Կարծիք

17.01.2011 19:13


Անբարոյական պարտություն ԼՂ ճակատում

Անբարոյական պարտություն ԼՂ ճակատում

Հայաստանի՝ թմբլիկ թշիկներով հայտնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարավամերիկյան անհասկանալի շրջայցից հետո հայաստանյան արտաքին քաղաքականությունը ևս մեկ ծանր հարված ստացավ: Բանն այն է, որ ամերիկյան «Freedom House» ոչ կառավարական հեղինակավոր կազմակերպությունն ազատության մասին իր հերթական տարեկան զեկույցում Լեռնային Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքը: Իսկ «Freedom House»-ը սովորական կազմակերպություն չէ: Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա այն, ինչ չի ասում ԱՄՆ պետքարտուղարությունը, ասում է այս կազմակերպությունը: Մինչ այժմ մենք հպարտանում էինք նրանով, որ «Freedom House»-ը Լեռնային Ղարաբաղն ավելի ժողովրդավարական է համարում, քան Ադրբեջանը։ Հիմա Հայաստանի նախաձեռնողական անհասկանալի քաղաքականությունը հասցրեց նրան, որ մենք կորցրինք նաև այս կարևոր առավելությունը: Հիմա արդեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես և Ադրբեջանը, համարվում են ոչ ազատ երկրներ: Անցած տարի, ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկիր էր:

Ամենահետաքրքիրն այն է, որ հիմա Հայաստանը համարվում է մասամբ ազատ, իսկ Լեռնային Ղարաբաղը' ոչ ազատ: Մենք կարող ենք այս փոփոխությունից որոշ եզրահանգումներ անել: Մասնավորապես կարող ենք կռահել, որ Միացյալ նահանգները ցանկանում է որոշ ճնշում գործադրել հայաստանյան իշխանությունների վրա կամ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ իր վերաբերմունքը փոխել է: Այս փոփոխությունը կարող է և այլ պատճառներ ունենալ, բայց ամենակարևորն այն է, որ միայն մենք ենք մեղավոր, որ ԼՂՀ-ին տված գնահատականը նվազել է: Բնականաբար, եթե Լեռնային Ղարաբաղում իրապես ժողովրդավարական փոփոխություններ տեղի ունենային, ընտրություններն էլ իրապես ազատ, արդար և թափանցիկ լինեին, ապա որևէ կազմակերպություն չէր համարձակվի, վնասելով իր իսկ հեղինակությունը, սխալ գնահատական տալ: Ընդ որում, մենք այս հարցում պետք է մեղադրենք ոչ թե ԼՂ, այլ բացառապես ՀՀ իշխանություններին, որոնցից և օրինակ են վերցնում Արցախի իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին քաջածանոթները վստահեցնում են, որ ժողովրդավարության առումով Արցախը Հայաստանի մարզերից ոչնչով չի տարբերվում: Իսկ եթե տարբերվում էլ է, ապա միայն բացասական առումով: Ղարաբաղցիները տեղեկատվական շրջափակման մեջ են: Ղարաբաղցիներին որոշ վերապահումներով կարելի է համեմատել հյուսիսկորեացիների հետ, որոնք աշխարհին նայում են միայն կոմունիստական վարչախմբի բացած փոքրիկ պատուհանով:

Ղարաբաղում իշխում է նաև վախի մթնոլորտը: Շատերը սարսափում են բարձրաձայն հայտնել իրենց դժգոհությունը: Մեր բախտն այնտեղ է բերել, որ Ադրբեջանում այս առումով նույն իրավիճակն է: Բայց մի՞թե մեր արտաքին քաղաքականությունը միշտ պետք է հույսը դնի ադրբեջանցիների տկարամտության վրա: Նորմալ իշխանություններն այսպես չեն վարվում, այլ օգտվելով հակառակ կողմի հիմարություններից՝ հաջողություններ են արձանագրում: Մեր երկրում, ցավոք, բոլորովին այլ պատկեր է: Մենք այդպես էլ չկարողացանք դառնալ ժողովրդավարական պետություն, չկարողացանք Լեռնային Ղարաբաղը դարձնել ժողովրդավարական երկիր' դրանից բխող հետևանքներով: Ոմանք կասեն, թե քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, հիմարություն է խոսել ժողովրդավարության մասին, բայց այս տեսակետն արտահայտողները կա՛մ վարչախմբի սպասարկուներն են, կա՛մ ազգի դավաճաններ, կա՛մ պարզապես հեռու են քաղաքականությունից: Եթե առաջ շարժվենք այս տրամաբանությամբ, ապա Հարավային Կորեա՛ն էլ պետք է հեռու մնար ժողովրդավարությունից, Իսրայե՛լն էլ, Հնդկաստա՛նն էլ: Այս թվարկումը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք Ճապոնիայով, որը դեռ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել և «դե յուրե» պատերազմի մեջ է:

Ամենասարսափելին այն է, որ ԼՂ ժողովրդավարացման գործին չի նպաստում նաև ընդդիմությունը: Ընդդիմության մի զգալի հատվածի տեսակետները ԼՂ խնդրում չեն տարբերվում գործող վարչախմբի մոտեցումներից: Մինչ օրս որևէ ընդդիմադիր ուժ չի անդրադարձել (կամ լրջորեն չի անդրադարձել) Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, մարդու իրավունքների խնդիրներին: Ավելին, ընդդիմության, իսկ ավելի որոշակի՝ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ գիշերը չեն քնում, ցերեկը հաց չեն ուտում և սպասում են, թե Ղարաբաղը երբ է հանձնվելու Ադրբեջանին, որ գան իշխանության: Ոմանք նույնիսկ Ղարաբաղն օգտագործում են շանտաժի համար՝ ասելով, թե եթե Հայաստանում արտահերթ ընտրություններ չլինեն, պատերազմ կսկսվի: Եվ նման տափակ մտքերի հեղինակներն իրենց լուրջ գործիչներ են համարում ու չեն պատասխանում այն հարցին, թե եթե Ադրբեջանը մտադիր լինի պատերազմ սկսել, ապա Հայաստանում նշանակված արտահերթ ընտրություններն ի՞նչը պետք է փոխեն:

Ղարաբաղը որպես շանտաժի գործիք են օգտագործում նաև վարչախմբի ներկայացուցիչները, որոնք ժողովրդին պարբերաբար վախեցնում են հնարավոր պատերազմով' նպաստելով արտագաղթի թափի ուժգնացմանը: Շանտաժն օգտագործվում է նաև ղարաբաղցիների նկատմամբ:

Գործը հասել է նրան, որ ղարաբաղցիներին համոզել են, թե եթե ԼՂՀ-ում այլակարծություն լինի, ապա դա կթուլացնի պաշտպանական բանակի դիրքերը: Մի խոսքով՝ այնպիսի իրավիճակ է, որը կարող է Հայաստանին նոր ծանր հարված հասցնել: Այս իրավիճակում հասունացել է պահանջն այն ուժի, որը կկարողանա քաղաքական դաշտ մտնելով՝ իրոք մտածել Ղարաբաղի հզորացման մասին, այլ ոչ թե այս կամ այն խնդիրը լուծելու համար փորձի շահարկել Ղարաբաղի հարցը, ինչպես այսօր վարվում են վարչախմբի և նրանց սպասարկող ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ:

Մեզ հարկավոր է մի ուժ, որը կկարողանա քաղաքական դաշտն այնքան առողջացնել, որ ԼՂ նախկին և ներկա պաշտոնյաներն իրենց գերդաստանների հետ չհայտնվեն երևաններում և մոսկվաներում: Մեզ պետք է մի այնպիսի ուժ, որը ոչ թե ԼՂ խնդիրը կշահարկի, այլ կնպաստի ԼՂ-ի հզորացմանն ու ժողովրդավարացմանը, իսկ դա կարող է լինել միայն Հայաստանի հզորացմամբ և ժողովրդավարացմամբ: Իսկ այսօր պատկերը հետևյալն է' ժողովրդավարության ոլորտում Հայաստանում և Ադրբեջանում գրեթե նույն վիճակն է, տնտեսական ազատության առումով՝ գրեթե նույն վիճակը, բայց Հայաստանի բյուջեն 2-3 մլրդ դոլար է, իսկ Ադրբեջանինը՝ մի քանի անգամ ավելի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը