Կարծիք

17.05.2012 17:22


Իշխանության հետընտրական մտահոգու– թյունները

Իշխանության հետընտրական մտահոգու– թյունները

Իսկ ինչու ՀՀԿ ղեկավարները չեն հայտարարում, թե իրենք կոալիցիայի մասին չեն էլ մտածում, քանի որ ստացել են ժողովրդի վստահության քվեն եւ խորհրդարանի տեղերի կեսից ավելին, եւ որ միայնակ կարող են կառավարություն ձեւավորել: Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն նման հայտարարություն չեն անում, այլ ամեն կերպ, ամեն հնարավոր եւ անհնար մեթոդներով փորձում են կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Այս ամենը մի շատ պարզ բացատրություն ունի. ով-ով, բայց ՀՀԿ ղեկավարությունը բոլորից լավ գիտի, թե իրականում որքան ձայն է ստացել, եւ թե ինչպես է ծնվել 600 հազարից ավելի քվեները:

Բոլորից լավ ՀՀԿ առաջնորդները գիտեն, որ իրականությունն այն է, որ ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել գործող իշխանություններին: ՀՀԿ շտաբի անդամները դեռ չեն մտածել, թե մայիսի 6-ին ինչ աշխատանք են իրականացրել պյուռոսյան հաղթանակն ապահովելու համար: Առջեւում նախագահական ընտրություններն են եւ դժվար չէ հասկանալ, որ ՀՀԿ առաջնորդների աչքը այն ձայների վրա են, որոնք ստացել են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ նույնիսկ «Ժառանգությունը», որը հնազանդորեն կատարեց ՀՀԿ–ի բոլոր հանձնարարականները:

Բնականաբար, ամեն ինչ արվելու է, որ նախագահական ընտրություններից առաջ նոր ընտրակեղծիքների համար պարարտ հող ստեղծվի: Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը իրականացնելու է նույն ծրագիրը եւ հենվելու է շրջիկ խմբերի վրա, բայց այս անգամ ՀՀԿ առաջնորդներն արդեն մտածում են նաեւ հետընտրական զարգացումների մասին, քանի որ քաջ գիտակցում են, որ շատերը նախագահական ընտրության գնալու են երգելով՝ «սա է մեր վերջին կռիվը»:

Իսկ հետընտրական զարգացումները, ըստ իշխանությունների, հնարավոր է կանխել, եթե ահռելի քանակությամբ իրական ձայներ ստացած կուսակցությունները մինչեւ նախագահի ընտրություն հեղինակազրկվեն: Պարզ է, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ապա այս կուսակցության հեղինակությունը, մեղմ ասած, անկում կապրի, ինչ բացատրություն էլ որ այդ որոշմանը տրվի:

Իշխանությունների հաշվարկներով, ՀԱԿ-ի վարկանիշի անկմանը կնպաստի Արամ Սարգսյանի կոնգրեսից դուրս գալը եւ ՀԱԿ-ի կողմից 5-6 մանդատներից չհրաժարվելը։ Նրանք այդ ուղղությամ օր ու գիշեր աշխատում և աշխատացնում են Վազգեն Սարգսյանի եղբայրներին ու ենթակա լրատվամիջոցներին:

ՀՀԿ ղեկավարները եւ նրանց առաջնորդները սակայն մի պարզ ճշմարտության հետ համառորեն հաշվի չեն նստում: Իրականությունն այն է, որ ով էլ ժողովրդին կոչ անի քվեարկել  ՀՀԿ առաջադրած թեկնածուի օգտին, կհայտնվի բավական անհարմար վիճակում, քանի որ նույնիսկ մայիսի 6-ի ընտրությունները ապացուցեցին, որ ՀՀ ընտրողների ճնշող մեծամասնությունը ՈՉ է ասում գործող իշխանություններին, որքան էլ որ ցինիկ ստատուսներ գրի նախարար Արմեն Աշոտյանը:

Մայիսի 6-ի ընտրությունները խորացրին պայթունավտանգ իրավիճակը: Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ-ն վարժ հնարքների արդյունքում կարողացավ անաղմուկ տիրել իշխանությանը, բայց իրականում երկիրը հայտվեց ահասարսուռ վիճակում: Նայեք փողոցով քայլող մարդկանց դեմքերին, խոսեք նրանց հետ, անկեղծորեն խոսեք եւ կհասկանաք, թե ինչ է մտածում հայ ժողովուրդը ներկա իրավիճակի մասին: Անկախ նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում հերթական կամ արտահերթ նախագահական ընտրություններից առաջ, վստահ եղեք, որ քվեարկողների, իրական քվեարկողների ճնշող մեծամասնությունը դեմ է քվեարկելու իշխանության թեկնածուին կամ թեկնածուներին: Եւ այստեղ վարչախմբին օգնության ձեռք չի կարող մեկնել նաեւ «Հանրապետության» Արամ Սարգսյանը:

Հիմա Արմեն Աշոտյանը եւ նրա ընկերները կմտածեն եւ ծիծաղելով կասեն, թե դեմ են քվեարկում, թող քվեարկեն, միեւնույնն է մեր շրջիկ խմբերն իրենց գործը կանեն: Դե, եթե այս իշխանությունների նպատակը Հայաստանը ցնցումների ենթարկելն է, ծաղրանքի առարկա դարձնելը կամ հայաթափելը, ապա կարող են շարունակել նույն ոգով եւ շնչով:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը