Լրահոս

25.05.2012 12:27


Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձևավորված 8 քննակենտրոններում հայտագրված է 1260 դիմորդ:

ՀՀ Կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը մեզ հետ զրուցում տեղեկացրեց, որ քննակենտրոնները  «զինվելու»  են ինչպես ամեն տարի. «Յուրաքանչյուր քննակենտրոնի յուրաքանչյուր քննասենյակում տեղադրված կլինեն տեսախցիկներ, որոնք քննասենյակներից մոնիտորներին կփոխանցեն այն պատկերը, որը տիրում է քննասենյակներում, և որոնց միջոցով ծնողները, դիտորդները և ցանկացած ոք կկարողանան հետևել քննության ողջ ընթացքին: Բացի այն, որ քննասենյակում տիրող իրավիճակը տեսախցիկների միջոցով կփոխանցվի մոնիտորին՝ այդ կերպ ուղիղ կապ ստեղծելով քննասենյակի ու ծնողի միջև, նաև կտեսագրվի քննության ամբողջ ընթացքը, որպեսզի հետագայում, եթե խնդիրներ առաջանան կամ հարցեր լինեն, տեսագրության միջոցով կարողանան վեր հանել այն պատկերը, որը առկա է եղել քննասենյակում »։

Իսկ հարցին՝ քննակենտրոններում տեղադրվելո՞ւ են խլացուցիչներ, թե՞ ոչ. Գ. Մանուկյանը պատասխանեց. «Երբ խլացուցիչների հետ կապված հարցադրում է լինում, միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ներքին անհամաձայնություն ունեմ այդ իրողության հետ. շատ կնախընտեինք, որպեսզի երբևիցե անհրաժեշտություն չզգացվեր դիմելու այդ սարքի «ծառայություններին»։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում փոխադարձ վստահությունն այն աստիճան բարձր կլինի մեր հասարակությունում, որ խլացուցիչները կբացակայնեն քննակենտորններից: Չէի ցանկանա, որ նոր կյանք մտնող մեր երկրի թեկուզ և մեկ քաղաքացի իր կյանքի առաջին քննությունը  փորձի հանձնել՝ շրջանցելով օրենքը, կարգը, կյանքի առաջին պատասխանատու քննությունը փորձի հանձնել ոչ թե ապավինելով սեփական ուժերին, կարողություններին, գիտելիքներին, այլ ապավինի խաբեությանը: Դիմորդը և նրան քննակենտրոն ուղեկցող ծնողը շատ լավ գիտեն, որ արգելվում է քննության ներկայանալ բջջային հեռախոսով, սակայն քննություն հանձնողների գրեթե կեսից ավելին քննասենյակ են մտնում բջջային հեռախոսներով, փորձում են թաքցնել դրանք՝ հույս ունենալով այն որպես «հուշարար» օգտագործել: Այդ իսկ պատճառով քննության կազմակերպիչները դիմում են այդ ծայրահեղ քայլին՝ քննակենտրոններում տեղադրելով խլացուցիչներ: Քանի որ խոսք գնաց այդ մասին, շեշտեմ, որ եթե դիմորդի մոտ հայտնաբերվի հեռախոս, նրան անմիջապես կհեռացնեն քննությունից: Այս օրերին ԳԹԿ վերապատրաստումների բաժինը դասընթացներ է կազմակերպում քննական գործընթացում ներգրավված անձանց հետ (նրանք ոչ միայն ԳԹԿ աշխատակիցներ են, այլ ուսուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ), և նրանց հստակ հրահանգվել է. դիմորդի մոտ հեռախոսի առկայության դեպքում նրան անմիջապես հեռացնել քննությունից:

Երևանում դիմորդներների թիվը 5981 է (2010թ.՝ 6161 է եղել)։ Երևանում կձևավորվի 14 քննական կենտրոն։

Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա (2010թ.՝ 730). այս մարզում կձևավորվի 2 քննակենտրոն։

Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ (2010թ.՝ 1119). այստեղ կձևավորվի 3 քննական կենտրոն։

Արմավիրում 1267 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝1330). կձևավորվի 3 քննակենտրոն։

Գեղարքունիքում դիմում-հայտ է ներկայացրել 1216 դիմորդ (2010թ.՝ 1248). կձևավորվի 3 քննակենտրոն։

Լոռու մարզից 1437 դիմորդ կա. (2010թ.՝ 1430). կձևավորվի 3 քննակենտրոն։

Կոտայքի մարզում 1310 դիմորդ է հայտ ներկայացրել (2010թ.՝ 1293). 3 քննակենտրոն կձևավորվի այստեղ։

Շիրակ մարզում դիմորդների թիվը 1540 է (2010թ 1522). կձևավորվի 3 քննակենտրոն։

Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ (2010թ՝ 838). Այս մարզում ձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։

Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ (2010թ.՝ 381). 1 քննակենտրոն կձևավորվի։

Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել (2010թ.՝ 728). այստեղ կձևավորվի 2 քննակենտրոն։

Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։ Արցախի հանրապետությունում կձևավորվի 8 քննական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը