փողոցներում իրենց հասակակիցների շրջանում հարցում են անցկացրել, պարզելու, թե նրանցից քանիսն են տեղյակ, որ Հայաստանում է եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ թե քանիսն են տեղյակ Չինարիում եւ Տավուշի մարզի այլ բնակավայրերի մոտ տեղի ունեցած գործողությունների մասին:

Երիտասարդները շատ հետաքրքիր պատկեր են ստացել: Պարզվում է, որ 17-22 տարեկան հայ երիտասարդների միայն 14 տոկոսն է տեղյակ եղել Քլինթոնի այցի մասին, իսկ Չինարիի դեպքերի մասին լսել է միայն յուրաքանչյուր երրորդը: Սա կոչվում է սովորական անտարբերություն, որը հաջորդում է բարոյալքմանը: Իսկ երբ ապագա սոցիոլոգները փորձել են պարզել, թե երիտասարդներն արդյոք գիտե՞ն, թե որտեղ է Չինարի գյուղը, շատ ավելի տխուր պատկեր է ստացվել:

Ո՞ւր ենք այսպես գնում, իսկապես դժվար է ասել, բայց օրերս ադրբեջանական մի թերթ գրել էր, թե Հայաստանը դանդաղ, բայց համառ քայլերով գնում է դեպի կոլապսի հետ հանդիպման:

Բնականաբար, դեռ մենք բավարար ռեսուրսներ ունենք այդ հանդիպումը թույլ չտալու համար, բայց դրա համար անհրաժեշտ է դուրս գալ այս նոկաուտային վիճակից, հավաքվել եւ զբաղվել երկրի փրկության, այս վիճակից դուրս գալու մասին: Ընդամենը մի քանի քայլ է պետք է անել: Դրանք դժվար, բայց ոչ անհնար քայլեր են:

Խոսրով Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը