Կարծիք

21.05.2012 12:45


Ընտրախառն խոհեր

Ընտրախառն խոհեր

ԱԺ վերջին ընտրությունների աժիոտաժի ազդեցության տակ մեկ-մեկ կիսապայծառ մտքեր էին իմ կամքից անկախ ծագում գլխիս մեջ: Որոշեցի դրանք չխմբագրել, չտառապել հոդվածի տեսք տալու վրա:

***
Տեր, փրկիր մեզ ընտրություններից, իսկ չարի դեմ պայքարի հնարը մենք մի կերպ կգտնենք: 1 մայիսի, 2012թ.:

***
Մայիսի յոթը ուշացած իմաստնացման օր շատերի համար: 5 մայիսի, 2012թ.:

***
Հայաստանում դեռ չի ձևավորվել այն քաղաքական ուժը , որն ունակ կլինի երկիրը հանել այս վիճակից:Ձեզ բարի ընտրություն: 6 մայիսի , 2012թ.:

***
Եթե ժամանակին հապճեպորեն քաղաքական պայքարի նոր դրոշ պարզելու փոխարեն ջանայինք հասկանալ, թե ինչու անհաջողություն ունեցավ և ապա մարեց Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումը, ապա այսօր հոգեհանգստի չէինք մասնակցի: 7մայիսի, 2012թ.:

***
Ինչպես կվերաբերվեք այն զորավարին, ով որերորդ անգամ, հարկ եղածի չափ չճանաչելով իր զորախումբը և չգնահատելով հակառակորդի հնարավորությունները, իր բանակը տանի կենաց-մահու կռվի՝ հայտարարելով, թե գալիս է անարգ թշնամուն ոչնչացնելու, և ապա պարտությունից հետո կանչի-բացականչի, թե ստոր թշնամին նենգաբար կաշառեց, գայթակղեց, ճնշեց, վախացրեց իր հետևորդներին: 8 մայիսի, 2012թ.:

***
Ընտրություններով ոչինչ չի ավարտվում: Ինչպես որ չի սկսվում ոչինչ: Ընտրություններն արձանագրում են փաստացի իրավիճակը: Խոհեմ մարդիկ մտորում են իրավիճակի ստեղծման պատճառների և այն փոխելու մասին, իսկ մյուսները պատրաստվում են հաջորդ ընտրություններին: 8 մայիսի, 2012թ.:

***
Ազգին պարսավելու փոխարեն ավելի օգտակար առաջարկ ունեմ՝ հաշիվ պահանջել այն ընդդիմադիր առաջնորդներից, ովքեր մարդկանց տարան այս խաղին:

***
,, Իմ սիրտն այլևս չի ցավելու արժնապատվությունը կորցրած այն անձանց համար, ովքեր ծախեցին իրենց ձայնը,, ,- հայտարարել էր ընտրությունների արդյունքներից խիստ դժգոհ ընդդիմադիր մի գործիչ:

Մինչդեռ իրական ազգային գործչի սիրտը պիտի ցավա հե՛նց այդ շերտի համար և իր քաղաքական քայլերով պիտի այնպես անի, որ այդ շերտի մոտ վերականգնվի արժանապատվությունը:

***
Քանի օր է մեզանում տրտմություն է, անհուսություն, հիասթափություն ժողովրդից: Այդ առումով հետևյալն է հարկավոր կարևորել: Մեր ամենամեծ կորուստը հայրենիքի տարածքների մի մասի կորուստը չէ. այդ տարածքները հնարավոր է վերադարձնել, եթե չի խաթարվել ազգային արժանապատվությունը: Մեր ամենամեծ կորուստը ազգային արժանապատվության խաթարումն է: Այն վերականգնելը բավականին բարդ գործ է: Այն չի վերակագնվում ընտրություններով: Ավելին, ընտրությունները նման իրավիճակներում նպաստում են ազգային արժանապատվության հետագա նսեմացմանը: Այնպես որ քաղաքական այն ուժերը ու գործիչները, ովքեր նման հանրությանը հրահրում են ընտրական-քաղաքական գործընթացների և պատճառ դառնում հանրության բարոյազրկման և հուսալքման, կամա թե ակամա ազգային վնասարարությամբ են զբաղված:

Իսկ թե ինչ է հարկավոր անել նման վիճակում, ասվել է իննսուն տարի առաջ:

***
Վհատվելու կարիք չկա. ո՛չ թե երկիրն է մեռնում, կամ ժողովուրդը, ա՛յլ ընդամենը քաղաքական պայքարի մեթոդիկան: Երրորդ հանրապետության քսան տարիներին կիրառված եվրոպական պայքար-պայքարի քաղաքականությունը սպառել է իրեն՝ իր կործանարար ազդեցությունից հետո: Նոր մեթոդիկա է հարկավոր կիրառել, և այն կա: Իսկ ընդդիմության հին առաջնորդները պիտի հեռանան: Դա իմ ցանկությունը չէ, այլ ժամանակի հրամայականը:

Վերլուծաբան Արծրուն Պեպանյան
http://www.ejournal.am/news/internal-affairs/2012-05-21/758/

Այս խորագրի վերջին նյութերը