Քաղաքական

29.05.2012 10:58


Ինչո՞ւ հետաձգվեց մանդատների հանձնման արարողությունը

Ինչո՞ւ հետաձգվեց մանդատների հանձնման արարողությունը

Թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն իրենց մանդատները ԿԸՀ–ից կստանան մայիսի 29-ին, սակայն այսօր պարզվեց, որ այդ արարողությունը հետաձգվել է։ Այն տեղի կունենա մայիսի 30–ին՝ ժամը 16:00-ին։ Թե ո՞րն է հետաձգման պատճառը, «7օր»–ի հարցին ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը պատասխանել է՝ կազմակերպչական հարցերը։ Կոնկրետ ո՞ր կազմակերպչական հարցի մասին է խոսքը, մամուլի խոսնակը չի մանրամասնել՝ ասելով, որ այս պահին գտնվում է Սահմանադրական դատարանում և չի կարող խոսել (ՍԴ–ն քննարկում է մայիսի 6-ի ընտրություններն անվավեր ճանաչելու ՀԱԿ–ի դիմումը)։

Նշենք նաև, որ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի է ունենալու մայիսի 30-ին՝ ժամը 20.00-ին և դրանից հետո պարզ կդառնան ՀՀ 5-րդ գումարման ԱԺ նախագահի, փոխնախագահների և վարչապետի անունները։ Սակայն այժմ տեղեկություններ կան, որ ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա այսօ՛ր։

Հիշեցնենք, որ ՀՀ 5-րդ գումարման ԱԺ–ի առաջին նիստը նշանակված է մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ին։

2012թ. մայիսի 6–ի ընտրություններով խորհրդարան են անցել 5 կուսակցություն և 1 դաշինք։ ԿԸՀ–ի արձանագրած տոկոսների համաձայն՝ ԱԺ–ում ՀՀԿ–ն կունենա 40 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»–ը՝ 28, «Ժառանգությունը»՝ 5, ՀՅԴ–ն՝ 5, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 7, ՕԵԿ–ը՝ 5: «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ–ի հետ, և վերջինի կոալիցիոն գործընկերը կլինի ՕԵԿ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը