Լրահոս

23.05.2012 15:34


Երևանում մեկնարկել է «Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց

Երևանում մեկնարկել է «Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց

Հարկ վճարողների սպասարկման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և միջազգային կառույցներում: Բարձր գնահատելով Հայաստանում հարկ վճարողների սպասարկման ոլորտում 2011-ին արձանագրված տպավորիչ արդյունքները, Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) ղեկավարությունը որոշում է կայացրել կազմակերպության հերթական նիստն անցկացնել մեր երկրում:  

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA–Intra-European Organisation of Tax Administrations) համատեղ նախաձեռնությամբ մայիսի 23-25-ը Երևանում մեկնարկել է □Հարկ վճարողների սպասարկման ծառայությունները ժամանակակից աշխարհում□ խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Եվրոպական 24 պետությունների հարկային մարմինների 40 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն հարկ վճարողների սպասարկման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև  կբացահայտեն և կփոխանակեն վերջիններիս հաղթահարման լավագույն միջազգային փորձը:

Հարկ վճարողների սպասարկման ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ողջունելով մասնակիցներին նա ընդգծել է հարկ վճարողների սպասարկման նշանակությունը` բնորոշելով որպես ինքնագնահատման համակարգի կարևորագույն տարր: □2008թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնել էր  կառուցել մեր երկրում ժամանակակից ծառայությունների մատուցման վրա կողմնորոշված հարկային վարչարարություն, որը կհամապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այդ ժամանակվանից ի վեր հարկային մարմինները նպատակային քայլեր են կատարել այդ արդյունքին հասնելու համար, արձանագրել բազմաթիվ հաջողություններ, սակայն  ավելի մեծ աշխատանք դեռ պետք է կատարվի այս ասպարեզում, դրա համար ուրախ ենք, որ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության այս հավաքը կազմակերպվել է Հայաստանում□: ՊԵԿ նախագահը հավելել է նաև, որ հարկ վճարողների սպասարկման ծառայությունների ընդլայնումը և արդյունավետ կազմակերպումը մնում է Հայաստանի հարկային մարմինների երկարատև առաջնահերթություններից մեկը:

Ի դեպ, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն մի շարք բարեփոխումներ է իրականացրել վերջին 3 տարիների ընթացքում: 2011-ը հայտարարելով սպասարկման որակի բարելավման տարի, կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից հստակ խնդիր էր դրվել բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի. բարձրացնել սպասարկման մակարդակը, բարելավել շենքային պայմանները: Այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն քայլերից մեկը ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: Երևանում և մարզերում արդեն իսկ գործում են 10 նորաոճ սպասարկման սրահներ: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհան» սկզբունքով: Գործում են նաև տեղեկատվական, վճարային տերմինալներ: Սպասարկման կենտրոնների միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի: Սպասարկման սրահները գործում են մեկ միասնական տեղեկատվական համակարգի սկզբունքով, ինչը հնարավոր է դարձնում ՊԵԿ-ի հետ կապված բոլոր գործառույթներն, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից` նպաստելով համակարգի հետ շփումների արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, կոմիտեի նախագահը կարևորել է ինչպես հարկ վճարողներին որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունն, այնպես էլ բիզնեսի արձագանքն այդ փոփոխություններին: «Հիմնական խնդիրը էլեկտրոնային համակարգի ընդլայնումն է, որպեսզի բիզնես-հարկային մարմինների հետ շփումը կազմակերպվի էլեկտրոնային եղանակով, ինչը մեզ հնարավորություն կտա զբաղվել միայն ռիսկային համարվող ձեռնարկություններով: Իսկ դրա համար կարևոր է, որ բիզնեսն ինքնագնահատման միջոցով վճարի հարկերը»:  

Երևանյան դասընթացի օրակարգում հարկ վճարողների կարիքների գնահատման և արձագանքների վերլուծության մեթոդների, սպասարկման ոլորտում պրոակտիվ մոտեցումների, սպասարկման ծառայությունների մատուցման նոր կապուղիների կիրառման փորձի քննարկումն է:

«Մենք ակնկալում ենք, որ դասընթացը ոչ միայն հարկ վճարողների սպասարկման վերաբերյալ կարևոր գիտելիքներ, այլև  տեխնիկական և օրենսդրական հարցերում փորձի փոխանակման հնարավորություն կտա: Հուսով եմ, որ յուրաքանչյուրս կօգտագործի այս միջոցառման արդյունքները սպասարկման ծառայությունների որակը  և արդյունավետությունը բարձրացնելու համար»,-նշել է Գագիկ Խաչատրյանը:

IOTA-ի ներկայացուցիչ,  փորձագետ Ջերի Թեյլորն  ընդգծել է, որ եվրոպական երկրների հարկային մարմինների համար խնդիրները նույնն են. □IOTA-ի 24 անդամ երկրների փորձագետներ Հայաստանում քննարկելու են հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի խնդիրները: Իսկ մեր ընդհանուր խնդիրն այն է, որ փորձենք օրինական դաշտ բերել հարկային պարտավորություններից խուսափող հարկատուներին` փոխարենն աջակցելով կարգապահ հարկ վճարողներին□:

IOTA-ն եվրոպական տարածաշրջանի(ներառյալ Հարավային Կովկասը) 44 պետությունների հարկային մարմինները համախմբող մասնագիտացված կազմակերպություն է, որի առաքելությունն է անդամակցող հաստատությունների համար ծառայել որպես հարթակ՝ եվրոպական պետություններում հարկային վարչարարությունը կատարելագործելու նպատակով: Այն հիմնադրվել է 1996-ին, գլխավոր նստավայրը՝ Բուդապեշտ, Հունգարիա:

ՀՀ ՊԵԿ-ը միացել է IOTA-ին 2011թ. հունվարի 1-ին և հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամը:

                          ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը