Լրահոս

06.06.2012 16:21


Ոռոգման խնդիրներին նվիրված խորհրդակցություն ՏԿՆ-ում

Ոռոգման խնդիրներին նվիրված խորհրդակցություն ՏԿՆ-ում

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ խոհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Քննարկվեցին անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գևորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորեց առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել եւ գյուղացիական տնտեսություններին ջուրը խնայողաբար մատակարարել` միաժամանակ բավարարելով պահանջարկը: «Ցանկանում եմ վստահեցնել, որ թե կառավարության պատասխանատուները, թե ՋՕԸ ղեկավարներն ամեն ինչ կանեն` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարելու համար: Ջրամատակարարումը պետք է իրականացվի առավելագույնս կազմակերպված»,-ընդգծեց Ա. Գևորգյանը` չբացառելով, որ կարող են նաև ռեժիմային փոփոխություններ լինել և որոշ համայնքներում անցնեն գիշերային ոռոգման:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա. մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս, Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց, Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ ` նախորդ տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, Ապարանի ջրամբարի ջուրն օգտագործվելու է միայն տարածաշրջանի գյուղերի խնձորի այգիների ոռոգման համար եւ այլ նպատակով չի տրվելու: Այս տարի ավելի շուտ` մայիսի 2-ից է սկսվել Սեւանից ջրառը, մինչդեռ սովորաբար լճից ոռոգման նպատակով ջուր վերցվում էր հունիսի կեսերից: Ըստ Ա. Գեւորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սեւանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ. մինչև 320 մլն խմ դարձնելու առաջարկով:

Ա. Գևորգյանը առանձնահատուկ կարեւորեց նաեւ համակարգի անխափան գործունեության ապահովումը: Նա մասնավորպես ընդգծեց ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովումը, ինչը թույլ կտա խուսափել այլ ենթակառուցվածքների, մասնավորապես, էներգահամակարգի հետ կապված հնարավոր խնդիրներից: Նշվեց, որ թեեւ հավաքագրումների այս տարվա ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 100 մլն դրամով ավելի է, սակայն դա հասույթի ընդամենը 39 տոկոսն է կազմում: Միաժամանակ Ա. Գեւորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց բացառել ընկերությունների նախահաշիվներում նախատեսված ծախսերի ավելացումը:

Համակարգի արդյունավետ գործունեությունը Ա. Գևորգյանը կարևորեց նաև ոլորտում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շարունակականության տեսանկյունից: Նա նաև տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում ջրամբարային շինարարության ակտիվացման ուղղությամբ` հաշվի առնելով երկրի համար ջրային պաշարների կուտակման կարեւորությունը:

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց առաջնային ուշադրություն դարձնել ֆինանսական կայունության և կարգապահության խնդիրներին` շեշտելով, որ համակարգերը պետք է աշխատեն կրեդիտորական պարտավորություններ չձևավորելու սկզբունքով:

Խորհրդակցության ընթացքում իրենց տարածքներում առկա խնդիրները ներկայացրեցին նաև ՋՕ ընկերությունների ղեկավարները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը