Քաղաքական

23.05.2012 00:52


ՕԵԿ–ը լուծարել է բոլոր կառույցները և վերակազմավորվում է

ՕԵԿ–ը լուծարել է բոլոր կառույցները և վերակազմավորվում է

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի՝ մայիսի 22–ին կայացած նիստում ընդունված որոշումները.

«1. Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան` նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով լուծելու համար:

2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները և համակողմանի վերլուծելով 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային և մարզային բոլոր կառույցները և ս.թ. հունիսի 1-ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների և կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց: Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր:

«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն:

Կուսակցության անդամներ այսուհետ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած և թեկնածուական փորձաշրջան անցած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կընդունեն կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կհամապատասխանեն կուսակցության անդամ դառնալու համար սահմանված չափորոշիչներին:

Դադարեցվում են ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը «Օրինաց երկիր» կուսակցությանը, ովքեր մինչև ս/թ. մայիսի 22-ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչև նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպմանը:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը դիմում է բոլոր կուսակցականներին պատասխանատվության բարձր զգացումով մասնակցել առաջիկա ներկուսակցական որակական ու կառուցվածքային բարեփոխումներին և վստահ է, որ այն կնպաստի կուսակցության մարտունակության և համախմբվածության ամրապնդմանը:

ՕԵԿ քաղխորհուրդը շնորհակալություն է հայտնում «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր այն անդամներին և համակիրներին, ովքեր քվեարկել են կուսակցության օգտին, շնորհիվ որի «Օրինաց երկիրը» չորրորդ անգամ անընդմեջ իր ներկայությունը կունենա Ազգային ժողովում»:

Այս խորագրի վերջին նյութերը