Լրահոս

22.05.2012 12:20


Սուրեն Զոլյան. «Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունը պետք է զարգանա, և բուհերում պետք է ազատություն լինի»

Սուրեն Զոլյան. «Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունը պետք է զարգանա, և բուհերում պետք է  ազատություն լինի»

Այսօր ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից հեռացված Վալերի Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը հայտարարել է, որ իր և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև տեղի ունեցող հակամարտությունը չի կրում անձնական բնույթ, և ունի շատ ավելի խորքային պատճառներ։

Դա ոչ թե իմ անձնական խնդիրն է, այլ մեկ այլ՝ շատ կարևոր խնդիր. դա նախ և առաջ այն է, թե Հայաստանի բարձրագույն կրթության զարգացումն ինչ ճանապարհով պետք է ընթանա՝ ժամանակակից աշխարհին հարի՞ր, թե՞ կամայական, սերժանտական ձևով։ Եվ երկրորդ հարցը՝ վերջիվերջո, Հայաստանում գործո՞ւմ է օրենքը, թե՞ ոչ։ Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ մենք պետք է հետևենք օրենքին և համապատասխան արձագանքենք այն ամենին, ինչ կատարվում է,–ասել է Զոլյանը։

Վերադառնալով վեճի պատճառներին՝ նախկին ռեկտորն ասել է, որ այստեղ տեսակի և սկզբունքների խնդիր է, և ինքն ու նախարարն ունեն բարձրագույն կրթության մասին տարբեր պատկերացումներ։

Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունը պետք է զարգանա, և բուհերում պետք է լինի ազատություն՝ առաջին հերթին մտածելու ազատություն, և պրոֆեսիոնալիզմ։ Իսկ եթե նախարարը հաշվում է, թե ռեկտորը քանի օր է արտասահմանում եղել՝ առանց հաշվի առնելու արտասահման մեկնելու պատճառները, ռեկտորն իր համար պահակ է։ Նրա մտածելակերպը պահակի մտածելակերպ է, իսկ ռեկտորն իր համար պահակ պետք է աշխատի,–պարզաբանել է Զոլյանը։

Զոլյանի կարծիքով Աշոտյանը խախտում է Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքը՝ բուհերի ակադեմիական ազատությունը և համալսարանական ինքնավարությունը, որն ամրագրված է նաև ՀՀ սահմանադրությամբ։ ԵՊԼՀ–ի նախկին ռեկտորն ընդգծել է, որ պաշտոնն իր համար առաջնային նպատակ չէ, այլապես ինքն ամեն օր կգովերգեր Արմեն Աշոտյանին և կշարունակեր մնալ ռեկտորի պաշտոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը