Կարծիք

08.06.2012 11:21


Լինել, թե չլինել

Լինել, թե չլինել

Լինել,թե չլինել, այս է խնդիրը…

                                                                               Վ.  Շեքսպիր

 Ով կմտածեր, որ քսանմեկերորդ դարում Շեքսպիրի այս խոսքերը արդիական կլինի աստվածատուր մի ազգի համար` ինչպիսին Հայն է իր Հայրենիքում: Այո, Հայի տեսակի ու մեր պետականության լինելու կամ չլինելու խնդիրն է «գոյության թրի» նման կախվել մեր ազգի գլխին:  

Այդ թուրը դարեր շարունակ մեզնից չի հեռացել:

14-19–րս դարերում  այլ ազգերի ու էթնոս խմբերի լծի տակ մնալով դժվարությամբ ստեղծեցինք Մեր Երկիրը: Չեմ ուզում մեղադրել այդ դարերին ապրած մեր ժողովրդին, բայց հաստատ կարող եմ ասել, որ իշխանական էլիտան ի զօրու չի եղել միավորվել ու պայքարել, համախմբվել ու առկա խնդիրներին լուծում տալ միասնաբար, այլ ջայլամի քաղաքականությամբ, հանուն անձնական կյանքի փրկության և նյութական կորուստի վախի պայմաններում զիջողի ու ենթարկվողի դերում է եղել: Պայքարողները քիչ են եղել ու միայնակ: Այդ ժամանակներում  հայ ժողվուրդը պարբերաբար մատնվել է սովի կամ բռնել գաղթի ճանփան: Այդ ժամանակներում  չհավատալով սեփական ուժին` փրկություն ենք աղերսել Հռոմից, Ֆրանսիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և այլուայլ երկրներից: Մեզ վրա հարձակվել են երբ զգացել են, որ տկար ենք եղել: Ասպատակել են մեր հողերը, ստրկացրել ու վաճառել մեր տղամարդկանց ու կանանց: Վտանգված է եղել հայ ժողովրդի ճակատագիրը, որովհետև միասնաբար չենք պայքարել մեզ վտանգող ցանկացած խնդիր լուծելու համար: Մեզ միշտ դավաճանել է մեր միաբանությունը, որի արդյունքում կորցրինք մեր հողերի գերակշիռ մասը:

 Պատմությունը ունի իր վատ կողմը` կրկնությունը: Այո` կրկնությունը:

Այսօրվա Հայաստանը նույնպես ունի լուրջ խնդիրներ` արտագաղթ, աղքատություն, տնտեսական անկում, սով, աննախադեպ աճող գործազրկություն, արտաքին օրեցօր աճող պարտք, պատերազմական վիճակ, արտաքին կախվածություն, զոհեր սահմանին…: Թշնամին նորից նախահարձակ է տվել, որովհետև ի դեմս մեզ տեսել է թուլացող Հայաստանի, որտեղ ոտնահարված են ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, որտեղ հայը լքում է իր երկիրը ու իր զավակներին մեծացնում արտերկրներում, որտեղ աղբամաններից օգտվողների նոր դասակարգ է ի հայտ գալիս…

 Դժվար և ծանր է պատկերացնել, որ Հայոց Աշխարհը տաս անգամ մեծ է եղել քան այսօրվա ՀՀ տարածքն է: Կորցնել այսքա՛ն: Շինարար, արարիչ, բայց այսքա’ն տկար: Ենթարկվել ենք ու անճա’ր եղել: Ո՛չ: Չեմ ուզում հավատալ. պարզապես ճակատագիրը մեր նկատմաբ դաժան է եղել: Դաժան է նաև այսօր. մեր երկրում իշխում են անարժանները:

 Մարդիկ, ովքեր թքաց ունեն մեր երկրի ներկայի ու ապագայի վրա, սահմանում զոհված մեր զինվորների վրա, աղքատության ճիրաններում ապրող զանգվածներիի վրա…: Կրկնակի դաժան է, որովհետև մեզ նորից դավաճանեց մեր միաբանությունը, երբ ընտրական աճպարարությամբ իշխանության վերարտադրումը ազգովի կուլ տվինք: Բայց ավելի վտանգավորը պատմության կրկնություն է, երբ միասնաբար չկարողանալով հաղթահարել մեր խնդիրները` կորցրել ենք մեր հողերը: Իսկ այսօր նույնիսկ մի թիզ զիջելը մեր պետականության կործանումը կլինի: Ուրեմն դասեր քաղելով պատմությունից` մեր խնդիրները շտապ լուծում պետք է տանք:

 ԱՅՈ, ՇՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ, որպեսզի հետո մեր ապագա սերունդներին պարզ աչքերով կարողանանք նայել:

Շավարշ Շահբազյան 

Այս խորագրի վերջին նյութերը