Լրահոս

29.05.2012 17:26


Գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների նոր պաշտոնական կայքէջերը

Գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների նոր պաշտոնական կայքէջերը
www.taxservice.am և www.customs.am. ՊԵԿ-բիզնես on line շփման կատարելագործում

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին իրականացված բարեփոխումները նպատակաուղղված են  պետություն-բիզնես կառուցողական երկխոսության կայացմանը, գործընկերային մթնոլորտի ձևավորմանը, բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմանը: Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված քայլերից բացի նաև զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ:

Բարեփոխումների շարունակականությունը որակապես նոր մոտեցում է բերել էլեկտրոնային կառավարման դաշտում. ՊԵԿ-հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը` լիովին թարմացված տարբերակով, ինչը նույնպես միտված է ՊԵԿ-գործարար շփումը նվազեցնելուն և գործարարի հարմարավետությանը: Կոմիտեում այսօր տեղի է ունեցել www.taxservice.am և www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարևորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության և բիզնես միջավայրի միջև: □Այդ իսկ առումով, մենք շատ ենք կարևորում հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերի առկայությունը, ինչը բոլոորվին նոր գործելաոճ է ապահովելու ՊԵԿ-ի ստորբաժանումների, գործարարների, հասարակության և տարբեր կառույցների միջև:  Ուրախ կլինենք, որ նոր ձևաչափով գործարկված կայքերը ծառայեն մեր առջև դրված նպատակին. բիզնեսն ավելի հանգիստ աշխատի և իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանա մեր կայքերի միջոցով□:

Ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվություն, հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական և դիզայներական լուծումներ, ցանկացած բնույթի տեղեկատվության արագ հասանելիություն. նոր կայքերը հենց այսպես են այսուհետ ներկայանում այցելուներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ներդրվել են նաև մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի: Գլխավոր էջի աջ հատվածում, ընտրելով օգտվողի խումբը` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, հարկային ծառայող, կարելի է ստանալ համապատասխան դասակարգված տեղեկատվություն: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից  է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ: Միքայել Փաշայանի խոսքերով, ամբողջովին փոխվել է «Հարկային օրենսդրություն» բաժնի կառուցվածքը. ըստ համապատասխան բաժինների տեղեկատվության ճշգրիտ դասակարգում է արվել, ինչն առավել մեծացրել է տեղեկատվության հասանելիությունը: Այս բաժնում հնարավոր է նաև տեսնել դեռևս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախագծերը: Ներկայացված են նաև հարկային և մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական և օրենսդրական ակտերը: Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի: Հաջորդ նորույթը «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ենթաբաժինն է, որն ունի զտման հնարավորություն՝ ըստ դասակարգչի կոդի, անվանման կամ լիցենզիայի անհրաժեշտության:

«Այժմ «Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան»  ենթաբաժնում այցելուները կարող են օգտվել կատարելագործված որոնման համակարգից: Իսկ կայքէջի ձախ հատվածում հարցի ձևավորման համար անհրաժեշտ ձևաչափն է տեղադրված: Կայքում ավելացվել է հարկ վճարողի կողմից ,Առավել հաճախ թույլ տրվող սխալների էլեկտրոնային շտեմարանե  ենթաբաժինը՝ ցանկացած դաշտի համար որոնման դասակարգված համակարգով»,-տեղեկացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը:

Իսկ մաքսային ծառայության կայքի նորամուծությունը «Ներքին տարանցման փնտրման համակարգ»-ն է, ինչի  շնորհիվ տնտեսվարողն արագ և հստակ կարող է տեղեկատվություն ստանալ՝ վերջին 10 օրում  ցամաքային փոխադրամիջոցներով ներմուծված ապրանքների  վերաբերյալ: Կայքում երևում է ՀՀ բոլոր ցամաքային մաքսային կետերում կատարված վերջին 20 փոխադրման ամփոփագրերի գրանցման ժամային պարբերականությունը: Ներդրված էլեկտրոնային փոստային առաքման ծառայության շնորհիվ   էլ այցելուն կարող է տեղեկացված լինել հարկային դաշտի վերջին նորություններին:

Երկու կայքէջերում լրահոսը ներկայանում է նոր ձևաչափով` RSS ֆորմատով` հատուկ նախատեսված կայքի նորությունների, հայտարարությունների և թարմացումների տրամադրման համար: Ամենամեծ առավելությունն այն է, որ կարելի է մեկ պատուհանի մեջ տեսնել կայքում կատարված բոլոր թարմացումները`  հենց թարմացման պահին: Երկու կայքերում էլ նորույթ է ինտերակտիվ քարտեզը, որն ըստ մարզերի տեղեկատվություն է ներկայացնում ինչպես տարածքային հարկային տեսչությունների վերաբերյալ, այնպես էլ մաքսատների ու մաքսակետերի վերաբերյալ: Նոր կայքերը յուրահատուկ են նաև  այն առումով, որ  բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններն ուղարկվում է գրանցված այցելուի բջջային հեռախոսահամարին:

Նոր կայքերն աննախադեպ հնարավորություններ են ընձեռում բիզնեսին, համոզված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ կայքերը փաստորեն  դառնում են պաշտոնական, խորհրդատվական լուրջ գործիք յուրաքանչյուրիս համար: Մեր բարեփոխումների ընթացքում հանգեցինք տրամաբանական մի շեմի, երբ էլեկտրոնային կառավարում ասելով նաև էլեկտրոնային աշխատելու  և շփվելու  ոճ է ձևավորվում: Ես որպես գործարար դեռևս լիարժեք չեմ հավատում, որ կայքերն այսքան դյուրին են դարձրել ՊԵԿ-ի հետ շփումը, տեղեկատվության ստացումը, վիճարկելի հարցերի քննարկումը. նախադեպեր են դրվում այստեղ: Սա միարժեք ձեռքբերում է, որի  մասին դեռևս մի քանի տարի առաջ կարող էինք երազել. այն, ինչ ասում էր ՊԵԿ-ի ղեկավարությունը տարիներ առաջ, այսօր հասցրեց նախափուլին»:

Ի դեպ, կայքերը գործում են հայերեն և անգլերեն լեզուներով: Նորամուծությունների արդյունքում այցելուները կարող են զետեղված տեղեկատվությամբ  կիսվել(share)  նաև սոցիալական ցանցերում: Իսկ որպեսզի դյուրացվի կայքերից օգտվելու գործընթացը, սպասարկման կենտորններում հարկ վճարողներին ուղեցույցեր կտրամադրվեն:

Շարունակելով բարեփոխումների անխափան ընթացքը, ՊԵԿ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում շուտով կգործարկվի ևս մեկ սպասարկման կենտրոն, որտեղ քաղաքացիները հենց տեղում կարող են պարզաբանումներ ստանալ, խորհրդակցել մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում նաև կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել իրենց հուզող հարցի պատասխանները:     

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը