Քաղաքական

02.06.2012 12:38


Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց իր մանդատը վայր դնելու հարցը

Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց իր մանդատը վայր դնելու հարցը

Քիչ առաջ մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ առաջիկա երկու տարիներին իրենք առաջնորդվելու են վերջին համագումարում ընդունված բանաձևը կյանքի կոչելով։

Իր ելությում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշել է, որ այս վերջին շրջանը բոլորիս համար բացահայտեց մեր երկրի որակների ողջ պատկերը։

–Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են մերժել փողի ճնշման, գայթակղության սպառնալիքի մեթոդաբանությունը և քվեարկել խղճի համապատասխան,–նշել է նա՝ մասնավորապես ավելացնելով, որ քաղաքացիական այդ բանակը, որը քվեարկեց ոչ որպես ճորտ և ստրուկ, մեր երկրի ապագայի մեծագույն արժեքն է։

Ր. Հովհաննիսյանը, սակայն, նշել է, որ եթե ընտրությունների ոչ թե «դե ֆակտո», այլ «դե յուրե» պատկերը ներկայացվեր, ապա իրենք կունենային իրենց ակնկալած 25%–ը, բայց այս ընտրությամբ պարտվեցին ողջ Հայաստանն ու ողջ ժողովուրդը։ Նրա խոսքերով՝ պետական մակարդակով համատարած մեղսակցություն է տեղի ունեցել՝ ցուցակների ուռճացման, բազմակի քվեարկության և զինվորների օգտագործման միջոցով։

–Իմ մեղքն է, որ այսքան փորձառությունից հետո չհավատացի, որ մեր պետությունն ունակ է այսպիսի «քաղաքակիրթ» հակապետական ընտրությունների,–հայտարարել է նա։

Այնուհետև Ր. Հովհաննիսյանը նշել է, որ երբ խորհուրդը հաստատեց իրենց համամասնական ցուցակը, ինքը կողմնակից էր, որ անձամբ չզբաղեցներ առաջին տեղը, այլ առաջ մղվեն ավելի երիտասարդները, և ուրախ է, որ «Ազատ դեմոկրատները» ևս կիսում են այդ կարծիքը, թե սա ոչ միայն հավաքական պատասխանատվության, այլև անձնական պատասխանատվության տիրույթ է, և եթե պետք լինի, որ խմբակցությունն ավելի արդյունավետ աշխատի, իրենք պատրաստ են իրենց տեղերը զիջել։

–Ես ԱԺ–ում իմ լինել-չլինելու հարցը դնում եմ նորընտիր վարչության սեղանին՝ հավաքական որոշման,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մինչև աշուն պետք է ստեղծել նորարար հասարակական–քաղաքական ուժ։ Մեր ժողովուրդը պարտավոր է մինչև այս տարվա ավարտն ունենալ իրեն պատկանող նախագահական թեկնածու։ Ես առաջարկում եմ քննարկման դնել՝ հայ ժողովրդին պատկանող նախագահական հաջորդ թեկնածուն պետք է լինի հավաքական պատասխանատվության համակշիռներով, Հայաստանի հաջորդ նախագահը ծառայելու է ոչ ավելի, քան մեկ շրջան, և դրա ավարտից հետո ՀՀ–ն պետք է ունենա նոր Սահմանդրություն, որի համապատասխան հինգուկես տարի անց ՀՀ–ն խորհրդարանական հանրապետություն է։

Ի դեպ, «Ազատ դեմոկրատները» ներկա չեն «Ժառանգության» համագումարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը