Կարծիք

21.05.2012 16:17


Բարոյալքումը՝ իշխանությունների լավագույն դաշնակից

Բարոյալքումը՝ իշխանությունների լավագույն դաշնակից

Խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ հայ ժողովրդի փրկության գործը ոչ թե Եվրոպայի, Ռուսաստանի կամ Ամերիկայի, այլ հենց հայ ժողովրդի գործն է: Աշխարհը հերթական անգամ ապացուցեց, որ իրենք գրեթե երջանիկ կլինեն, որ Հայաստանը լինի հենց այսպիսին` կայուն, թույլ եւ հեշտ կառավարելի: Ժողովրդավարական արժեքներ դավանող եվրոպացի դիտորդների հայտարարությունների տողատակերում շատ հեշտ կարդացվում է, թե ինչպիսին են նրանք տեսնում Հայաստանը մոտ եւ հեռավոր ապագայում:

Ակնհայտ է, որ հատկապես Արեւմուտքի շահերից է բխում, որ հայաստանյան իշխանությունները լինեն հնարավորին չափ թույլ: Իսկ իշխանությունները թույլ են լինում, երբ չեն վայելում ժողովրդի աջակցությունը, այլ կերպ ասած, երբ ձեւավորվում են հերթական կեղծված ընտրություններից հետո:

Հիմա ջանք ու եռանդ չի խնայվում, որ ձեւավորվի թույլ եւ ժողովրդի շահերը չարտահայտող կառավարություն: Միաժամանակ արվում է ամեն ինչ, որ ժողովրդի ուշադրությունը շեղվի ընտրությունների արդյունքներից ու խայտառակ ընտրակեղծիքներից: Հաշվարկը շատ պարզ է: Ժողովրդին պահել մշտական վախի մեջ եւ միաժամանակ մատուցել տեսարաններ:

Վախի մեջ պահելու համար բավական է, որ լուրերի թողարկումներում հենց այնպես նշվի, թե հրադադարի ռեժիմը խախտվել է 300 կամ 500 անգամ: Նրանք, ովքեր ապրում են սահմանային բնակավայրերում, այս ամենին լուրջ չեն վերաբերվում, բայց Երեւանում, Գյումրիում կամ Վանաձորում ապրողների համար սա ամենասարսափելի մտքերն առաջացնող լուրն է: Իսկապես, երբ քաղաքաբնակը լսում է, թե հրադադարի ռեժիմը խախտվել է հարյուրավոր անգամ, նա ակամա սկսում է մոռանալ խայտառակ ընտրությունների եւ իր առջեւ ծառացած խնդիրների մասին եւ աղոթում է, որ այլեւս հրադադարի ռեժիմները չխախտվեն:

Իսկ երբ այրում են ինչ որ ակումբ, որի սեփականատերը, ասենք, լեսբուհի է, ապա կարելի է հավեսով շեղվել կարեւորագույն խնդիրներից եւ հավերժ քննարկումներ կազմակերպել: Ավելին, քննարկումները թեժացնելու համար լինում են երկուստեք ծայրահեղ հայտարարություններ: Մի խոսքով, սա մի թեմա է, որի շուրջ կարելի է լուրջ դեմքով քննարկումներ ծավալել: Հայտնվում են գրանտակեր կամ կոնկրետ տեղից կառավարվող երիտասարդներ, որոնք իրենց ներկայացնում են առաջադիմության մարտիկներ, որոնք սոցիալական ցանցերի օգնությամբ կոչ են անում կրծքով պաշտպանել այրվող ակումբը եւ անգամ շեշտում, թե այս ակումբի հարցը ավելի կարեւոր է քան Արցախի խնդիրը կամ ընտրությունների հարցը:

Ամենավատն այն է, որ հազարավոր մարդիկ կուլ են տալիս խայծը, եւ հիմա, եթե ինչ որ մեկը կողքից նայի Հայաստանին, ապա իրեն կթվա, թե հայ ժողովուրդն այլեւս որեւէ խնդիր չունի, բացի լեսբուհիների եւ գեյերի հարցը: Աննորմալ իրավիճակ է: Գներն աճում են, ապրելը դառնում է ավելի դժվար, արտագաղթը նոր թափ է ստացել, իսկ ժողովուրդը քննարկում է սեռական շեղումներ ունեցողների եւ նրանց հանդեպ վերաբերմունքի հարցը:

Նկատելի է, որ այս ամենը երջանկացնում է իշխանություններին, քանի որ ժողովուրդը ոչ թե պահանջում է նոր ընտրություններ անցկացնել, ոչ թե ակտիվորեն քննարկում է ընտրությունների հարցը, այլ կենտրոնացել է այլ խնդրի վրա:

Եթե այսպես շարունակվի, եթե իշխանությունները շարունակեն նույն գործելակերպը, ապա մեզ համար աննկատ կներքաշվենք մեկ այլ խնդրի մեջ եւ կսկսենք քննարկել, թե պետք է օրինականացվեն գեյերի եւ լեսբուհիների ամուսնությունները, թե ոչ կամ նրանք կարող են երեխա որդեգրել, թե ոչ: Մի խոսքով, երբ պետությունը եւ նրա ղեկավարը ամեն ինչ անում են իրենց իշխանությունը պահպանելու համար, եւ դրա համար պատրաստ են բազմաթիվ զոհաբերություններ անել, ապա երկրում հենց այսպիսի բարոյալքում է լինում:

Հիմա էլ այս ու այն լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի քննարկման կարեւոր առարկա է դարձել հայաստանյան ինչ որ գյուղի դեռահաս երկու աղջիկների կռվի հարցը: Եւ այս ամենն այնպես է ներկայացվում, կարծես մինչ օրս որեւէ աղջիկ որեւէ աղջկա մազից չէր քաշել: Հասկանալի է, որ ժողովուրդը հիմնական հարցից շեղվի, կարելի է թեժացնել նաեւ նմանատիպ քննարկումները:

Եւ այսպես, լուրերով խոսելով հրադադարի ռեժիմների խախտման հարյուրավոր դեպքերի մասին, հայտնելով նույնիսկ 2-3 բալանոց երկրաշարժերի մասին, թեժացնելով լեսբուհիների եւ մազ քաշող աղջիկների մասին խոսակցությունները, իշխանություններն իրենց համար լուծում են մեկ կարեւորագույն հարց` ՀՀ քաղաքացիները ավելի շուտ են մոռանում ընտրությունների մասին, մոռանում են սոցիալական ծանր պայմանների մասին, մոռանում են գործազրկության մասին, եւ այսպես շարունակ:

Իսկ որ այս ամենի արդյունքում բարոյալքումը գնալով ուժեղանում է, իշխանություններին միայն ուրախություն է պատճառում, քանի որ միայն բարոյալքված հասարակությունը կարող է հանդուրժել նման ընտրություններ, նման իշխանություններ եւ գների այսքան աննորմալ աճ:

Բայց կամ մի կարեւոր բայց: Իրականում այս խաղերի մեջ է մտնում հասարակության 10-15 տոկոսը: Մյուս բոլորը եթե անգամ չեն բարձրաձայնում, ապա միեւնույնն է, իրենց ներսում հրաշալի հասկանում են, որ որն է երկրի կարեւոր խնդիրը, հասկանում են, որ նման իշխանություն ունեցող երկիրը հեռուն չի կարող գնալ: Ժողովուրդը դեռ լռում է, բայց դա չի նշանակում, որ հավերժ լռելու է:

Վարդան Մխիթարյան   

Այս խորագրի վերջին նյութերը