Կարծիք

06.06.2012 14:20


Ո՞վ կհաղթի՝ վարչախո՞ւմբը, թե՞ ժողովուրդը

Ո՞վ կհաղթի՝ վարչախո՞ւմբը, թե՞ ժողովուրդը

Երբ նախագահը ընտրություններից հետո վարչապետին չի փոխում, նշանակում է, որ նա գոհ է Տիգրան Սարգսյանի աշխատանքից: Ավելին, երբ այդ նշանակման դեմ չեն բողոքում կառավարող կուսակցության առաջնորդները, նշանակում է, որ իրենք ևս գոհ են նրա աշխատանքից կամ այն օրն են ընկել, որ նրանց տեսակետն այլեւս որևէ մեկին չի հետաքրքրում, և նախընտրում են ոչինչ չասել:

Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ է, իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է շարունակել այն ամենը, ինչ արել է միչև հիմա: Իսկ որ ամենակարևորն է, նա հասկացնում է, որ եթե նախագահ վերընտրվի, ապա շարունակելու է նույն գիծը:

Իսկ երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն է, ապա բիզնես դաշտի ներկայացուցիչները հասկանում են, որ լինելու է ավելի վատ, քան կար: Այս նշանակումից հետո կապիտալի արտահոսք է սկսվելու, այս նշանակումից հետո մարդիկ սկսելու են իրենց բիզնեսից ազատվել կամ այն տեղափոխել արտերկիր:

Երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ վարչապետը Տիգրան Սարգսյանն է, գյուղացին հասկացավ, որ շարունակելու է միայնակ կռիվ տալ հողի և բյուրոկրատական ու բանկային համակարգի դեմ:

Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ է, և դա նշանակում է, որ Հայաստանում գները աճելու են, իսկ նա իրեն բնորոշ դեմքի արտահայտությամբ նայելու է տեսախցիկներին, լրագրողներին, գործարարներին և ասելու է, թե ի տարբերություն Սոմալիի՝ Հայաստանում գների աճի տեմպերը վերահսկվում են:

Սերժ Սարգսյանն ասում էր՝ հավատացեք, որ փոխվի: Ո՛չ հայ ընտրողը, ո՛չ էլ նույն Սերժ Սարգսյանը չհավատացին, և վարչապետը չփոխվեց, ու մենք դատապարտված ենք արձանագրել հերթական ձախողումները տնտեսության բոլոր ճյուղերում: Երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ է, դժվար է հավատալ, որ ներդրումները մեր տնտեսությունում գոնե մեկ տոկոսով կաճեն: Փոխարենը մենք հերթական անգամ կլսենք աշխարհացունց ծրագրերի մասին: Օրինակ՝ Իրան-Հայաստան երկաթուղագծին փոխարինելու կգա Քուվեյթ-Հայաստան նավթամուղը կամ Գառնին կվերածվի տիեզերագնացության համաշխարհային կենտրոնի:

Այս հայտարարությունների համապատկերին կրկին կշարունակվի արտագաղթը, քանի որ նման հայտարարություններով հայ մարդը չի կարող կերակրել և կրթել իր երեխաներին: Իսկ երբ լրագրողը Տիգրան Սարգսյանին հարցնի, թե ինչ է արվում արտագաղթը կանխելու համար, նա կարող է կրկին քահ-քահ ծիծաղելով ասել՝ ինչու կանխենք, թող գնան, որ հեղափոխություն չլինի, մենք էլ հանգիստ կառավարենք:

Սերժ Սարգսյանն այս նշանակումով և դրանից առաջ կայացած ընտրություններով ժողովրդին հասկացրեց, որ շարունակելու է անել այն, ինչ արել է մինչ օրս: Եվ այսքանից հետո մենք ՄԱԿ-ի փորձագետներից դեռ նեղանում ենք, որ կանխատեսում են, թե 35 տարի հետո Հայաստանում հազիվ երկու միլիոն մարդ է ապրելու: Այս ամենից հետո եթե երկու միլիոն մարդ մնա, դա դեռ հրաշք կլինի:

Եթե Սերժ Սարգսյանը գոհ է Տիգրան Սարգսյանի աշխատանքից, ապա նշանակում է, որ նա գոհ է գնաճից, դոլարի վայրիվերումներից, տնտեսական ձախողումներից, արտագաղթից, տնտեսվարողների թիվի կրճատումից, նյուվասյուկիզմից: Եթե գոհ չլիներ, ապա գոնե վարչապետի պաշտոնում այլ մարդ կհայտնվեր:

Այսքանից հետո Բաղրամյան 26-ի ենթակա, այսպես կոչված, անկախ, բայց խիստ պատասխանատու լրատվամիջոցներն ու պարբերականները շարունակում են կենտրոնանալ ԲՀԿ-ի վրա՝ ծպտուն անգամ չհանելով այս նշանակման հետևանքների մասին:

Բարոյալքումը հասել է գագաթնակետին: Երբ հանրությունը, մտավորականությունը չի ընդվզում այս նշանակման դեմ, ապա ամեն ինչ արդեն շատ վատ է: Եվ վերջին հաշվով ինչ սպասես այն մտավորական կոչվածից, որը ծափահարում է, երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե լավ կլինի, եթե լեռնային գյուղերի բնակիչները թողնեն իրենց բնակավայրերը և գնան ապարելու ավելի մեծ գյուղերում կամ քաղաքներում:

Ինչ սպասես այն մտավորականներից, որոնք ծպտուն չեն հանում և չեն պահանջում դադարեցնել Փակ շուկայի ավերումը կամ ձևափոխումը: Մենք լայն քայլերով գնում ենք դեպի վերջնական կործանում: Կամ մենք պետք է կանգ առնենք և գնանք զարգացման ճանապարհով, կամ կորցնելու ենք մեր երկիրը: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Եթե ոմանք կարծում են, թե երկրի կործանումը կարող է լինել այս կամ այն երկրի կողմից երկրի տարածքի գրավումով, ապա սխալվում են, դա պարտադիր պայման չէ: Առանց արտաքին միջամտության էլ է հնարավոր երկիր կորցնել:

Երբ «նկարած» 600 հազար ձայն ունեցողը վերցնում է ամբողջ իշխանությունը, և երբ կասկածելի պայմաններում հինգ տոկոսը հաղթահարած ուժին հրավիրում են կառավարություն, դա սովորական ծաղր է ժողովրդի և պետականության հանդեպ։ Երբ ներանշանակում են բացառապես անհաջողություններ արձանագրած վարչապետին, ապա դա կարևոր և վճռական քայլ է դեպի կործանում։ Երբ կուսակցությունների մեծամասնությունը զբաղված է ինտրիգներով և այս կամ այն նեղ անձնական հարցը լուծելով, ապա դա բարոյալքման գործընթացի գործում արված կարևորագույն ներդրում է:

Ավելորդ է անգամ քննարկել, թե ինչ ծրագիր է ներկայացնելու Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Հիմա միայն պետք փորձել խելք-խելքի տալ և հասկանալ, թե ինչ է պետք անել այս ցնորքից դուրս գալու համար: Եթե դուք դեռ չեք սթափվել, ապա մի քանի անգամ կրկնեք, որ վարչապետը կրկին Տիգրան Սարգսյանն է, և հաստատ կսթափվեք ու կփորձեք գտնել այս լաբիրինթոսից դուրս գալու ելքը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը