Կարծիք

29.05.2012 14:50


Ինչ է լինում, երբ մարդիկ իրենց տեղում չեն լինում

Ինչ է լինում, երբ մարդիկ իրենց տեղում չեն լինում

Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները ամբողջովին կորցրել են իրականության զգացումը: Հասկանալի է, նրանք անհաջող քարոզարշավից, տապալված ընտրություններից, ԲՀԿ-ի հետընտրական առաջին հայտարարությունից, ԵԽԽՎ գնահատականներից հետո նրանք հայտնվել են բավական անհարմար իրավիճակում: Հիմա նրանք պետք է փորձեն շտկել իրավիճակը, իսկ ավելի ճիշտ` փրկել: Բայց, քանի որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես միշտ:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի երիտխորհրդականները պետք է հանրությանն ապացուցեն, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով ընտրություններին չմասնակցեց, որովհետեւ այդպես ցանկացավ ՀՀԿ-ն: Որքան շատ են փորձում ապացուցել, այնքան ավելի ակնառու է դառնում, որ նրանք երազել են ԲՀԿ-ի հետ միասնական համամասնական ցուցակ կազմել, բայց տապալվել են: Հիմա նույնիսկ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի դպրոցականները գիտեն, որ ՀՀԿ-ն մեծագույն ցանկություն է ունեցել միասնական ցուցակ կազմել, բայց տապալվել է:

Երիտխորհրդականները բառիս բուն իմաստով տապալեցին ՀՀԿ-ի նախընտրական արշավը: Իհարկե, նրանց հույսը աննախադեպ եւ չտեսնված ընտրակեղծիքներն էին, բայց դա էլ այնքան վատ կազմակերպեցին, որ առաջին անգամ բոլոր ընտրությունների պատմության մեջ չգտնվեց գոնե մեկ մարդ, որը հավատար ընտրությունների պաշտոնական արդյունքներին: Իսկապես, միայն երիտխորհրդականների մտքով կարող էր անցնել այնպիսի ընտացուցակներ կազմել, որը միանգամից կհուշեր, թե ինչպիսի ընտրություններ են մեզ սպասում: Շիրակի մարզի Պաղակն գյուղի երկարակյացներն էլ գիտեն, որ այսօր Հայաստանում չի կարող 2.5 մլն ընտրող լինել: Այսքանից հետո դեռ Դավիթ Հարությունյանը նեղանում է, թե ինչու է ԵԽԽՎ-ն քննադատել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Հիմա որքան շատ են հակադարձում ԵԽԽՎ-ի զեկույցի հեղինակներին, այնքան ավելի շատ են ապացուցում նրանց ճշմարտացիությունը:

Այսքանից հետո ՀՀԿ–ին մնում է ապացուցել, որ իրենք ամեն ինչ արել են, որ ԲՀԿ-ն կոալիցիայում չհայտնվի: Որքան շատ են ապացուցում, այնքան ավելի շատ մարդ է հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը փորձել, բայց չի կարողացել ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմել:

Այս իրավիճակում որքան էլ փորձում են հանրությանն ապացուցել, թե ԲՀԿ-ն խնդրում, աղաչում էր, որ իրենց նախարարական պաշտոններ նվիրեինք, բայց մենք չհամաձայնվեցինք, այնքան ավելի ծիծաղելի վիճակում են հայտնվում:

Արդեն իսկ նկատելի է, որ նախագահական ընտրություններից առաջ նույն երիտխորհրդականները խնդիր են դրել վարկաբեկել ԲՀԿ-ին, հասկանալով, որ կոալիցիայից հրաժարվելով Բարգավաճ Հայաստանը կտրուկ մեծացրեց իր հեղինակությունը: Իսկ վարկաբեկելու համար նրանք իրենց ենթակայության տակ գտնվող բազմազան լրատվամիջոցներով փորձում են բոլորին համոզել, թե ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ չի մտել նախապես ՀՀԿ-ի հետ մշակած սցենարի համաձայն:

Հաշվարկը պարզ է: Նրանք գիտակցում են, որ մինչեւ նախագահական ընտրություններ ԲՀԿ-ի վարկանիշը նոր բնագծեր կնվաճի եւ այս կուսակցության պաշտպանած թեկնածուի դեմ պայքարելը սաստիկ դժվար կլինի: Այս իրավիճակում նրանց մնում է կիրառել պրիմիտիվ մի տեխնոլոգիա` ՀՀ քաղաքացիներին համոզել, որ ԲՀԿ-ն նախկինի նման համագործակցում է ՀՀԿ-ի հետ, եւ որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտել իրական ընդդիմությունից ձայներ փախցնելու համար: Մինչեւ վերջ անկեղծ լինենք եւ ընդգծենք, որ հետխորհրդային երկրներում այս տեխնոլոգիան որոշ չափով աշխատում է: Հիմա էլ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, որոնք տեղի տալով քարոզչամեքենայի գրոհին, կհավատան, որ ՀՀԿ-ԲՀԿ սերտ համագործակցության արդյունքում է, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը հրաժարվեց նախարարական աթոռներից: Թե որքան շատ մարդ կընկնի քարոզչական ծուղակը, արդեն իսկ կախված է ԲՀԿ-ից եւ քաղաքական մյուս ուժերից:

Անկասկած, չի կարելի ձեռքերը ծալած նստել եւ ասել, թե միեւնույնն է մարդիկ մի օր կհասկանան, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի համագործակցում: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ եւ քարոզչական ճիշտ աշխատանք: Չի կարելի նաեւ հույսը դնել երիտխորհրդականների վրա, մտածելով, որ նրանք հերթական կոպիտ սխալը թույլ կտան եւ բոլորի համար ամեն ինչ պարզ կլինի:

Իհարկե, հիմա ՀՀԿ-ն եւ նրա ղեկավարները հայտնվել են բավական տխուր իրավիճակում: Իսկապես, կարելի է պատկերացնել այն քաղաքական ուժի վիճակը, որի հույսն ՕԵԿ-ն ու Պարույր Հայրիկյանն են: Երբ Հայրիկյանին ուղարկում են մամուլի ասուլիսի եւ հանձնարարում ասել, որ առաջիկա հինգ տարիներին դրության տերը լինելու է Սերժ Սարգսյանը, ապա բոլորի համար էլ պարզ է դառնում, թե ինչ ծանր վիճակում է գտնվում նույն Սերժ Սարգսյանը: Իրոք, երիտխորհրդականները սխալը, սխալի ետեւից են թույլ տալիս եւ մի պահ ակամա մտածում ես, որ կարելի է ոչինչ չանել եւ ամեն ինչ իր տեղը կլընկնի, բայց այդպես գործելը սխալ է: Անհրաժեշտ է Բաղրամյան 26-ի վերահսկողության տակից դուրս մնացած լրատվամիջոցների օգնությամբ հանրությանը պարբերաբար ներկայացնել իրականությունը: Առանց դրա ոչ մի դրական փոփոխություն չի կարող լինել:

Եւ վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է օր առաջ ազատվի իրեն շրջապատող խորհրդականներից, որոնք իրեն քատեխնոլոգների տեղ դրած ամեն օր անհարմար դրության մեջ էին դնում իրեն: Միայն կոալիցիա լինել-չլինելու հետ կապված երիտխորհրդականներն այնքան սխալ թույլ տվեցին, որ դա բավական է նրանց իրենց իսկական տեղը ցույց տալու համար: Սերժ Սարգսյանը նրանց իրենց տեղը ցույց չի տա, այլ ընդհակառակը, նրանց խորհրդով կշարունակի սխալը սխալի ետեւից թույլ տալ: Մի օր կհայտարարի, որ լեռնային եւ սահմանային գյուղերը մեր բեռն են, եւ որ չլինեն ավելի լավ կլինի, մի օր վաստակավոր արտիստի կոչում կտա Բղդոյին կամ Թաթուլին, մի օր չի գնա կարեւորագույն գագաթնաժողովի եւ այսպես շարունալ:

Այս ամենին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե Սերժ Սարգսյանը չզբաղեցներ երկրի թիվ մեկ աթոռը: Իսկ քանի որ զբաղեցնում է, ապա պետք է ոչ միայն ուշադրություն դարձնենք, այլ յուրաքանչյուրս ամեն ինչ անի, որ երկիրը հայտնվի բնականոն վիճակում, որ ազատվենք անինքնասեր փորձագետներից, խորհրդականներից, պաշտոնյաներից, որոնք առանց ամաչելու մի հարցի շուրջ երեկ այլ բան էին ասում, այսօր այլ, իսկ վաղը մեկ այլ բան կասեն:

Վարդան Մխիթարյան    

Այս խորագրի վերջին նյութերը