Կարծիք

24.05.2012 16:49


Ունենք ընդամենը երկու ճանապարհ

Ունենք ընդամենը երկու ճանապարհ

Այն որ Հայաստանը հայտնվել է կեղտի մեջ, արդեն իսկ վկայում են պաշտոնական թվերը: Կառավարությունն այլեւս չի կարողանում թաքցնել այն, ինչ իրականում տեղի է ունենում երկրում: Ավելի ճիշտ էլի մեղմ է ներկայացնում վիճակը, բայց իրավիճակն այն աստիճան է աղետալի, որ մեղմելուց հետո էլ պարզ երեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Համաձայն պաշտոնական տվյալների, 2010-ին 2008-ի համեմատ աղքատների թիվն աճել է 2.03 անգամ: Պատկերացրեք, թե այս թիվը որքան կաճեր, եթե հրապարակվեին նաեւ անցած կամ այս տարվա տվյալները: Կրկնապատկվել է նաեւ ծայրահեղ աղքատների թիվը:  

ԿԸՀ–ի հրապարակված տվյալներով ստացվում է, որ ինչքան աճում է աղքատների թիվը, այնքան մեծանում է ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի հասնելու հնարավորությունը: Լրիվ աբսուրդ։

Ի դեպ, 2011-ին 2008-ի համեմատ գործազուրկների թիվն աճել է 1.14 անգամ:  Չմոռանանք, որ սա պաշտոնական տվյալների համաձայն: Համաձայնվեք, որ մեծագույն ցինիկ պետք է լինեն նրանք, ովքեր այս ամենից հետո մտածում են իշխանությունը պահպանելու եւ ընդլայնելու մասին: Ցանկացած այլ երկրում, նույնիսկ Մալիում իշխանությունները հրաժարական կտային, եթե աղքատության եւ գործազրկության թվերը նման աճ արձանագրեին: Ցավոք, Հայաստանը նույնիսկ Մալի կամ Նիգեր չէ: Այստեղ այլ օրենքներ եւ տրամաբանություն է գործում:

Տիգրան Սարգսյանի նյուվասյուկիզմի հետեւանքով Հայաստանի արտաքին պարտքը 2011-ի տվյալներով 2007-ի համեմատ աճել է 2.41 անգամ: Սա միայն թվեր չեն, սա աղետալի վիճակի մասին ահազանգ է, բայց կառավարություն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ամեն ինչ նորմալ է: Եւ երկիրն այս վիճակին հասցրած կառավարության ղեկավարը շարունակում է խոսել Դիլիջանը ֆինանսական կենտրոն, Գյումրին տեխնոլոգիական կենտրոն դարձնելու մասին եւ անգամ հայտարարում են, թե արդեն իսկ սկսել են նոր ԱԷԿ-ի կառուցումը, երբ այն լավագույն դեպքում կարժենա 7 մլրդ դոլար:

Հայաստանում աճել է նաեւ գնաճը, բայց երբ նայում ենք ընտրությունների պաշտոնական տվյալներին, կարող ենք արձանագրել, որ հայ ազգը նման չէ որեւէ այլ ազգի, եւ որքան վատ է ապրում, այնքան ավելի մեծ համակրանքով է լցվում իշխանությունների հանդեպ: Այսպես, եթե 2007թ. գնաճը եղել է 4,4 տոկոս, ապա 2011թ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այն հասել է 7,7 տոկոսի:

Իսկապես, Հայաստանը հասել է բարոյալքման գագաթնակետին: Իհարկե, մենք գիտենք, թե իրականում ինչպես է քվեարկել ՀՀ քաղաքացին, մենք գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք է ցույց տվել իշխանություններին, բայց երբ այս իրավիճակում գտնվում են մարդիկ, ովքեր համաձայնվում են մի քանի լումայի կամ 30 արծաթի դիմաց աշխատել շրջիկ խմբերում եւ մասնակցել մեր երկրի կործանմանը, իսկ մենք էլ չենք կարողանում բռնել նրանց ձեռքը, ուրեմն հասել ենք աղետալի վիճակի:

Եւ այս իրավիճակում տրամաբանական է, որ նույնիսկ պաշտոնական տվյալները պետք է վկայեն արտագաղթի աճի մասին: Այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից հեռացել է 57 320 մարդ, ինչը 10 000–ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Իսկ որն է ելքը: Այս իրավիճակից դուրս գալու միակ հնարավորություն այն է, որ բոլորը հաշվի նստեն ընտրությունների իրական արդյունքների հետ: Մենք տեսանք եւ համոզվեցինք, որ իրականում ընտրությունների մասնակիցների մոտ 75 տոկոսը դեմ քվեարկեցին գործող իշխանություններին: Հիմա պետք է ամեն քայլ իրականացնելիս հաշվի նստենք հենց այս տվյալների, եւ ոչ թե նկարած կամ հորինված թվերի հետ: Երբ բոլորը գիտեն, թե իրականում ինչպես է ստացվել 660 հազարը, ապա այն պետք է մի կողմ շպրտել եւ հաշվի նստել այն իրականության հետ, որն ունենք:

Գագիկ Ծառուկյանի քայլը ցույց տվեց, որ Հայաստանը դեռ մեծ ներուժ ունի առկա վիճակը փոխելու և նորմալ երկիր դառնալու համար։

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը