Կարծիք

31.05.2012 18:27


Մի խաբեք ժողովրդին, դա շատ ծիծաղելի է

Մի խաբեք ժողովրդին, դա շատ ծիծաղելի է

Հայաստանը շարունակում է ընթանալ անտրամաբանության ճանապարհով: Իշխանությունները, նրանք ովքեր հայտնվել են պետության ղեկի մոտ, նախընտրում են առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք իրենց են հոգեհարազատ: Այսքանից հետո դժվար է մարդկանց ստիպել հավատալ, որ ամեն ինչ փոխվելու է եւ երկիրը սկսելու է զարգանալ: Երբ ՀՀ քաղաքացին տեսնում է, որ կառավարությունը ձեւավորում են ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, հազիվ թե հավատով լցվի, որ մեր երկրում ինչ որ բան փոխվելու է:

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը վստահ են, որ առանց անօրինական միջամտության անհնար էր, որ Հայաստանում ընտրություններին մասնակցի 1.5 մլն մարդ: Հայաստանցիները շատ լավ գիտեն, որ տասը մարդուց հազիվ մեկն էր պատրաստ քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Հիմա այդ նույն ՀՀԿ-ն կառավարություն է ձեւավորում: Եթե այդ նույն ՀՀԿ-ն կառավարություն կազմեր միայնակ` ելնելով ընտրությունների պաշտոնական արդյունքներից, ապա ժողովուրդը դա ավելի նորմալ կընդուներ, քան այն, ինչ տեղի ունեցավ: Իսկական ծաղր է ժողովրդի հանդեպ, երբ մեծամասնություն ստացած ուժը կոալիցիոն հուշագիր է ստորագրում վաղուց արդեն վարկաբեկված, իրականում գոյություն չունեցող մի ուժի հետ, որը խորհրդրարանում հայտնվեց մի կերպ հաղթահարելով 5 տոկոսի արգելքը: Իսկ այդ մի կերպը բոլորն էլ գիտեն, թե ինչպես ստացվեց:

Երբ ՀՀ քաղաքացին տեսնում է, որ ներքին եւ արտաքին ոլորտներում բացառապես ձախողումներ արձանագրած նախագահը պատրաստվում է կրկին անգամ առաջադրել իր թեկնածությունը, երբ տեսնում է, որ խայտառակ ընտրություններից հետո խայտառակ տնտեսություն ստեղծած վարչապետը պահպանում է պաշտոնը, երբ տեսնում է, որ Ազգային Ժողովում ձայների կեսից ավելին պատկանում է հանրապետականներին, նա հասկանում է, որ լավագույն դեպքում ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ կար, իսկ ժամանակակից աշխարհում դժվար է մարդուն համոզել մնալ եւ ապրել այնպես, ինչպես ապրել է նախկինում: Ավելին, այդ մարդը ցանկություն անգամ չունի, որ իր երեխաներն ապրեն մի երկրում, որտեղ հնարավոր են նման ընտրություններ անցկացնել, որտեղ մի քանի հոգու թվում է, թե այս երկիրն իրենց պապն է ստեղծել, եւ որ իրենք պարտավոր են հավերժ իշխել, իսկ ժողովուրդն էլ հավերժ սպասարկի իրենց:

Ցինիզմն արդեն անտանելի է դարձել: Նույնիսկ պաշտոնական թվերն են հուշում, թե այս ցինիզմի արդյունքում որքան է աճել գործազուրկների եւ աղքատների տեսակարար կշիռը, եւ որ ինչ մասշտաբների է հասել արտագաղթը: Թանկարժեք կոստյումներ եւ փողկապներ կրելով, դեմքի լուրջ արտահայտություն ընդունելով եւ գեղեցիկ խոսքեր ասելով այլեւս հնարավոր չէ խաբել ժողովրդին: Տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրում եւ դրա շնորհիվ կապն արտաքին աշխարհի հետ ավելի մեծ է: Այս իրավիճակում անհնար է մարդկանց կերակրել ստերով եւ համոզել, թե ամեն տեղ էլ նույնն է, եւ որ այս է աշխարհի դրվածքը:

ՄԱԿ-ի ինչ-ինչ փորձագետներ հաշվարկել են, թե 35-40 տարի հետո Հայաստանում ապրելու է 2 մլն մարդ, իսկ դարավերջին հազիւվ 1.5, այն էլ ոչ բոլորը հայ: Այս կանխատեսմանը ծանոթանալուց հետո ակամա այնպիսի տպավորություն ես ստանում, որ գործող իշխանությունները ՄԱԿ-ի փորձագետների կամակատարներն են, որոնք ամեն ինչ անում են, որ այս կանխատեսումը հնարավորին չափ շուտ իրականություն դառնա:

Իսկապես, երբ ասում են, որ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, ապա հնարավոր չէ կանխել այն գործարարներին, որոնք շտապելու են օր առաջ իրենց բիզնեսի մնացուկները տեղափոխել արտերկիր` իրենց ընտանիքների հետ միասին: Ավելին, երբ ժողովուրդը տեսնում է, որ Սերժ Սարգսյանը շախմատ է խաղում բացառապես նախագահի պաշտոնը պահպանելու համար, ապա չի կարող չմտածել արագ հեռանալու մասին: Այստեղ Տիգրան Սարգսյանը կարող է մի լավ եւ լիաթոք ծիծաղել եւ ասել, բա հո չենք թողնելու, որ մնան ու հեղափոխություն անեն:

Եւ վերջին հաշվով, երբ մարդը տեսնում է, որ ինքը, իր հարազատները, բարեկամները, ծանոթները քվեարկել են ոչ ՀՀԿ-ի օգտին, բայց նույն այդ ՀՀԿ-ն մեծամասնություն է ստացել, չի կարող չհիասփաթվել եւ չհավաքել իրերը: Հեռանալուն նպաստում են նաեւ նրանք, ովքեր վերջնականապես կորցրել են արժանապատվության զգացումը եւ «երեսուն արծաթով» ընդգրկվում են շրջիկ խմբերում եւ մասնակցում ընտրակեղծիքներին:

Սերժ Սարգսյանը ողջունելով պատգամավորներին ասում է, թե մարդիկ մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են, որովհետեւ հույսեր են կապել: Այս խոսքերը լսելուց հետո չեմ կարող չհիշել այն գյուղապետին, ով ասում էր, թե այս երկիրը ոնց գոյատեւի, եթե պետությունը գյուղապետին փող է տալիս մարդկանց ընտրակաշառք բաժանելու համար:

Երբ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանն ասում է, թե երախտապարտ է Սերժ Սարգսյանին, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ այս իշխանություններով որեւէ լավ բան չի կարող լինել: Եկեք չխաբենք ժողովրդին եւ ինքնախաբեությամբ էլ չզբաղվենք: Հենց Սերժ Սարգսյանն է ասել, որ սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միեւնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այնպես որ, ժամանակն է վերադառնալ իրականություն:  

Այս ամենում միակ լուսավոր կետը ԲՀԿ-ի որոշումն էր` հրաժարվել շինծու կոալիցիայից: Կարող է տարօրինակ հնչել, բայց առաջընթացի համար մենք պետք է հենվենք այս որոշման վրա, եթե իհարկե ԲՀԿ–ն գնա մինչև վերջ և նախագահական ընտրություններում մրցի Սերժ Սարգսյանի հետ: Հիմա մենք պետք է պատրաստվենք նախագահի ընտրություններին, իսկ մինչ այդ պետք է ցանկացած որոշում կայացնելիս հենվենք խորհրդարանական ընտրությունների իրական արդյունքների վրա:

Վարդան Մխիթարյան  

Այս խորագրի վերջին նյութերը