Լրահոս

08.06.2012 10:20


Պատրաստ են պահանջով դիմել ԵՄ համապատասխան մարմիններին` գնահատական տալու Ադրբեջանի պատերազմ հրահրելու քայլերին

Պատրաստ են պահանջով դիմել ԵՄ համապատասխան մարմիններին` գնահատական տալու Ադրբեջանի պատերազմ հրահրելու քայլերին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը հունիսի 7-ին ընդունել է «Միջին Եվրոպայի բարձրագույն համալսարանի» /Սկալիցա, Սլովակիա/ ռեկտոր Հայդի Շվարցովային: Այս համալսարանն ունի աշխատանքային համագործակցության պայմանագրեր Երևանի հայ-ռուսական «Սլավոնական համալսարանի», Գորիսի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի հետ /Ստեփանակերտ/: Վերջին համագործակցությունն` Արցախի համալսարանի հետ ամիսներ առաջ ստորագրված պայմանագիրը, մեծ աղմուկի տեղիք է տվել Ադրբեջանի կողմից: Նախ Ադրբեջանի ԱԳՆ-ը բացատրություն էր պահանջել Սլովակիայի դեսպանից և ստացել պատասխան, որ Սլովակիայի ԱԳՆ-ը չի կարող ազդել սլովակյան համալսարանի և արցախյան համալսարանի համագործակցության վրա: Դրանից զայրացած ադրբեջանական իշխանությունները փորձել են ամեն տիպի ճնշումներ գործադրել Սկալիցայի համալսարանի և նրա ռեկտորուհու վրա` հայտարարելով, որ առանց Բաքվի թույլտվության ոչ ոք իրավունք չունի համագործակցելու Արցախի պետական կառույցների հետ: Ի պատասխան տիկին Շվարցովան հայտարարել է, որ հաջորդ անգամ Արցախ գնալուց նա կհայտնի ադրբեջանական դեսպանատանն իր այցի մասին և կփորձի տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանություններն օգնելու և կամ խանգարելու նրա այցին: Հայաստանում և Արցախում եղած ժամանակահատվածում տիկին Շվարցովան ականատես է եղել, որ Արցախը ոչինչ չունի ընդհանուր Ադրբեջանի հետ: Ավելին, ադրբեջանցիներն Արցախ այցելելու համար պետք է ունենան հայկական և արցախյան վիզաներ: Այնպես որ, ըստ տիկին Շվարցովայի, ադրբեջանական հոխորտանքները զավեշտի են նմանվում:

Տիկին Շվարցովան պարոն Գրիգորյանին հայտնեց Սկալիցայի համալսարան Արցախից ուսանողներ ընդունելու կանոնակարգը և կողմերը պայմանավորվեցին, որ մինչ օգոստոսի 31-ն արցախացի 10-15 աբիտուրենտ կարող են քննություն հանձնել Սկալիցայի «Միջին Եվրոպայի երկրների համալսարանի» արտաքին հարաբերությունների ֆակուլտետում սովորելու համար: Արցախցիների համար ուսման տարեկան վարձը կլինի չնչին և կկազմի եվրոպական համալսարանների սակագնի ընդամենը տաս տոկոսը: Ավելին, ԵՀՄՖ-ը և Սկալիցայի համալսարանը կդիմեն «Վիշեգրադիան քառյակի ֆոնդ»-ին` խնդրելով ֆինանսական օգնություն տրամադրել այն ուսանուղներին, որոնց կեցության ծախսերը հոգալը դժվարություն կհարուցի տվյալ ուսանողի համար: Դասավանդման լեզվի ընտրությունը` կախված աբիտուրենտների ցանկությունից, կլինի անգլերեն կամ ռուսերեն: Համանման մոտեցում կցուցաբերվի նաև Գորիսի համալսարանի աբիտուրենտների համար: Միաժամական պայմանավորվեցին սկսել նախապատրաստական աշխատանքներ նոյեմբերին Արցախի անկախության 20-ամյակին նվիրված միջազգային կոնֆերենցիա կազմակերպելու շուրջ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի սահմանային կետերի վրա Ադրբեջանի կատարած հարձակումների փաստին, կողմերը նշեցին, որ այդ գործընթացը շարունակական լինելու դեպքում պատրաստ են դիմելու Սլովակիայի և ԵՄ համապատասխան մարմիններին` պահանջելով տալ գնահատական ադրբեջանական կողմին այսպիսի լարված իրավիճակում պատերազմ հրահրելու մեղադրանքով:

Օգտվելով առիթից ԵՀՄՖ-ի նախագահությունը հանդես է գալիս հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ քայլը և նշում է, որ նոր պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը ևս մեկ անգամ կտա տասնյակ հազարավոր զոհեր և կկորցնի նոր տարածքներ: Սա է հուշում այդ տարածաշրջանում գեոքաղաքական իրավիճակի վերլուծությունը, քանի որ այդպիսի պատերազմը չի կարող լինել լոկալ և անմիջապես դառնալու է տարածաշրջանի մաս կազմող հզոր պետությունների հետաքրքրության առարկան:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը